ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Օտարերկրացիների ծառայության մասին օրենքով Ադրբեջանը փորձում է ահաբեկել մեզ

Օրերս  հայտնի դարձավ, որ ադրբեջանական բանակում պայմանագրային հիմունքներով այսուհետ կարող են ծառայության անցնել նաև արտասահմանցիներ: Ի՞նչ է այս որոշումն իրենից ներկայացնում և ի՞նչ պայմաններով են արտասահմանյան քաղաքացիները ծառայության անցնելու ադրբեջանական զինված ուժերում:

Փետրվարի 2-ի որոշմամբ Ադրբեջանի կառավարությունը հաստատեց պայմանագրային հիմունքներով ծառայության անցնելու կարգն ու պայմանները, որի առանձին կետով սահմանվեց, որ նման իրավունք այսուհետ կունենան նաև արտասահմանցիները և քաղաքացիություն չունեցող անձինք: Այս կատեգորիայի մարդկանց՝ ադրբեջանական բանակում ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջները գրեթե նվազագույն են՝ անձը հաստատող փաստաթուղթ, դիմում, կրթությունը (առնվազն՝ միջնակարգ) հաստատող փաստաթուղթ, մի քանի լուսանկար: Պայմանագրային հիմունքներով ադրբեջանական բանակում կարող են ծառայել 19-40 տարեկան և՛ կանայք, և՛ տղամարդիկ:

Իհարկե, ոչ քաղաքացիների հաշվին սեփական բանակը համալրելու փորձը շատ երկրներ են կիրառել և կիրառում՝ դրա տակ տարբեր նպատակներ հետապնդելով: Ամենատարածվածներից մեկը կարող է լինել, օրինակ,  սեփական ռեսուրսների անբավարարության պայմաններում բանակ պահելը: Նորմալ պետությունների համար սա իհարկե ամենացանկալի լուծումը չէ: Ի վերջո, պետությունը ստիպված է լինելու վճարել այդ զինծառայողներին, պահել և վստահել պետության ամենակարևոր գործառույթներից մեկը՝ երկրի պաշտպանությունը: Երևի թե այս է պատճառը, որ նախկինում շատ մասնագետների կողմից բանակում օտարերկրացիներ ներգրավելն ընկալվում էր որպես տվյալ պետության մոտալուտ անկման, առնվազն՝ թուլացման ակնհայտ նշան:

Վիճակը մի փոքր այլ է Ադրբեջանում, որտեղ ամենաբարձր մակարդակով ամեն օր բարձրաձայնվում է պատերազմը վերսկսելու մտադրության մասին: Այս պարագայում ակնհայտ է, որ հիշյալ որոշմամբ ու բանակի համալրման նման տարբերակի ընտրությամբ փորձ է արվում բազմաթիվ խնդիրներ լուծել:

Ըստ Ձեզ ի՞նչ նպատակներ է հետապնդում նման որոշումը հենց հիմա:

Բնականաբար, պատահական չէ, որ ադրբեջանական ռազմական ղեկավարությունը հենց այժմ ձեռնամուխ եղավ նման քայլի իրականացմանը: Կարծում եմ՝ նման որոշման տակ մի քանի նպատակ է թաքնված: Նախ՝ այն կարող է բավական լավ գործիք դառնալ՝ ուղղված ներքին լսարանին: Այստեղ հետպատերազմյան գրեթե ողջ ընթացքում, առավելապես՝ վերջին տարիներին, գնալով աճում է դժգոհությունը սահմանային միջադեպերի, նաև՝ խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան առնչությամբ: Բանակը համալրելով արտասահմանցիներով՝ իշխանությունները սեփական հանրությանը այս խնդրով այլևս չմտահոգվելու ազդակ են հաղորդում. առաջին գծում կլինեն ոչ թե ադրբեջանցիներ (այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ), այլև պայմանագրային հիմունքներով ծառայող արտասահմանցիները: Քարոզչական նպատակներով այն բնականաբար ուղղված է նաև դեպի հայկական հանրություն և փորձ է սրանով որոշակի ահ ու սարսափի մթնոլորտ ձևավորել, իբրև թե տեսեք, ադրբեջանական բանակն ավելի է մեծանում, հզորանում: Եվ ի վերջո, եթե առավել հեռուն փորձենք նայել՝ չբացառելով անգամ, որ մի օր Ադրբեջանն իսկապես կանցնի լայնածավալ ռազմական գործողությունների իրականացման, ապա այսօրվա իր որոշմամբ նա լուծում է նաև պատերազմի ժամանակ վարձու զինվորներ պահելու խնդիրը՝ գործընթացը օրինական դաշտ տեղափոխելով և ռազմական գործողությունների ժամանակ նրանց կարգավիճակի հարցն ապահովելով:

Իրականում, սակայն, այստեղ շատ ավելի հետաքրքիր մեկ այլ գործոն էլ կա: Տրամաբանական հարց է առաջանում, թե ովքեր են լինելու այն արտասահմանցիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք, որ կհամալրեն ադրբեջանական բանակը: Հաշվի առնելով ներկայումս աշխարհում և տարածաշրջանում ստեղծված բավական լարված վիճակը՝ Ադրբեջանն առանձնապես լայն ընտրության հնարավորություն չունի:

Նման պայմաններում պայմանագրային զինծառայողների ներհոսքի հավանական աղբյուր կարող են դիտարկվել անգամ տարածաշրջանում գործող տարբեր ահաբեկչական խմբավորումները: Նման կազմավորումների անդամների համար սա լավագույն հնարավորությունն է օրինական հիմունքներով նախկին գործով զբաղվելու և դրա դիմաց վարձատրվելու համար: Իհարկե, ադրբեջանական իշխանություններին և ալիևյան կլանին նման հարցերը բացարձակապես չեն հուզում, սակայն որդեգրելով և իրականացնելով նման գործելաոճ՝ Ադրբեջանը հավակնում է դառնալ պետական ամենաբարձր մակարդակով ահաբեկչությունը հովանավորող և դրա տարածմանը նպաստող երկիր:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2024
       
    27.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: