ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Պաշտպանության ամենալավ միջոցը հարձակումն է»․ Իսրայելի արտաքին քաղաքականության հիմնական ձեռագիրը

Իսրայելա-պաղեստինյան հակամարտության շուրջ զարգացումները նախորդ տարվա վերջին և այս տարվա սկզբին ստեղծում են տպավորություն, որ Արևմուտքի համբերության բաժակը կարծես թե լցվում է, և վերջիններս այլևս պատրաստ չեն հանդուրժել Իսրայելի, մեղմ ասած, ոչ կառուցողական պահվածքը բանակցային սեղանին: Սա Արևմուտքի կողմից իր դրսևորումը ստացավ ոչ միայն ԱՄՆ-ի ու եվրոպական մի շարք երկրների պաշտոնական հայտարարություններում, այլ նաև վերջիններիս կողմից ձեռնարկված կոնկրետ քայլերում: Նախորդ տարվա վերջին Շվեդիան ճանաչեց Պաղեստինը` որպես անկախ պետություն (Պաղեստինի անկախությունը ճանաչել է ևս ութ ԵՄ երկիր` Մալթա, Կիպրոս, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա, Ռումինիա, Բուլղարիա, Լեհաստան): Շվեդիայի այս քայլին հաջորդեցին եվրոպական մի շարք այլ երկրների` Ֆրանսիայի, Բրիտանիայի և Իռլանդիայի խորհրդարանների ընդունած Պաղեստինի անկախությունը ճանաչող խորհրդանշական նախագծերը, որոնք թեպետ չունեն իրավական ուժ, սակայն նպատակ են հետապնդում Իսրայելին տալու հստակ ազդակ` մեղմացնելու հակամարտությունում որդեգրած իր կոշտ ռազմավարությունը:

Սակայն Արևմուտքի կողմից ձեռնարկված այս կոնկրետ քայլերն անգամ չստիպեցին Իսրայելին հետ կանգնել հակամարտության սկզբից ի վեր որդեգրած իր քաղաքականությունից, որում նա առաջնորդվում է հետևյալ տրամաբանությամբ՝«պաշտպանվելու ամենալավ միջոցը հարձակումն է»: Իսրայելի այս քաղաքականության հերթական ապացույցն էր երկրի կառավարության կողմից նախորդ շաբաթ ընդունված որոշումը` կառուցել 450 նոր բնակարան օկուպացված Արևմտյան ափի տարածքներում: Այն, որ Իսրայելը գիտակցված է գնում նման քայլի` շատ լավ հասկանալով, որ նման քաղաքականության պատասխանը կարող է լինել միջազգային հանրության կողմից երկրի մեկուսացումը, պարզ դարձավ հրեական «Yedioth Ahronoth» ամսագրում գաղտնազերծված նամակից, որը Իսրայելի արտգործնախարարությունը հղել էր տարբեր երկրներում գործունեություն ծավալող Իսրայելի դիվանագիտական ներկայացուցիչներին՝ վերջիներին նախազգուշացնելու նախապատրաստվել Իսրայելի հանդեպ միջազգային հանրության կողմից բոլոր հնարավոր ճնշումների` անգամ պատժամիջոցների:

Սույն հոդվածի շարունակության մեջ կփորձենք վերլուծել Իսրայելի նման համառ քաղաքականության դրդապատճառները` դիտարկելով այն հիմնական երկու հարցերի համատեքստում՝ միջուկային խնդրի շուրջ Իրան-Արևմուտք բանակցություններ և Իսրայելում մարտի 17-ին սպասվող օրենսդրի ընտրություններ:

Իսրայելի իշխանությունը երբեք չի թաքցրել իր վրդովմունքը Իրան-Արևմուտք հարաբերություններում հնարավոր առաջընթացի վերաբերյալ՝ այն ընկալելով Արևմտյան դաշնակիցների կողմից հարված իր թիկունքին: Եթե փորձենք մեկնաբանել օկուպացված Արևմտյան ափի տարածքներում հավելյալ 450 բնակավայր կառուցելու Իսրայելի որոշումը այս համատեքստում, ապա պետք է փաստենք, որ բանակցային սեղանին դրսևորելով ոչ կառուցողական քաղաքականություն՝ Իսրայելի ներկայիս վարչակարգը «երես առած երեխայի նման» փորձում է իր վրա հրավիրել Արևմտյան դաշնակիցների ուշադրությունը:

Նույն տրամաբանության ներքո կարելի է նաև բացատրել Իսրայել-ԱՄՆ «սիրային հարաբերություններում» արձանագրված վերջին ճգնաժամը, որը դրսևորվեց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի համաձայնությամբ` ելույթ ունենալ ԱՄՆ կոնգրեսում` ընդդեմ Օբամայի վերջին հայտարարության` վետո դնել ԱՄՆ կոնգրեսի ցանկացած օրինագծի վրա, որը նոր պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ: Ուշագրավ է այն, որ ելույթ ունենալու հրավերը Իսրայելի վարչապետը ստացել էր Օբամային ընդդիմադիր Հանրապետական ճամբարից Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյների կողմից: Վերջինս հրավերը ուղարկել էր առանց նախապես ստանալու ԱՄՆ նախագահ Օբամայի համաձայնությունը, ինչը խախտում է ԱՄՆ Կոնգրեսի կողմից պաշտոնական հրավեր ուղարկելու սահմանված կարգը:

Եթե Իսրայելի վարած ներկայիս քաղաքականությունը դիտարկենք մարտի 17-ին երկրում սպասվող օրենսդիր ընտրությունների համատեքստում, ապա այստեղ ակնհայտ է դառնում, որ Իսրայելի ներկայիս վարչակարգը խնդիր ունի սեփական հանրությանը ապացուցելու, որ ունակ է պաշտպանելու նրանց արտաքին և ներքին թշնամիներից անգամ միջազգային հանրությանը դեմ դուրս գալու ճանապարհով: Արտաքին քաղաքականությունում նման կոշտ ձեռագիր որդեգրելով՝ Իսրայելի վարչակարգը փորձում է ապացուցել, որ միայն ներկայիս վարչակազմը իր համառ արտաքին քաղաքական գծի շնորհիվ կարող է ապահովել Իսրայել պետության անվտանգությունը: Սա շատ լավ արտահայտվեց Նեթանյահուի վերջին զեկույցում, որում նա մասնավորապես նշում էր․ «Մեր քաղաքական հակառակորդներն ի վիճակի չեն լինի դիմակայելու մեզ վրա գործող ճնշմանը», որտեղ, ճնշում ասելով, Իսրայելի վարչապետը նկատի ուներ Իրանին, Հեզբոլլահին և ՀԱՄԱՍ -ին:

Վերջում, եթե փորձենք ընդհանրական բնութագիր տալ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում իսրայելական կողմի ներկայիս պահվածքին, ապա պետք է փաստենք, որ Իսրայելի ներկայիս վարչակարգը շարունակում է արդեն երկար ժամանակ որդեգրած իր ձեռագիրը. երբ իսրայելական կողմի դիրքերը բանակցային սեղանին թուլանում են, այն սկսում է հատել բանակցային գործընթացում սահմանված բոլոր հնարավոր կարմիր գծերը, ասենք` իր կողմից օկուպացված տարածքներում մի քանի հարյուր նոր բնակավայր կառուցելու իր մտադրությունը բարձրաձայնելով, նպատակով` հետագայում մասամբ հետ կանգնել իր նախաձեռնությունից՝ դա վաճառելով որպես զիջում բանակցող մյուս կողմերին:

 

 

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: