ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մանաթի արժեզրկումը կայծ էր, որը բորբոքեց կրակը. «Հայացք» վերլուծական կենտրոն

Այս օրերին Ադրբեջանում տիրում է բավականին լարված ներքաղաքական իրավիճակ, ինչը, բնականաբար չի կարող իր ազդեցությունը չունենալ հասարակության ընդհանուր տրամադրության վրա և չառաջացնի դժգոհությունների ալիք: Ադրբեջանի շրջաններից մեկի բնակիչների բողոքի ակցիան՝ կապված երկրում գների աճի հետ, նույնպես պետք է դիտարկել այս համատեքստում: Ադրբեջանն այսօր ունի փակ քաղաքական համակարգ, և նման պայմաններում երբեմն, մեղմ ասած, դժվար է լինում որևէ հստակ պատկեր տալ, թե իրականում ինչ է կատարվում այս երկրի ներսում: Այնուամենայնիվ, անգամ այդ փակ համակարգի ներքո, ադրբեջանական որոշ կայքերի հրապարակումներից ակնհայտ է դառնում, որ երկրում գնալով ուժեղանում է հասարակական դժգոհությունը: Ընդամենը մի քանի օր առաջ արդեն շրջանառության մեջ մտավ այն տեղեկությունը, թե ադրբեջանական մանաթը արժեզրկվում է, ինչին անխուսափելիորեն հետևեց գնաճը: Մանաթի արժեզրկումը անմիջական պատճառահետևանքային կապի մեջ է աշխարհում նավթի գների անկման հետ: Ադրբեջանի պետական բյուջեի մի մեծ բաժին լցվում է հենց նավթի արտահանումներից ստացված եկամուտների հաշվին: Եթե մինչև այժմ Ադրբեջանի իշխանություններին հաջողվել էր հասարակությանը հավաստիացնել, որ երկրի տարադրամը կայուն է, և աշխարհում տեղի ունեցող տնտեսական զարգացումները որևէ կերպ չեն կարող ազդել երկրում տնտեսական կայունության վրա, ապա այժմ մանաթը արհեստականորեն կայուն պահելու միջոցները ևս սպառվեցին: Մեկ օրում հասարակությունը հայտնվեց այնպիսի իրավիճակում, որն ընդհանրապես սպասված չէր նրանց համար: 

Սրան զուգահեռ երկրում բավականին բարձր է նաև կոռուպցիայի մակարդակը: Ըստ Transparancy International-ի՝ Ադրբեջանը 175 կոռումպացված երկրների շարքում զբաղեցնում է 126-րդ տեղը (երկրները դասավորված են կոռումպացման մակարդակի աճման կարգով): Ակնհայտ է, որ նման նավթային պաշարներ ունեցող երկրի հասարակությունը պետք է ապրեր շատ ավելի բարեկեցիկ  կյանքով, քան այժմ ապրում են Ադրբեջանում: Սա, իհարկե, խոսում է հենց կոռուպցիայի բարձր մակարդակի և երկրի եկամուտները Ալիևի կլանի վերահսկողության տակ գտնվելու մասին:  Կոռուպցիայի բարձր մակարդակի մասին է խոսում նաև այն, որ երկրում գնալով ավելանում են մի շարք ակտիվիստների, իրավապաշտպանների ձերբակալությունների թվերը: Այս մարդկանց ձերբակալելով՝ Ադրբեջանի իշխանությունները փորձում են լռեցնել երկրի մտածող խավին և ակտիվ գործունեություն ծավալող անձանց, որոնց ազատության մեջ գտնվելը կարող էր խնդիրներ բերել Ադրբեջանի իշխանությունների համար:

Եթե ամփոփեմ, ապա Ադրբեջանում սկիզբ առած այս սոցիալական ակտիվությունը անգամ բավականին ուշացած կարելի է համարել, սակայն սա բացատրվում է իշխանությունների՝ ճիշտ ժամանակ և ճիշտ մարկանց լռեցնելու ունակությամբ: Իսկ մանաթի արժեզրկումը, կարծես թե, ընդամենը կայծ էր, որը բորբոքեց կրակը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: