ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հույս ունենք, որ առաջիկայում կոնկրետ տեղաշարժեր կլինեն ինչպես Ստեփանակերտ-Բաքու, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան բանակցային ձևաչափերում. Փաշինյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումներին, Ադրբեջանի կողմից շարունակվող սադրիչ գործելակերպին, տարածաշրջանում խաղաղության ապահովման ուղղությամբ միջազգային պատշաճ երաշխիքային մեխանիզմների գործարկման հարցին:

Իր ելույթում Հայաստանի վարչապետը, մասնավորապես, նշել է.

«Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,

Սիրելի ժողովուրդ,

Նախորդ շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի շուրջ զարգացումները հետևյալն են. Ադրբեջանը ոչ միայն շարունակել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, այլև հերթական ներխուժումն է իրականացրել Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի: Ներխուժման փաստն արձանագրել է նաև Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը՝ պաշտոնական հաղորդագրությամբ, որի մեջ, մասնավորապես, ասվում է. «2023 թվականի մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առաջին կետը, Շուշիի շրջանում հատել են շփման գիծը և զբաղեցրել 2054 բարձունքը և սկսել ինժեներական աշխատանքներ: Ադրբեջական կողմին է ներկայացվել եռակողմ հայտարարության դրույթների կատարման անհրաժեշտության, ինժեներական աշխատանքները դադարեցնելու և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների՝ նախնական դիրքեր վերադարձնելու մասին պահանջ», - ասվում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանը ոչ միայն չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի՝ սույն թվականի փետրվարի 22-ին կայացրած որոշումը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը վերացնելու մասին, այլև ավելի է սրում է իրավիճակը՝ Լեռնային Ղարաբաղի նաև ներքին տրանսպորտային հաղորդակցությունն արգելափակելուն ուղղված քայլեր ձեռնարկելով: 2054 բարձունքից ադրբեջանական կողմն ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը, Հին Շեն, Մեծ Շեն և մի քանի այլ գյուղերի հետ կապող գրունտային ճանապարհը: Ադրբեջանը սա բացատրում է իբր թե Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ռազմական բեռների և անձնակազմի տեղափոխումներով: Սա բացարձակապես իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է, բայց եթե միայն այսպես լիներ, գուցե խնդիրն արժանի չլիներ հատուկ ուշադրության:

Ռազմական փոխադրումների մասին տեղեկատվությունը պրոպագանդիստական սուտ է, որի նպատակը հնարավոր էսկալացիայի լեգիտիմություն ստեղծելն է: Հարկ եմ համարում նորից կրկնել, որ Հայաստանը դեպի Լեռնային Ղարաբաղ ռազմական փոխադրումներ չի իրականացնում, Հայաստանը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի: Այս փաստը ստուգելու համար, Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու առաջարկը, հիշեցնեմ, Ադրբեջանն ինքն է մերժել՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ: Բայց այդ առաջարկն ուժի մեջ է, և կարծում եմ՝ միջազգային մակարդակում այս հարցը վերջնականապես պարզաբանելու կարիք կա, և դրա միջոցը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ փաստահավաք խումբ գործուղելն է:

Իսկ որ Լեռնային Ղարաբաղում գործում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակ, հանրահայտ փաստ է: Այդ բանակի գոյությունն ու գործունեությունը պարզաբանվում է մի բանով՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկելու ակնհայտ նախապատրաստություններ է տեսնում: Լաչինի միջանցքը փակ է արդեն 100 օրից ավելի, Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումն ու էներգամատակարարումը դադարեցված են, Լեռնային Ղարաբաղում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիները և գյուղատնտեսական տեխնիկան պարբերաբար գնդակոծվում են ադրբեջանական զինուժի կողմից, Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը շարունակվում է: Եվ մենք պիտի հետևողականորեն շարունակենք միջազգային հանրությանն իրազեկել այս մասին և աշխատենք միջազգային համապատասխան մեխանիզմների գործարկման ուղղությամբ:

Հարգելի գործընկերներ,

Սիրելի ժողովուրդ,

Լաչինի միջանցքի հետ կապված հաջորդ զարգացումը կապված է երթուղու փոփոխության հետ: Ինչպես տեղյակ եք, 2022 թվականի օգոստոսին Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջև կայացած համաձայնության արդյունքում Լաչինի միջանցքի երթուղին փոխվեց նոր ճանապարհի գործարկմամբ: Բայց քանի որ Լաչինի միջանցքը Հայաստանի Հանրապետությանը կապող ճանապարհն ամբողջությամբ պատրաստ չէր, գործարկվեց ժամանակավոր երթուղի, որը մուտք էր գործում Հայաստանի Հանրապետության տարածք Կոռնիձորի կամրջով, ապա նորից Ադրբեջանի տարածք, ապա նորից Հայաստանի Հանրապետության տարածք: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այդ երթուղին պետք է գործեր մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը:

Նախօրեին մենք տեղեկացրել ենք ադրբեջանական կողմին, որ, համաձայն պայմանավորվածության, Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն Հայաստանի տարածքով, և որ Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերն ստանձնելու են այդ հատվածում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը: Ընդգծեմ, որ սահմանապահ զորքերը տեղակայվելու են Հայաստանի Հանրապետության պետական սահմանին՝ այն նույն դիրքերում, որտեղ մինչ օրս Պաշտպանության նախարարության ստորաբաժանումներն էին տեղակայված: Պիտի արձանագրեմ, որ քիչ առաջ ադրբեջանական լրահոսում հայտնվեցին տեղեկություններ, որոնք փորձ են անում տեղի ունեցածը ներկայացնել որպես մի հերթական բլոկբաստեր, կներեք այս բառի համար:

Այս մոտեցումն առնվազն կառուցողական չէ: Կրկնում եմ, որ հայկական դիրքերի որևէ փոփոխություն այս ամենի արդյունքում տեղի չի ունեցել՝ այն տարբերությամբ, որ մենք մտադիր ենք խնդրո առարկա հատվածի պահպանությունը, ի տարբերություն նախկինի, իրականացնել Սահմանապահ զորքերի միջոցով: Այսինքն՝ փոփոխությունը, որ տեղի է ունենում, հետևյալն է. նույն դիրքերից՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով Պաշտպանության նախարարության ստորաբաժանումները դուրս են գալու՝ ըստ պլանի, և նրանց փոխարեն տեղակայվելու են Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ: Մենք այդ նույն առաջարկով հանդես ենք եկել նաև Ադրբեջանին, որպեսզի նույնը տեղի ունենա Ադրբեջանի կողմից: Հույս ունեմ, որ այս գործընթացը տեղի կունենա առանց սադրանքների:

Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,

Սիրելի ժողովուրդ,

Ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն անհոգնել վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին: Մենք հույս ունենք, որ առաջիկայում կոնկրետ տեղաշարժեր կլինեն՝ ինչպես Ստեփանակերտ-Բաքու, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան բանակցային ձևաչափերում: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է նման աշխատանքի, և հույս ունենք, որ Ստեփանակերտ-Բաքու ձևաչափում նման տրամադրվածություն կլինի թե՛ Բաքվի, թե՛ Ստեփանակերտի կողմից: Հասկանալի է, իհարկե, որ այս համատեքստում միջազգային պատշաճ մեխանիզմների և երաշխիքների գործարկումը չափազանց կարևոր է:

Շնորհակալություն»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: