ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«2017-ին Մեծ Բրիտանիան կարող է ԵՄ կազմից դուրս գալու հանրաքվե անցկացնել»

- Այսօր ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի միջև առկա տարաձայնությունները ամենօրյա կտրվածքով քննարկվում են: Անգամ քննարկվում է ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու հարցը: Ի՞նչ խնդիրներ է տեսնում Մեծ Բրիտանիան այստեղ:

- Այո՛, այսօր Բրիտանիայի և ԵՄ-ի միջև առկա տարաձայնությունների շարքում քննարկվում է նույնիսկ ԵՄ-ն լքելու հարցը:

Խնդիրը հասկանալու համար փորձենք գտնել դրա ակունքները: Ի սկզբանե Մեծ Բրիտանիայի համոզմամբ ԵՄ-ում պետք է գործեր միջկառավարական համակարգի մոդելը, ըստ որի՝ ինտեգրացիոն գործընթացներում վճռորոշ պետք է լիներ ազգային կառավարությունների դերակատարությունը, ավելի, քան համաեվրոպական կառույցներինը: Եվրոպական տնտեսական համայնքին 1970 թ.-ին անդամակցելուց ի վեր Բրիտանիան յուրաքանչյուր հարցում նախևառաջ հաշվի է առել սեփական ազգային շահը` այն մշտապես վեր դասելով միասնական Եվրոպայի գաղափարից: Իր շահերին համընկնելու պատճառով Մագարետ Թետչերը կողմ քվեարկեց Միասնական եվրոպական ակտին: 90-ականներից Բրիտանիան վավերացրեց Մաաստրիխտի համաձայնագիրը, սակայն չմիացավ Եվրոյի և Շենգեն գոտիներին: Բրիտանիան ԵՄ-ն տեսնում է բացառապես որպես տնտեսական կառույց` մերժելով դրա ցանկացած քաղաքական արժեք:

Միևնույն ժամանակ ԵՄ կազմից դուրս գալու փաստն է պարբերաբար շահարկվում: Վարչապետ Քեմերոնը բազմիցս խոսել է 2017-ին ԵՄ կազմից դուրս գալու հարցի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին:

 

- Մեծ Բրիտանիան նաև դեմ է արտահայտվում Եվրոպական Միության հետագա ընդլայնմանը: Ինչո՞վ է դա պայմանավորված:

- Նախ Քեմերոնի կարծիքով ԵՄ-ն այլևս նոր անդամների կարիք չունի, մյուս կողմից նրա պահանջներից մեկն այն է, որ նոր անդամագրված երկրների քաղաքացիները Մեծ Բրիտանիա ուղղակիորեն մուտքի հնարավորություն չունենան, ինչպես նաև չկարողանան օգտվել նպաստների համակարգից: Չմոռանանք, որ Բրիտանիան այն երկիրն էր, որ տարիներ շարունակ իր դռները փակ էր պահում Բուլղարիայի և Ռումինիայի քաղաքացիների համար 2007-ին ԵՄ-ին նրանց անդամակցելուց հետո:

Ներկայումս Բրիտանիան ԵՄ անդամ է՝ չլինելով Շենգեն գոտու անդամ: Քեմերոնը պարբերաբար, հետևողականորեն կողմ է հանդես գալիս եվրաինտեգրման գործընթացների սահմանափակմանը և Միացյալ Թագավորության ներքին գործերի վրա Բրյուսելի ազդեցության նվազեցմանը: Նա նաև հայտնել է Միացյալ Թագավորության` ԵՄ կազմից դուրս գալու համար հանրային արշավ նախաձեռնելու պատրաստակամության մասին, եթե իրեն չհաջողվի Բրյուսելի հետ համաձայնության գալ իր երկրի անդամության պայմանների վերանայման շուրջ:

Վերջերս Լոնդոնի քաղաքապետ Ջոնսոնը ներկայացրել էր փաթեթ, թե ինչպիսի բարեփոխումների պետք է ենթարկվի ԵՄ-ն, որպեսզի Մեծ Բրիտանիան շարունակի մնալ կառույցի կազմում: Ըստ այդ ծրագրի՝ Բրիտանիայի` ԵՄ կազմից դուրս գալու գլխավոր պատճառները ԵՄ-ի վարած սոցիալական քաղաքականությունն է, ԵՄ տնտեսությունների լճացումը, Բրյուսելի որոշ կանոնակարգերի անմտությունը: Ջոնսոնի կարծիքով՝ հետևողական աշխատանքի պարագայում բարեփոխումները հնարավոր են: Մյուս կողմից նա ներկայացրել էր թվային պատկեր թե ինչպես կփոխվի Լոնդոնի ՀՆԱ-ն մինչ 2034 թ.-ը` ներկայիս մոտ 440 միլիարդ եվրոյից դառնալով մոտ 600 միլիարդ ԵՄ-ում մնալու և մոտ 770 միլիարդ ԵՄ կազմից դուրս գալու դեպքում: Այսօր Մեծ Բրիտանիան հայտարարում է միայն բարեփոխված Միության կազմում մնալու պատրաստակամության մասին:

Այս ամենի հետ մեկտեղ՝ Քեմերոնը հայտարարել է, որ եթե իր ներկայացրած Պահպանողական կուսակցությունը 2015-ի մայիսին նախատեսված համընդհանուր ընտրություններում հաղթանակ տանի, ԵՄ կազմից դուրս գալու հարցի շուրջ հանրաքվեն կանցկացվի մինչ 2017 թվականի վերջ:

Նշենք, որ հունիսին անցկացված սոցիալական հարցումները ցույց են տվել, որ քվեարկության անցկացման դեպքում հարցվողների մոտ 48%-ը անդամության ներկա պայմանների պահպանման պարագայում կքվեարկի Մեծ Բրիտանիայի` ԵՄ-ն լքելու օգտին: Այնուամենայնիվ, պարզ է, որ մինչ նախանշված հանրաքվեն բազում փոփոխություններ տեղի կունենան թե՛ ԵՄ-ի ներսում և թե՛ Մեծ Բրիտանիայի:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: