ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի աղետի գոտում իրավիճակը բավականին ծանր է. հարցազրույց Բագրատ Էստուկյանի հետ (բացառիկ)

Երկրաշարժերից հետո Թուրքիայում տիրող իրավիճակի, Թուրքիայում սպասվող նախագահական ընտրությունների շուրջ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ:

Հարցազրույցը իրականացվել է արևմտահայերենով: Սղագրված տարբերակը ներկայացված է արևելահայերենով:

 

-Պարո՛ն Էստուկյան, ավերիչ երկրաշարժերից այսքան օր անց ինչպիսի՞ն է իրավիճակը Թուրքիայում: Ի՞նչ տրամադրություններ են տիրում հասարակության շրջանում: 

-Նախ նշեմ, որ աղետի գոտում իրավիճակը բավականին ծանր է: Այդ շրջանների բնակիչները ներկայումս ծանր կացության մեջ են հայտնվել՝ նրանք մինչ այսօր բնակարաններով ապահովված չեն: Շատ տեղերում էլ վրանների, ինչպես նաև կոնտեյներային տնակների կարիք կա: Բացի երկրաշարժից այդ նույն վայրերում մեկ այլ աղետ էլ պատահեց: Մեկ շաբաթ առաջ ջրհեղեղ տեղի ունեցավ Շանլըուրֆա և Ադըյաման նահանգներոմ, ինչի հետևանքով ևս 20 քաղաքացի մահացավ: Սակայն բացի զոհերից, բավականին մեծ թվով վրաններ անգործածելի դարձան: Ավելին՝ միլիոնավոր մարդիկ գաղթեցին այդ տարածքներից դեպի այլ քաղաքներ:

Ինչ վերաբերվում է նրան, թե ինչ տրամադրություններ են հասարակության շրջանում տիրում, ապա օրակարգի առաջնահերթությունը ներկայումս ընտրություններն են դարձել: Այսինքն՝ ժողովրդի ուշադրությունը երկրաշարժի թողած հետևանքներից հետզհետե շեղեցին դեպի ընտրություններ և հասարակությունն ավելի շատ սկսել է ընտրություններից խոսել: Թեկնածուներ են հայտնվում: Այս պահին նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 թեկնածու, ինչն էլ տարակարծությունների պատճառ է դարձել: Հայտնի է,  որ այդ 11 թեկնածուից հիմնական մրցակիցները երկուսն են լինելու՝ ընդդիմադիրների թեկնածուն և իշխանության թեկնածուն: Իշխանության թեկնածուն ներկայիս գործող նախագահն է, իսկ ընդդիմադիրներն էլ համաձայնության են եկել մեկ միասնական թեկնածուի շուրջ՝ ի դեմս Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդի: Իսկ մնացած թեկնածուների մասնակցությունը քվեները նվազեցնելու նպատակ է հետապնդում: Սա է դարձել գլխավոր օրակարգը:

-Կա՞ հստակ տեղեկատվություն, թե  քանի՞ զոհ կա հայերի շրջանում: Ի՞նչ տեղեկություններ կան վիրավորների մասին և ընդհանուր առմամբ ի՞նչ իրավիճակում են գտնվում երկրաշարժից տուժած հայերը:

-Թուրքիայի հայ համայնքը երկրաշարժի հետևանքով ունեցել է 13 զոհ: Վիրավորվածների թիվը բավական քիչ էր, և ներկայումս նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ընդհակառակը ապաքինման փուլում են:

Հայ համայնքի հետ կապված այլ մտահոգիչ երևույթներ տեղի ունեցան: Հատկապես դպրոցական տարիքի երեխա ունեցող ընտանիքներ տեղափոխվեցին Ստամբուլ, որպեսզի իրենց զավակները հայկական վարժարաններ հաճախեն:

Երկրորդ՝ միակ հայկական Վագըֆ գյուղը (Մուսա լեռան լանջին է գտնվում)  երկրորդ երկրաշարժի հետևանքով ծանր վնասներ կրեց՝ 20-ից ավելի տներ փլուզվեցին կամ էապես վնասվեցին: Դրանք անգամ նորոգման ենթակա չեն, պետք է նորովի վերակառուցվեն: Մեծապես տուժել է նաև գյուղի եկեղեցին: Այդ բոլորը վերականգնելու աշխատանքներ ծրագրվում են այս պահին: Ինչ վերաբերվում է զոհերին, ապա, բարեբախտաբար, երկու երկրաշարժերի հետևանքով գյուղում մարդկային կորուստներ չենք ունեցել:

 

-Նշեցիք, որ այդ բոլորը վերականգնելու աշխատանքներ են ծրագրվում, իսկ հստակ գործողություններ դեռ չեն իրականցվո՞ւմ այդ ուղղությամբ:

