ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նոր մարտահրավերներ ու ռիսկեր. ի՞նչ է տեղի ունենում Արցախում ու Արցախի շուրջ

Արցախում և Արցախի շուրջ զարգացումներն ակտիվանում են: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով պաշտոնից ազատվեց պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Պետնախարարի պաշտոնը լքելու մասին լուրերը տևական ժամանակ է շրջանառվում էին և շրջանառվում էին առավելապես Բաքվի պահանջները բավարարելու տրամաբանության ներքո: Այս ամենի ֆոնին խիստ մտահոգիչ էր, որ հրամանագիրը ստորագրվեց Մյունխենում Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունից հետո, թե իրենք պատրաստ են Ստեփանակերտի հետ երկխոսության, բայց Ռուբեն Վարդանյանը պետք է հեռանա: Մի կողմ դնելով Արայիկ Հարությունյանի որոշման իրական պատճառները՝ միայն ժամանակագրական առումով այս համընկնումն արդեն խնդրահարույց ու մտահոգիչ է:

Այն, թե ինչպես կանդրադառնա պետնախարարի փոփոխությունն Արցախի ներքաղաքական կյանքի և Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումների վրա, ցույց կտա ժամանակը: Այսօր շատ վաղ է այս ուղղությամբ դատողություններ անել: Բայց միաժամանակ ստիպված ենք ընդունել, որ Ռուբեն Վարդանյանի պաշտոնավարման ընթացքում որոշ ուղղություններով բավական դրական դինամիկա կար, որի շարունակականությունն այսօր էապես վտանգված է: Խոսքն այս դեպքում թե՛ Արցախի ներսում որոշակի կոնսոլիդացիա ապահովելու, թե՛ միջազգային հանրությանը Արցախի խնդիրը, շրջափակման խնդիրը ներկայացնելու մասին է: Հատկապես վերջինիս հետ կապված զգալի աշխատանք է իրականացվել անձամբ Ռուբեն Վարդանյանի կողմից՝ բազմաթիվ հարցազրույցներ, հոդվածներ, հեռուստահաղորդումներ և այլն: Անշուշտ, սա հնարավոր անելիքների ամբողջ ծավալը չէր, բայց էական ու զգալի աշխատանք էր:

Ինչ վերաբերում է Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, ապա այստեղ ուշագրավ են Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսության ձևավորմանն ուղղված ջանքերը: Այս մասին տևական ժամանակ է խոսում են Հայաստանի իշխանությունները, ընդ որում՝ պնդում են, որ իրենց դիտարկմամբ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային ձևաչափ պիտի լինի, երաշխավորներ պիտի լինեն: Ադրբեջանի մոտեցումն էապես տարբերվում է. Բաքվից հայտարարում են, որ դեմ չեն երկխոսությանը, բայց որևէ միջազգային ձևաչափի մասին խոսք լինել չի կարող: Նրանց ընկալմամբ դա պիտի լինի երկխոսություն իրենց երկրի ներսում: Արցախի նախագահը ևս խոսեց Ադրբեջանի հետ բանակցելու, երկխոսելու մասին՝ իր ուղերձով նշելով Ստեփանակերտի կարմիր գծերը, որոնցում կարևոր էին ինքնորոշման իրավունքի, ստատուս քվոյի պահպանման հարցերը:

Առաջին հայացքից  կողմերի մոտեցումներն էապես տարբերվում են, բայց կա մի շատ կարևոր ընդհանրություն՝ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության փաստի, դրա անհրաժեշտության ընկալումը: Հետևաբար, հայկական կողմերի համար այսօր առաջնային խնդիրը այդ երկխոսությանը իրապես պատրաստ լինելն է, սեփական շահերի առաջմղումն է, սպասվող գործընթացների ներքո Արցախի սուբյեկտայնության պահպանումն է: Շատ կարևոր է հասկանալ ու ամրագրել, թե ինչ կարգավիճակով է լինելու այդ երկխոսությունը, ինչ օրակարգ է դրվելու սեղանին, ով կամ ովքեր են լինելու միջնորդները: Առանց այս հարցերի շուրջ վերջնական պայմանավորվածության առկայության Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունն ընդունելը կարող է վերածվել արկածախնդրության և Արցախի սուբյեկտայնությունը կորցնելու վերջին քայլի:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2024
       
    27.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: