ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ցեղասպանությունը պատմական իրողություն է և չունի հետագա գիտական ուսումնասիրության կարիք

Մարտի 24-ին  Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքը «ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները 21-րդ դարում»  խորագրի ներքո ելույթ է ունեցել Վաշինգտոնի Ռազմավարական և  միջազգային հետազոտությունների կենտրոնում: Իր ելույթում վերջինս անդրադարձել է նաև Թուրքիայի քաղաքականությանը՝ Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախաշեմին, որի համատեքստում,  սովորության համաձայն,  կրկին մեղադրել է հայկական կողմին Թուրքիայի «անկեղծ» վերաբերմունքին նույն կերպ չպատասխանելու համար: Իր ելույթում Ջեմիլ Չիչեքը ևս մեկ անգամ խոսել է  Թուրքիայի կողմից  երկար ժամանակ առաջ քաշվող թեզի մասին, համաձայն որի` պետք է Ցեղասպանության ճանաչման խնդիրը տեղափոխել քաղաքականից գիտական հարթակ, բացել երկու երկրների արխիվները և թույլ տալ պատմաբաններին քննել առկա փաստերը:

Անկախ նրանից, թե որքան «քաղաքավարի» կարող է առաջին հայացքից թվալ Թուրքիայի քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, իրականությունը այլ բան է փաստում:

Թուրքիան բարձրաձայնում է հայերի հանդեպ իր «անկեղծ» վերաբերմունքի մասին` շարունակելով Թուրքիայում հայերի հանդեպ ճնշումները: Թուրքիայում հայերի հանդեպ ճնշումների ապացույցի օրինակ է մամուլում տարածված տեղեկատվությունն  առ այն, որ Պոլսո հայոց պատրիարքարանը չի մասնակցելու աշխարհի տարբեր երկրներում հայկական եկեղեցիների կողմից ապրիլի 23-ին Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը, որի ժամանակ  հայկական եկեղեցիների զանգերը կղողանջեն 100 անգամ:

Թուրքիայում շարունակվող հայատյացության մեկ այլ թարմ օրինակ է Ստամբուլի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու պատին արված  հետևյալ գրառումը. «1915 թ.՝ օրհնյալ տարի: Ի՞նչ կարևոր է, որ դուք բոլորդ հայ եք, եթե արդեն կա Օրգյուն Սամասթ»(Օրգյուն Սամասթը հայ լրագրող Հրանտ Դինքին սպանողն է):

Արդյոք այս ամենը խոսու՞մ է Թուրքիայում հայերի նկատմամբ անկեղծ վերաբերմունքի մասին, դժվար է ասել:

Ինչ վերաբերում է Թուրքիայի իշխանության երկրորդ թեզին՝ բացել արխիվները և միասին ուսումնասիրել պատմական  փաստերը, ապա դրա վերաբերյալ կարելի է ասել հետևյալը.  ի հավելումն այն որևէ կերպ կասկածի տակ չդնող իրողության, որ Ցեղասպանությունը պատմական ճշմարտություն է և կարիք չունի հետագա գիտական ուսումնասիրության, հայկական կողմը նաև չունի որևէ հիմք՝ վստահելու թուրքական կողմին և համագործակցելու վերջինիս հետ: Փաստերն իրենք են կխոսում իրենց մասին և բավական է միայն անդրադառնալ եգիպտական «Ջիհադ» կուսակցության հիմնադիր շեյխ Նաբիլ Նաեմի հայտարարությանն առ այն, որ Թուրքիայի  կառավարությունը մոտ մեկ միլիոն դոլար գումար է տվել Մուսուլման եղբայրներ խմբավորմանը, որպեսզի խմբավորման  անդամները այրեն Եգիպտոսի ինստիտուտում պահվող Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերը:

Ուստի, չնայած  թուրք քաղաքական գործիչների «քաղաքակիրթ» հայտարարությունների, որոնք իրականում հետապնդում են ոչ այլ ինչ,  քան փակել միջազգային հանրության աչքերը Թուրքիայի շարունակական ժխտողական քաղաքականության վրա, հայկական կողմը չունի որևէ հիմք վստահելու Թուրքիայի կառավարությանը:  Առավել ևս եթե հաշվի առնենք, որ վերջինս, խախտելով բոլոր ընդունված միջազգային նորմերը, տոնում է իր հարևանի վշտի օրը` Գալիպոլիի ճակատամարտի  հաղթանակի օրվա տոնակատարությունները հարյուր տարվա մեջ առաջին անգամ հենց ապրիլի 24-ին նշանակելով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: