Համաձայնագրով սահմանվում են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները, որոնք ներառում են ռազմական նշանակության արտադրանքի արտադրության, ներմուծման, արտահանման, լիցենզավորման, որակի նկատմամբ հսկողության ապահովման, անհարժեշտ մասնագետների և տեխնիկական անձնակազմի պատրաստման գործընթացը, ռազմատեխնիկական ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին աջակցության տրամադրումը, տեղեկությունների փոխանակման և պահպանման հետ կապված հարաբերությունները:
ՀՀ ԱԺ փոխանցմամբ այս մասին սեպտեմբերի 11-ին կայացած ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստի ընթացքում ասել է Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը: ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի զեկուցման ընթացքում:
Ըստ զեկուցողի՝ համաձայնագրի դրույթների իրագործման նպատակով կողմերի լիազոր մարմիններ են հանդիսանալու ՀՀ և Չեխիայի Հանրապետությունների ՊՆ-ները:
«Համաձայնագրի նախագիծը համաձայնեցվել է շահագրգիռ պետական մարմինների հետ, ինչպես նաև ՍԴ կողմից ճանաչվել է սահմանադրության պահանջներին համապատասխանող»,- ասել է ՊՆ փոխնախարարն ու խնդրել պատեհ պահի կողմ քվեարկել օրենքի նախագծին:
Հարակից զեկույցով հանդես է եկել Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գուրգեն Մելքոնյանը: Նա հայտնել է, որ նախագիծը քննարկվել է համապատասխան հանձնաժողովում ու ստացել դրական եզրակացություն: