ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Խաղաղության պայմանագրով պետք է ապահովվի ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը և անվտանգությունը. ՔՊ խմբակցության քարտուղար

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը և խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը մարտի 23-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ի պատասխան լրագրողների հարցերին՝ անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի գործընթացին, այս հարցում միջազգային գործընկերների հետ փոխգործակցությանը, ՀԱՊԿ-ի հետ հետագա համագործակցության հեռանկարներին: Այս մասին փոխանցում են ՀՀ ԱԺ լրատավական բաժնից:

Թե ինչու ընդդիմությունը ծանոթ չէ խաղաղության փաստաթղթի տարբերակներին և ընթացող գործընթացներին հարցին ի պատասխան՝ Արթուր Հովհաննիսյանը կարծիք է հայտնել, որ ընդդիմությունն ունի այդ հարցերին տեղեկանալու բոլոր հնարավոր գործիքները: Նրա խոսքով թե՛ ՀՀ վարչապետը, թե՛ պաշտոնատար այլ անձինք առաջարկել են, որ ընդդիմությունը ծանոթանա բանակցային գործընթացի նրբություններին, սակայն որևէ պատասխան դեռևս չի արձանագրվել, ընդդիմությունը հրաժարվել է տեղեկացված լինել բանակցային գործընթացից: «Մի դիտարկում ունեմ. տեղեկատվություն կրելը նաև պատասխանատվություն է ենթադրում: Սա գնահատում եմ ընդդիմության կողմից պատասխանատվությունից խուսափում»,- ընդգծել է խմբակցության քարտուղարը: Արուսյակ Ջուլհակյանը հիշեցրել է այս հարցում նաև ՀՀ վարչապետի պատրաստակամության մասին:

Խաղաղության պայմանագրի առկայության պայմաններում անգամ հնարավոր նոր էսկալացիայի մասին լրագրողի հարցի վերաբերյալ Արթուր Հովհաննիսյանն ընդգծել է, որ այս պահին ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է ագրեսիվ, ապակառուցողական հռետորաբանությունը, շարունակում է ճնշում գործադրել ԼՂ բնակչության վրա, ապօրինաբար փակ պահել Լաչինի միջանցքը, իսկ  փաստաթղթերում դեռևս տեղ են գտնում ՀՀ-ի համար անընդունելի կետեր: «Մենք միջազգային բոլոր գործընկերների հետ արդյունավետ և ինտենսիվ աշխատում ենք: Շնորհակալ ենք այն գործընկերներին, որոնք փորձում են միջնորդել, որ ստորագրվի խաղաղության պայմանագիրը: Մենք այս ճանապարհով շարժվելու ենք առաջ՝ ելնելով ՀՀ պետական շահերից»,- նշել է պատգամավորը:  Նա փաստել է, որ Հայաստանի համար ևս կարևոր է խաղաղության պայմանագրի ստորագրումը, բայց ստորագրվի այնպիսի փաստաթուղթ, որը կապահովի ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը և անվտանգությունը:

Արդյո՞ք խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում փակուղային իրավիճակ է հարցին ի պատասխան՝ Արթուր Հովհաննիսյանը չի ժխտել, որ տարածաշրջանը բարդ իրավիճակում է: «Կան դժվարություններ, բայց կշարժվենք առաջ՝ փորձելով մոտարկել մոտեցումները՝ նաև ստանալով մեր միջազգային գործընկերների աջակցությունը: Բարդ ճանապարհով ենք գնում, բայց չեմ ուզում որակել, որ հիմա փակուղային իրավիճակում ենք: Ունենք իրավիճակ, որ Ադրբեջանը շարունակում է ապակառուցողական քաղաքականությունը, բայց մենք, մեծացնելով միջազգային ճնշումն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա, պետք է դիվանագիտական խողովակների միջոցով փորձենք առաջ շարժվել»,- արձանագրել է խմբակցության քարտուղարը:

Արուսյակ Ջուլհակյանն ընդգծել է, որ երկկողմ գործընթաց է ընթանում, Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացնում են իրենց առաջարկները: Նրա խոսքով բանակցությունների ամբողջ գործընթացը միտված է մոտեցումների մոտարկմանը: Պատգամավորը հավելել է, որ Հայաստանը միջազգային գործընկերների հետ կոմունիկացնում է իր առաջարկները: «Մեր ակնկալիքն է միջազգային գործընկերներից, որ փորձեն որոշակի քաղաքական ճնշումների միջոցով կառուցողական հուն բերել մեր ապակառուցողական հարևանին»,- փաստել է նա:

ՀԱՊԿ-ի հետ համագործակցության մասով էլ Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ ՀԱՊԿ անվտանգային կառույցի կողմից չկա հստակ քաղաքական գնահատական Ադրբեջանի կողմից ՀԱՊԿ անդամ պետություն Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի վերաբերյալ: Նրա գնահատմամբ մինչև քաղաքական գնահատական չհնչի, չի կարող լինել դրան համարժեք գործողություն: «Դրա համար էլ ԱԳ նախարարությունը և այլ գերատեսչություններ շարունակում են աշխատել ՀԱՊԿ-ի հետ, որ այդ քաղաքական գնահատականը հնչի»,- եզրափակել է խմբակցության քարտուղարը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: