ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախում չծնված երեխայի մահվան դեպք է գրանցվել՝ վառելիքի բացակայությամբ պայմանավորված շտապ օգնության անհասանելիության պատճառով

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի հիմնարար իրավունքների կոպիտ խախտումները։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Այսօր լրացել է 247-րդ օրն, ինչ ԼՂ բնակչությունը գտնվում է շրջափակման մեջ, և երկու ամիս է, ինչ վերջիններս զրկված են որևէ տեսակի հումանիտար օգնությունից, այդ թվում՝ բժշկական միջոցներից, առաջին անհրաժեշտության պարագաներից և սննդից։ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը հանգեցրել է ԼՂ բնակչության հիմնարար իրավունքների կոպիտ խախտումների, ներառյալ՝ կյանքի, արժանապատվության, ֆիզիկական և հոգեկան առողջության պահպանման, ազատ տեղաշարժի, անձնական և ընտանեկան կյանքի, բնակարանի, կրթության, սննդի, բավարար կենսամակարդակի, սոցիալտնտեսական և մշակութային իրավունքների։ Հումանիտար ճգնաժամը հատկապես անբարենպաստ ազդեցություն ունի խոցելի խմբերի ներկայացուցիչների իրավունքների վրա, ինչպիսիք են երեխաները, տարեցները, կանայք, հաշմանդամություն ունեցող անձինք և այլն։ Մասնավորապես, շրջափակման մեջ են գտնվում 30000 երեխա, 9000 հաշմանդամություն ունեցող անձ, 20000 տարեց և 60000 կին։

Շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետը դրսևորվում է բնակիչների բնականոն կյանքի բոլոր ոլորտներում, մասնավորապես՝

  • Բնակչության կենսամակարդակը խիստ վատթար վիճակում է։ Ս. թ. հունիսի 15- ից մարդասիրական օգնության մատակարարման ամբողջական խափանումը ճգնաժամային իրավիճակ է ստեղծել՝ այդ թվում առաջացնելով սովի և սովամահության վտանգ։ Հատկապես օրհասական իրավիճակում են գտնվում Լեռնային Ղարաբաղի Շուշի շրջանի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր համայնքների բնակիչները, քանի որ գտնվում են բացարձակ շրջափակման մեջ՝ ադրբեջանական անցակետի տեղադրման հետևանքով։ Տեղական արտադրության սեզոնային գյուղատնտեսական ապրանքներն Լեռնային Ղարաբաղի տարբեր շրջաններից և համայնքներից այլևս չեն առաքվում խիտ բնակեցված վայրեր՝ Ստեփանակերտ, Մարտունի և Մարտակերտ։ Բոլոր մթերային խանութներում արձանագրվել է սննդի, առաջին անհրաժեշտության ապրանքների և հիգիենայի պարագաների իսպառ բացակայություն կամ սուղ սակավություն, իսկ վերջիններիս ձեռքբերումը իրականացվում է հսկայական հերթերի միջոցով։
  • Այս համատեքստում անհրաժեշտ է նաև անդրադառնալ Հայաստանի Հանրապետությունից դեպի Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնության տրամադրման անհնարինությանը։ Դեռևս հունիսի 15-ից ադրբեջանական իշխանությունների կողմից հումանիտար օգնության տրամադրման հնարավորության արգելափակման հետևանքով ս.թ. հուլիսի 26-ին հումանիտար օգնությունը, Երևանից հասնելով Սյունիքի Կոռնիձոր գյուղ, կանգնած է մնացել մինչ այժմ։ Ս.թ. հուլիսի 28-ին Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համատեղ ժամանել են Կոռնիձոր՝ հումանիտար շարասյան հատված, և տեղում ծանոթացել իրավիճակին։
  • Մարդկանց առողջության ամենօրյա վատթարացման և թերսնման պատճառով շարունակում են աճել նաև ուշագնացության դեպքերը: Լեռնային Ղարաբաղում սովամահության դեպք է գրանցվել: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գրանցված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանակերտի բնակիչ Կ. Հովհաննիսյանը մահացել է քրոնիկ թերսնուցման, սպիտակուցաէներգետիկ անբավարարության հետևանքով։
  • Լաչինի միջանցքի արգելափակումը բացասաբար է ազդում բնակիչների առողջության պահպանման իրավունքի իրացման վրա՝ հաշվի առնելով բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդների՝ Հայաստան տեղափոխման արգելքները։ Հիվանդների տեղափոխումն ու բժշկական պարագաների փոխադրումն իրականացվում է ԿԽՄԿ-ի և ռուս խաղաղապահների միջամտությամբ։ Միևնույն ժամանակ, հունիսի 15-ից ադրբեջանական կողմն ամբողջովին արգելափակել է ռուս խաղաղապահների և ԿԽՄԿ-ի կողմից մարդասիրական օգնության մատակարարումը՝ հանգեցնելով մարդասիրական իրավիճակի վատթարացման։ Արձանագրվել են դեղորայքների սակավության, իսկ առանձին դեպքերում՝ դեղամիջոցների իսպառ բացակայության դեպքեր։
  • Միևնույն ժամանակ բավարար սննդի բացակայության պայմաններում Լեռնային Ղարաբաղում վաղաժամ ծնունդների դեպքերի աճ է գրանցվել։ Գրանցվել է նաև Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում չծնված երեխայի մահվան դեպք` վառելիքի բացակայությամբ պայմանավորված շտապ օգնության անհասանելիության պատճառով։
  • Վառելիքի սուր սակավության պատճառով հուլիսի 25-ից ի վեր հասարակական տրանսպորտը բացարձակապես չի գործում:
  • Ս.թ. hուլիսի 29-ին արձանագրվել են ԿԽՄԿ միջոցով հիվանդներին ՀՀ տեղափոխելու գործընթացի ընթացքում հիմնարար խախտումներ ադրբեջանական իշխանությունների կողմից։ Մասնավորապես, Ադրբեջանը Հակարի կամրջի մոտ տեղակայված անցակետից առևանգել է 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, ով ԿԽՄԿ ուղեկցությամբ Հայաստան էր տեղափոխվում բուժման նպատակով։ Պաշտպանի ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ Վագիֆ Խաչատրյանի հիմնարար իրավունքներին ոչ իրավաչափ միջամտությունը տեղի է ունենում միջազգային իրավական երաշխիքների և չափանիշների խախտմամբ:
  • Արձանագրվել են նաև էլեկտրամատակարարման խափանումների հետևանքով խմելու ջրի ապահովման հետ կապված հարցեր՝ ազդելով բնակիչներին տրամադրվող ջրի և՛ քանակի, և՛ որակի վրա։ Պաշտպանը հարկ է համարում կրկին արձանագրել, որ ներկայիս հումանիտար աղետը ադրբեջանական իշխանությունների հայատյացությամբ սնուցվող և բորբոքվող էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականության ուղղակի դրսևորումն է, որի վերջնական նպատակն է Լեռնային Ղարաբաղը դատարկել իր բնիկ հայ բնակչությունից՝ վերջիններիս ահաբեկելու, մշտական ֆիզիկական և հոգեբանական հարձակումների և ճնշումների ենթարկելու, նրանց բնականոն կյանքը խաթարելու ու կյանքի անելանելի պայմաններ ստեղծելու միջոցով։

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է հրատապությունը՝ րոպե առաջ կանգնեցնելու մարդասիրական աղետի անդառնալի և սաստկացող զարգացումները, ինչպես նաև ծայրահեղ անհրաժեշտությունը՝ ապահովելու իրական հնարավորություններ մարդասիրական առաքելությունների իրականացման համար։ Միևնույն ժամանակ, Պաշտպանի աշխատակազմը շարունակում է ամենօրյա ռեժիմով փաստեր հավաքագրել և վերլուծել ադրբեջանական իշխանությունների հայատյաց քաղաքականության, ինչպես նաև Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների շարունակական կոպիտ խախտումների վերաբերյալ և համապարփակ կերպով ներկայացնել մարդու իրավունքների մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին։ Մեծապես կարևորում եմ մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպությունների պատշաճ արձագանքն ու հրատապության կարգով գործուն քայլերի ձեռնարկումը»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: