ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ն չի կարող երկխոսել ՌԴ-ի հետ Ղարաբաղի հարցով, կողմերի որոշումն է գնալ ռուսական քննարկումներին, թե ոչ. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան (Ազատություն)

Միացյալ Նահանգները չի կարող երկխոսել Ռուսաստանի հետ Ղարաբաղի հարցով, բայց տեղյակ է, որ ռուսները կողմերին քննարկումների են հրավիրում, «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը, հավելելով՝ կողմերի որոշումն է գնալ դրանց, թե ոչ։

«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը ազդել է բազմաթիվ ձևաչափերի վրա, որոնց Ռուսաստանը մասնակցում էր, քանի որ Մոսկվան այնպես է խախտել միջազգային համակարգի նորմերը, որ դժվար է նրա հետ համագործակցության ուղիներ գտնել։ Բայց, դրանով հանդերձ Միացյալ Նահանգները կենտրոնացել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, սահմանների, արդար և տևական խաղաղություն գտնելու վրա։ Դրա համար մենք երկկողմ և եռակողմ հանդիպումների մեջ ենք Հայաստանի ու Ադրբեջանի հետ, սատարում ենք Եվրամիության ջանքերին, հատկապես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին», - ասել է նա։

«Միաժամանակ, գաղտնիք չէ, որ ռուսներն էլ են քննարկումների հրավիրում կողմերին, և գաղտնիք չէ, որ ռուսները խաղաղապահներ ունեն տեղում։ Մենք չենք կարող այս պահին երկխոսություն ունենալ ռուսների քայլերի շուրջ, ուստի կողմերն իրենք են որոշում՝ ուզում են ներգրավվել ռուսական քննարկումներում, թե ոչ», - շարունակել է Մայքլ Քարփենթերը։

Ընդ որում, խոսելով միջնորդներից՝ ամերիկացի դիվանագետն ընդգծել է՝ Միացյալ Նահանգները, ի տարբերություն այլոց, Հայաստանի ու Ադրբեջանի հարևանը չէ, կողմնակալ շահեր չունի և դրանով իսկ կարող է առավել անաչառ ու անկեղծ լինել։ Դա, ըստ Քարփենթերի, գիտակցում են թե՛ Երևանում, թե՛ Բաքվում։

«Կարծում եմ՝ երկու կողմն էլ Միացյալ Նահանգների ծառայությունը դիտարկում է որպես տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ազնիվ ու անկեղծ ջանք, քանի որ մենք տեսնում ենք դրա առավելությունները երկարաժամկետ կտրվածքով. մենք հարևան երկիր չենք, ուստի մենք չունենք այն «անձնական» շահերը, որ որոշ այլ տարածաշրջանային երկրներ կարող են ունենալ։ Եվ ես կարծում եմ, որ դա կարող է նաև առավելություն լինել Միացյալ Նահանգների համար, թույլ տալով, որ մենք գործի դնենք մեր անաչառ դիվանագիտական գործիքները՝ այս տարաձայնությունների լուծմանը հասնելու համար», - շեշտել է նա։

Այս փուլում Վաշինգտոնի համար առաջնահերթություն է, որ հումանիտար բեռները հասնեն Ղարաբաղ, և այդ ուղերձը Միացյալ Նահանգները փոխանցել է Ադրբեջանին, ասել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը։ Մայքլ Քարփենթերը մանրամասնել է՝ կարևոր է, որ Լաչինի միջանցքը բացվի հիմա, բայց Նահանգների համար ընդունելի է նաև Աղդամի գործարկումը. - «Մենք ասում ենք մեր ադրբեջանցի գործընկերներին, որ այդ օգնությունը պետք է անցնի Լաչինի միջանցքով հիմա, բայց միաժամանակ նաև ասում ենք, որ այն պետք է անցնի երկու՝ թե՛ Լաչինի ճանապարհով, թե՛ Աղդամի։ Որ ճանապարհով հնարավոր կլինի օր առաջ հումանիտար աջակցությունը հասցնել Լեռնային Ղարաբաղ, դրանով էլ պետք է գնա»։

Մի քանի ամիս է՝ պաշտոնական Երևանը, Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, ամերիկացի կոնգրեսականներ ու եվրոպացի պատգամավորներ ահազանգում են լիակատար շրջափակման մեջ գտնվող Արցախում սպասվող ցեղասպանության ու էթնիկ զտումների մասին։ Արդյո՞ք ԵԱՀԿ-ում Ամերիկայի դեսպանը կիսում է այս մտահոգությունները։

«Ես Ղարաբաղում տիրող իրավիճակը ծայրահեղ լուրջ եմ գնահատում, այն իսկապես ծանր է, և հրատապ է բավարարել տեղում ապրող մարդկանց կարիքները։ Այո, ինձ համար սա հրատապ խնդիր է, չեմ ուզում պիտակներ տալ տեղում տիրող իրավիճակին, բայց կարծում եմ՝ Միացյալ Նահանգների ու Եվրամիության դիվանագետների պարտականությունն է քայլեր ձեռնարկել։ Հենց հիմա Կովկասի հարցով ԱՄՆ հատուկ խորհրդական Լուի Բոնոն տարածաշրջանում է՝ կրկին թափ հաղորդելու դիվանագիությանը։ Մենք չենք կարող հանդուրժել, որ իրավիճակը վատթարանա։ Արդեն մեկ տարուց ավելի է՝ Արևմուտքը՝ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը, ակտիվ բանակցություններ են անցկացնում Հայաստանի ու Ադրբեջանի հետ՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։ Դատելով այդ հանդիպումներից՝ Վաշինգտոնում տպավորություն է, որ Բաքուն ու Երևանը ուզում են գնալ լուծումների, բայց կան նաև առավելապաշտական միտումներ», - ասել է ԵԱՀԿ-ում ԱՄն դեսպանը «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում։

«Այո, կարծում եմ՝ երկուսն էլ ուզում են հասնել լուծման, բայց նաև կարծում եմ, որ կան նաև առավելապաշտական միտումներ կամ ցանկություն կարգավիճակի հստակ դետալներ ներառելու լուծման մեջ։ Ուստի, մենք պետք է կրկնապատկենք դիվանագիտությունն ու շփումները` համագործակցելով մեր եվրոպացի գործընկերների հետ և փորձելով գտնել լուծում։ Եվ մենք չպետք է որևէ ջանք խնայենք, որովհետև հակառակ դեպքում կարող ենք տեսնել հակամարտութնան վերսկսում, որը ոչ ոք չի ուզում», - ասել է նա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: