ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դուք չե՛ք երդվել պաշտպանել Նիկոլ Փաշինյանին, դուք երդվել եք պաշտպանել Հայրենիքը, պետությունը, Սահմանադրությունն ու պետական օրենքները. Վազգեն Մանուկյանն՝ ուժային կառույցներին

Հայաստանի նախկին վարչապետ  Վազգեն Մանուկյանը կոչ-հայտարարություն է տարածել, որում ասվում է. 

«Այն, ինչ այժմ կատարվում է մեզ հետ, խորը մշակված դավադրություն է՝ ուղղված մեր ժողովրդի դեմ։ Այդ դավադրությունը կազմակերպելիս օգտագործել են մեր ժողովրդի` արդար երկրում և խաղաղ պայմաններում ապրելու բնական ցանկությունը։

Իրականում «խաղաղության» այն պայմանագիրը, որի անհրաժեշտության մասին գոռգոռում են բազմաթիվ արտաքին ուժեր, ամենակործանարար հարվածն է լինելու մեր ժողովրդին։

Անկլավների մասին․ անկլավների գոյությունը Խորհրդային միության որևէ օրենքով ամրագրված չէր։ Դրանք ժամանակին տրվել են Ադրբեջանին տեղական իշխանությունների համաձայնությամբ, հետևաբար որևէ իրավական ուժ չունեն, այսինքն մեր տարածքներն են նաև դե յուրե։

Եթե անկլավները տրվեն Ադրբեջանին, դա նշանակում է հակառակորդին տալ լավագույն հնարավորությունները և ստեղծել գայթակղություն պատերազմը շարունակելու արդեն Հայաստանի տարածքի ներսից։ Այդ պայմանագիրը ոչ թե խաղաղության, այլ պատերազմի պայմանագիր է դառնալու։

Ինչ վերաբերում է Արցախին, ոչ միայն անհեթեթություն է այն միտքը, որ «Արցախից ազատվենք, խաղաղ կապրենք», այլ հարցն ունի նաև բարոյական կողմ․ համաշխարհային պատմության մեջ ցույց տվեք մի դեպք, երբ որևէ ժողովուրդ իր հարյուրհազարանոց մի հատվածին պատանդ է թողնում (իմանալով, որ նրանց կոտորելու են և տեղահանելու)՝ սին հույսեր ունենալով, որ ինքը լավ է ապրելու։ Մեր ժողովուրդը լավ չի՛ ապրելու, իսկ այդ խարանը հազարամյակներով մեր վրայից չի ջնջվելու։ Մենք ինքներս մեզ չենք հարգելու, հաջորդ սերունդները թքելու են մեր երեսին։ Մենք դժբախտացնում և նվաստացնում ենք մեզ և մեր սերունդներին՝ կատարելով անբարո քայլ և ազգային դավաճանություն՝ դրա դիմաց ստանալով պատերազմ և ոչ խաղաղություն։

Միայն այն, որ Հայաստանը, անկախ տարածքային ամբողջականությունից, չի հռչակում Արցախի ժողովրդի ինքնորոշման և անկախության  իրավունքի ընդունումը և քաղաքական բոլոր միջոցներով  այդ իրավունքի իրացմանը նպաստելը, արդեն իսկ մեզ ստորացնում է աշխարհի բազմաթիվ ժողովուրդների աչքի առաջ։ Ո՞նց կարելի է այսպես ապրել։

Փաստորեն ինչ-որ մեկը եկել ու ոչնչացնում է հազարամյակների մեր պատմությունը, ժողովրդի մի մասը դա չի հասկանում՝ հույս ունենալով, որ վերջում ամեն ինչ լավ է լինելու, ժողովրդի մի հատվածն էլ ճիգեր է  գործադրում փոխելու այս ամենը, բայց չի կարողանում։

Նման իրավիճակում շատ կարևոր դեր ունեն զինվորականությունը, ուժային կառույցները, որոնց գլխավոր նպատակն է պաշտպանել պետությունը։

Ես հատուկ դիմում եմ մեր ուժային կառույցներին՝ դուք չե՛ք երդվել պաշտպանել Նիկոլ Փաշինյանին, դուք երդվել եք պաշտպանել Հայրենիքը, պետությունը, Սահմանադրությունն ու պետական օրենքները։ Այն, ինչ անում է և ուզում է անել Նիկոլ Փաշինյանը, հակասում է նախևառաջ մեր Սահմանադրությանն ու օրենքներին, հետևաբար Նիկոլ Փաշինյանն այլևս լեգիտիմ չէ։ Իր հայտարարություններով, իր գործողություններով, իսկ հետագայում նաև իր ստորագրությամբ նա դառնում է պետական հանցագործ, իսկ պետական հանցագործին պաշտպանելով՝ դուք դրժում եք ձեր երդումը, ինչը նույնպես պետական հանցագործություն է։

Կոչ եմ անում  ուժային կառույցներին՝ ուշադիր հետևել, թե ինչ է կատարվում մեր երկրում և ժամանակին կանխել պետական հանցագործությունը՝ պատրաստ լինելով միանալ ժողովրդի այն մեծ հատվածին, որը դիմադրում է ազգային ու պետական հանցագործության իրագործմանը և փորձում է կանխել ազգային աղետն ու խայտառակությունը»։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: