ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քիմ Քարդաշյանը և Էրիկ Էսրայիլյանը կոչ են արել Բայդենի վարչակազմին անհապահ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքը բացելու համար

Iveshopping.me

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը և ամերիկահայ հայտնի բժիշկ Էրիկ Էսրաիլյանը «Rolling Stone» պարբերականում հոդված են հրապարակել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի մասին։ «Արմենպրես»-ը ստորև ներկայացնում է հոդվածն ամբողջությամբ․

«ՄԵՆՔ ՀԱՅ ԵՆՔ։ Մենք Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն ենք և չենք ցանկանում խոսել ապագայում ևս մեկ ցեղասպանության ճանաչման կամ հիշատակի հավերժացման մասին:

Անցած տարվա դեկտեմբերից Ադրբեջանը շրջափակել է Արցախի (հայտնի է նաև որպես Լեռնային Ղարաբաղ) բնիկ քրիստոնյա հայերին արտաքին աշխարհի հետ կապող փրկության միակ ճանապարհը: Նրանք տարիներ շարունակ կախված են եղել Լաչինի միջանցքով պարենի, դեղորայքի և մարդասիրական օգնության փոխադրումից։ Ուկրաինայի պատերազմն Ադրբեջանին որոշ երկրների համար ռուսական նավթի ու գազի թվացյալ ավելի շահավետ այլընտրանք դարձրեց։ Սակայն այդ հանգամանքը համարձակություն է տվել ադրբեջանական ավտոկրատ կառավարությանը սովը որպես զենք օգտագործել տարածաշրջանի հայ բնակչության դեմ։ Այլևս ժամանակ չկա մտածելու, աղոթելու կամ անհանգստանալու համար:

2020 թվականի պատերազմը, այն բանից հետո, երբ Ադրբեջանն առանց որևէ պատճառի հարձակվեց Արցախի հայերի վրա, երբեք չի անհետացել աշխարհասփյուռ հայության գիտակցությունից: Չնայած հրադադարի պայմանավորվածության, հայ զինվորների վրա հարձակումները եղել են մշտական և անհետևանք: Հայատյաց քաղաքականությունը մշակվել և լայնորեն քարոզվում է Ադրբեջանի կառավարության և այլ երկրների կողմից: Տարածաշրջանային խաղաղությունը չպետք է ենթադրի Արցախում հայերի ինքնիշխանության զոհաբերում, բայց անկախ նրանից, թե ինչ է մտածում որևէ մեկը մեր կարծիքի մասին, պարզ է, որ այս անողոք շրջափակումը հատել է մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի բոլոր կարմիր գծերը: Իրավապաշտպան կազմակերպությունների արգելափակումը, ինչպիսին է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), և շրջափակմանը ուղեկցող ատելության հռետորաբանությունը ցեղասպանություն իրականացնելու մտադրության նշաններ են:

Ադրբեջանի կառավարությունն ու նրա դաշնակիցները պնդում են, որ գոյություն ունեն այլընտրանքային երթուղիներ, որոնք պետք է օգտագործել: Պաշարների երբեմն մատակարարման համար Ադրբեջանի կողմից վերահսկվող առանձին ճանապարհի օգտագործումը լավագույն դեպքում անկեղծ չէ։ Ամենայն հավանականությամբ, սա Արցախի հայերի և քրիստոնյաների համար վերջի սկզբի ազդանշան կլինի։ Այս ճգնաժամի սկզբում երկրում ապրում էր մոտ 120 000 հայ, այդ թվում ՝ 30 000 երեխա։ Դժբախտաբար, սովի և համապատասխան բժշկական օգնություն ստանալու անկարողության պատճառով արդեն տեղի են ունեցել զգալի և ողբերգական մարդկային զոհեր, և առանց անհապաղ գործողությունների, իրավիճակը միայն կվատթարանա: Նրանց համար, ովքեր գոյատևում են, հետևանքները անդառնալի կլինեն: Թեև կեղծավոր փորձ արվեց շրջափակումը ներկայացնել որպես բնապահպանական խնդիրների հետ կապված, սակայն հայերն ու միջազգային դիտորդները գիտեին, որ նրանց նպատակն էր երկիրն ապրելու համար այնքան անտանելի դարձնել, որ մարդիկ կամ մահանան, կամ համաձայնվեն հեռանալ: 

Միևնույն ժամանակ, սովի մատնելու կողմնակիցները օգտագործում են համակարգված սոցիալական լրատվամիջոցների արշավներ՝ ձևացնելու համար, որ շրջափակումը տեղի չի ունենում: Այս հակաուտոպիական քարոզչությունը կարող է անհեթեթ թվալ գիտելիք ունեցողների համար, բայց մարդու իրավունքների այս խախտումների պաշտպանները փորձում են մարդկանց շփոթեցնել ՝ հաշվի առնելով այն ամենը ինչ կատարվում է աշխարհում։ 

Ցեղասպանության վերահսկման բազմաթիվ խմբեր և ՄԱԿ-ի անկախ հատուկ զեկուցողները, այդ թվում՝ ՄԱԿ-ի ցեղասպանության կանխարգելման հարցերով առաջին հատուկ խորհրդական, պրոֆեսոր Խուան Մենդեսը, ամիսներ շարունակ փորձում են աշխարհին ահազանգել այս վերահաս վայրագությունների մասին: Անցյալ ամիս Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հրապարակեց իր անկախ զեկույցը։ Նա եզրակացրեց, որ ցեղասպանությունն արդեն ընթանում է, քանի որ Ցեղասպանության մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի «գ» կետի համաձայն՝ Ադրբեջանը «որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմաններ է միտումնավոր ստեղծում, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը»:

Մարդու իրավունքների համալսարանական ցանցը, համագործակցելով մի շարք ինստիտուտների, իրավաբանների և գիտնականների հետ, 2022 թվականի մարտից մինչև 2023 թվականի հուլիս ընկած ժամանակահատվածում անցկացրել է երկու ճանաչողական այց դեպի Լեռնային Ղարաբաղ և չորսը՝ Հայաստան։ Նրանց վերջերս հրապարակված տեղեկատվական փաստաթղթում ասվում է. «Ավելին, խախտումները, որոնք մենք արձանագրել ենք, իրար հետ կապ չունեցող իրավունքների զուտ խախտումներ չեն. միասին վերցրած՝ այս խախտումները բացահայտում են Լեռնային Ղարաբաղը և Հայաստանի որոշ մասերը հայաթափելու շղթան, համապարփակ արշավը»։

Անհատների, կառավարությունների և կառավարական կազմակերպությունների հավաքական լռությունը կամ անգործությունը, ինչպիսիք են Միավորված ազգերի կազմակերպությունը և Եվրամիությունը, հավերժացրել են ճգնաժամը: Անցնող յուրաքանչյուր օր ավելի ու ավելի շատ կյանքեր է վտանգում: Ամերիկացի հարկատուների դոլարները ներկայումս նպաստում են այս վարքագծին՝ նավթով հարուստ երկրին օտարերկրյա օգնություն տրամադրելով: Տնտեսական պատժամիջոցների, Ադրբեջանին օտարերկրյա օգնության դադարեցման, Ադրբեջանում միջազգային միջոցառումների բոյկոտի (օրինակ ՝ համերգների և սպորտի, ինչպիսիք են ֆուտբոլը և Ֆորմուլա 1-ը), ինչպես նաև միջազգային դատարաններում վարույթների միջոցով մենք կարող ենք հավաքականորեն արդյունքի հասնել, բայց գործընթացը չափազանց դանդաղ է ընթանում, և ժամանակը սպառվում է: Որպես քաղաքացիներ, մենք դիմում ենք այնպիսի առաջնորդների, ինչպիսիք են նախագահ Բայդենը, պետքարտուղար Բլինքենը և նրանց գործընկերները ՝ կոչ անելով անհապաղ դիրքորոշում արտահայտել: Նրանք պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա, որպեսզի Ադրբեջանը միջանցքը բացի առանց նախապայմանների։

Արցախի ժողովուրդն ուզում է խաղաղ ապրել։ Հիմա իսկական առաջնորդության ժամանակն է: Մեզ անհրաժեշտ է, որ նրանք, ովքեր նշանակալի դեր են խաղում այդ գործերում, անհապաղ պահանջեն բացել Լաչինի միջանցքը, որպեսզի կանգնեցնեն հերթական ցեղասպանությունը։ Մենք ցանկանում ենք ավելի շատ ուշադրություն հրավիրել ճգնաժամի վրա և կոչ անել մեր կառավարության անդամներին, ովքեր իսկապես հոգ են տանում մարդկության մասին, միջամտել: Միացյալ Նահանգները պատասխան միջոցները մոբիլիզացնելու հնարավորություն ունի: Առաջնորդներին, ովքեր արդյունավետ են և օգնում են մեր ժողովրդին, կհիշեն իրենց հերոսության համար։ Նույնիսկ եթե նրանք գործում են լավագույն նպատակներով, նրանք, ովքեր իներտ են և անարդյունավետ, կհիշվեն այն բանի համար, որ թույլ են տվել, որ ցեղասպանությունը տեղի ունենա իրենց աչքի առաջ: Ընտրությունը իրենցն է»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: