Իրավիճակը շատ բարդ է. Ռուբեն Վարդանյանը հարցազրույցներ է տվել իսպանական և իտալական պարբերականներին
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույցներ է տվել իսպանական EL PAIS և իտալական La Nuova Bussola Quotidiana պարբերականներին՝ ներկայացնելով Արցախում և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը:
Երկու պարբերականներն էլ իրենց նախաբաններում հստակ գնահատական են տվել Արցախում ստեղծված իրավիճակին: «Գրեթե երկու ամիս է, ինչ Արցախը շրջափակված է Ադրբեջանի կողմից, սակայն ելքի ուղիներ դեռ չեն նշմարվում։ Հայ բնակչությունը շարունակում է ապավինել Կարմիր Խաչի և ռուս խաղապահների մարդասիրական օգնությանը։ Անկլավի իշխանությունները միջազգային հանրությանը խնդրել են օդային կամուրջ տրամադրել և պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ»,-գրում է EL PAIS-ը՝ մեջբերելով Ռուբեն Վարդանյանի այն խոսքերը, որ օդային հումանիտար միջանցքի հնարավորությունը թույլ կտա կանխել հումանիտար ճգնաժամը. «Դա այն իրական լուծումն է, որը նաև կիրառվել է Բեռլինի (1948-1949թթ.) և Սարաևոյի (1992-1996թթ.) պաշարումների ժամանակ»:
«Իրավիճակը շատ բարդ է։ Սննդամթերքի և էլեկտրաէներգիայի սահմանափակ մատակարարումը և տնտեսական ճգնաժամը բացասաբար են ազդում ժողովրդի կենսակերպի վրա, սակայն դրան զուգահեռ, մարդիկ հասկանում են, որ սա մեր անկախության պայքարի մի մասն է: Ադրբեջանի նպատակն է շրջափակման միջոցով հարկադրել մարդկանց, որ իրենց վերահսկողության տակ անցնեն, ինչը նշանակում է բռնի արտաքսումներ և էթնիկ զտում։ Եվրոպական հանրությունը պետք է ստիպի իր իշխանություններին պատժամիջոցներ սահմանել Բաքվի նկատմամբ»,- EL PAIS-ին ասել է Ռուբեն Վարդանյանը:
Պարբերականը գրում է, որ Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղն այլևս Բաքվի «ներքին խնդիրն է» և որ տեղի հայ բնակիչներն Ադրբեջանի քաղաքացիներ են, ովքեր, ցանկության դեպքում կարող են լքել երկիրը: Ըստ պարբերականի՝ Վարդանյանը հավաստիացնում է, որ պատրաստ է երկու կողմերին ընդունելի երկխոսության գնալ շեշտելով, սակայն, որ Արցախի հայերը երբեք չեն ընդունի Բաքվի իշխանությունը. «Մենք չենք ուզում ենթարկվել էթնիկական զտումների, որոնց զոհը դարձան Ադրբեջանում ապրող հայկական համայնքների բնակիչները խորհրդային շրջանում։ Մենք ժողովրդավարական հանրապետություն ենք և չենք կարող մի բռնապետության մասը կազմել, որը չի հարգում անգամ սեփական ժողովրդին»։
Իտալական La Nuova Bussola Quotidiana պարբերականը, որը Ռուբեն Վարդանյանի հետ հարցազրույցը հրապարակել է «Չեք կարող մեզ անտեսել: Խոսում է պաշարված Արցախի պետախարարը» խորագրով, նախաբանում գրում է. «Լեռնային Ղարաբաղում (Արցախում), որը պայքարում է իր անկախության համար, արդեն երկու ամիս է՝ ձգվում է նոր ճգնաժամը։ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը։ 2020թ-ի պատերազմից հետո այն հանդիսանում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը, որից կախված է առաջին անհրաժեշտության բոլոր միջոցներով։ Ճգնաժամը մարդասիրական բնույթի է։ Քաղաքական տեսանկյունից Ադրբեջանի դրդապատճառները դեռևս բացատրություն չունեն, բացառությամբ՝ տեղի անկախատենչ հայ բնակչությանը ծնկի բերելու միտումից»։
Պատասխանելով ԵՄ գործողությունների և Եվրախորհրդարանի՝ շրջափակումը դատապարտող բանաձևի մասին հարցին ՝ Ռուբեն Վարդանյանը նշել է. «Եվրամիության հետ կապված խնդիրն այն է, որ խոսքերին չեն հետևում գործողություններ, հավանաբար այն պատճառով, որ Ադրբեջանն այդ ուղղությամբ շատ շահավետ պայմաններով նավթ և գազ է մատակարարում»։
Հարցին, թե արդյոք Արցախում իրավիճակի վերաբերյալ եվրոպական
լրատվամիջոցների հարաբերական լռությանը պայմանավորված չէ Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքով, Ռուբեն Վարդանյանը պատասխանել է, որ հիմա ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, երբ միաժամանակ առկա են բազմաթիվ ճգնաժամեր, պատերազմներ, տնտեսական ցնցումներ... « Եվրոպան միշտ հարգանք է տածել ժողովրդավարությունների հանդեպ, իսկ Արցախը ժողովրդավարական պետություն է։ Պետության չորս ղեկավար ենք ունեցել, անցկացրել ընտրություններ, ունենք իրական ընդդիմություն և բաց հասարակություն ի տարբերություն Ադրբեջանի, որը տիպիկ ավտորիտար պետություն է, որտեղ իշխում է մեկ ընտանիք և գոյություն չունի ոչ մի տեսակ ազատություն, ոչ մի ժողովրդավարություն, հարգանք մարդու իրավունքների հանդեպ»։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