-Ոչ, այս պահին չեն իրականացվում, սակայն առնվազն կարող եմ ասել, որ գյուղի համար բնակարանի խնդիր չկա: Գյուղն արդեն ապահովված է 20 տնակներով, ինչը բավականաչափ է տեղի բնակիչների կարիքները հոգալու համար: Եթե հաշվի ենք առնում այն, թե քանի ընտանիք է տեղափոխվել Ստամբուլ, ապա մնացածների համար այդ քսան տնակները բավարար պետք է լինեն: Սակայն մյուս կողմից էլ, ինչպես արդեն նշեցի, պետք է վերաշինության արշավ սկսվի:

 

-Երկրաշարժի արդյունքում կլինե՞ն արդյոք փոփոխություններ Թուրքիայի իշխանությունների արտաքին քաղաքական օրակարգում:

-Չեմ կարծում: Թուրքիայի արտաքին քաղաքականությունն արդեն իսկ ձևավորված է: Հնարավոր փոփոխություններ կարող են տեղի ունենալ ընտրությունների շրջանում: Այսինքն՝ ընտրությունների արդյունքով եթե ենթադրենք իշխանափոխություն տեղի ունենա, ապա այդ ժամանակ միայն կարող ենք միջազգային հարաբերություններում փոփոխություններ ակնկալել: Իսկ եթե իշխանափոխություն տեղի չունենա, ապա նախագահ Էրդողանը լարախաղացի նման դիրքորոշում պետք է պահի՝ հակասությունների պետք է մատնվի: Վերջին շրջանում հենց այդպիսին է նրա ռազմավարությունը արտաքին քաղաքական հարաբերություններում: Ստիպված եղավ երկխոսել, սակայն այս անգամ զրուցակիցներն են մերժում: Այդպիսի օրինակ է Սիրիայի նախագահ Ասադի պատասխանը: Երբ Պուտինի միջնորդությամբ փորձ արվեց Ասադ-Էրդողան հանդիպում կազմակերպել, Ասադը նախապայման առաջ քաշեց առ այն, որ Թուրքիան իր զորքերը հետ քաշի Սիրիայի տարածքից և հրաժարվի ահաբեկիչներին աջակցելուց: Թուրքիան այդ պայմանը անպատասխան թողեց և այդ երկխոսությունը տեղի չունեցավ Ասադի մերժման պատճառով: Իմ կարծիքով, Սիրիայի նախագահի նման վարքագիծը տեղին էր:  

 

-Ընդամենը երկու ամսից Թուրքիայում նախատեսված են նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Ի՞նչ հնարավորություններ ունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ի՞նչ  քաղաքական հետևանքներ կարող են թողնել երկրաշարժի հետևանքով սրված սոցիալ-տնտեսական խնդիրները:

-Մինչև երկրաշարժն արդեն իսկ բավական ծանր տնտեսական վիճակ էր տիրում երկրի ներսում: Թուրքիայի ազգային արժույթը՝ լիրան սոսկալի արժեզրկում ապրեց վերջերս և այդ արժեզրկումն էլ անմիջապես իր դրսևորումն ունեցավ շուկայի գների վրա: Մարդկանց համար դժվար էր նույնիսկ առաջին անհրաժեշտության սննդամթերք ապահովել: Նվազագույն աշխատավարձով հնարավոր չէր նույնիսկ սովի սահմաններից դուրս գալ: Այդպիսի երևույթ արդեն կար տնտեսական առումով և երկրաշարժը նոր բեռ ավելացրեց դրա վրա: Սակայն մյուս կողմից ականատես ենք լինում Արևմուտքի աջակցությանը Թուրքիայի՝ մասնավորապես Էրդողանի հանդեպ: Վերջերս Եվրոպական Միությունը մեծ գումարներ է սկսել խոստանալ Թուրքիային երկրաշարժի աղետի պատճառած վնասները մասամբ վերացնելու համար: Թե դա որքանով օգուտ կտա, չեմ կարող ասել, սակայն գաղտնիք չէ, որ թե՛ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, թե՛ եվրոպական երկրների, թե՛  նույնիսկ Միացյալ Նահանգների համար Էրդողանը մշտապես նախընտրելի գործընկեր է:

Ինչ վերաբերվում է Էրդողանի հնարավորություններին, ապա վերջինիս ողջ քարոզչությունը հիմնված է հասարակության ամենանուրբ զգացմունքները շահագործելու վրա: Եվ հենց այդ ուղղություններով էլ շարունակելու է գործել: Նա իր բոլոր հակառակորդներին ներկայացնում է որպես ազգի դավաճան կամ ահաբեկիչ, կամ հավատքի թշնամի՝ անհավատներ: Իսկ այս առաջ քաշվող թեզերին հավատացող մարդիկ կան: Այսինքն՝ այս միջոցով է Էրդողանը ցանկանում նրանց աջակցությունը պահել: Սակայն թե որքանով կհաջողի, դեռ պարզ չէ, որովհետև մասնավորապես այս վերջին երկու տարվա ընթացքում  Էրդողանի վարկանիշը բավական ընկել է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.11.2024
       
    23.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: