ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանական ագրեսիան միջազգային հանրությանը ստիպում է կարեկցել արցախցիներին

Հայկական կողմից օրերս գրանցվեց հերթական կորուստը հայ-ադրբեջանական սահմանին. հակառակորդի կողմից հրադադարի հերթական խախտման հետևանքով զոհվեց հայ զինծառայող Հայկ Քեշիշօղլյանը: Ռազմաճակատում իր գործողությունները հակառակորդը զուգակցում է նաև դիվանագիտական ու տեղեկատվական ճակատներում որոշակի գործողություններով: Մասնավորապես Ադրբեջանը փորձում է ստեղծել տպավորություն, թե իր «նախաձեռնությունները» վայելում են միջազգային հանրության, մասնավորապես կարգավորման միջնորդների աջակցությունը:

Ադրբեջանական լրատվամիջոցները հաճախ են մեջբերում օտարերկրյա դիվանագետների այն խոսքերը, թե « ստատուս քվոն ընդունելի չէ» և անհրաժեշտ է հակամարտության անհապաղ կարգվորման հասնել: Տեղեկատվական պայքարում ընդունված տեխնոլոգիա է՝ ասել կես ճշմարտությունը. ադրբեջանական աղբյուրները մոռանում են մեջբերել դիվանագետների նաև այն պնդումը, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով և որ հակամարտության թեժացումը չի կարող ձեռնտու լինել ո՛չ ներգրավված, ո՛չ տարածաշրջանում շահեր ունեցող կողմերից որևէ մեկին: Այլ կերպ ասած՝ ստատուս քվոն ենթակա է փոփոխման միայն բանակցությունների միջոցով: 

Իսկ եթե ադրբեջանական կողմը հույսը դնում է նրա վրա, թե ուժի սպառնալիքով կամ ուժի կիրառմամբ հայկական կողմերին կամ միջնորդներին կստիպի փոխել դիրքորոշումը կարգավորման սկզբունքների և ուղիների շուրջ` ի նպաստ իրեն, կյանքը ցույց է տալիս, որ այդ մոտեցումը ևս չի աշատում: Որքան ագրեսիվ է դառնում հակառակորդն, այնքան ավելի ազատվում են մեր ձեռքերը, միջնորդների շրջանում ամրագրվում է այն մոտեցումը, որ արցախցիներին անհրաժեշտ է փրկել բարբարոսներից: Ասվածի ապացույցներից է, օրինակ՝ Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղարի կողմից վրջերս արված հայտարարությունը: Հայտնելով Ֆրանսուա Օլլանդի՝ ապրիլի 25-ին Բաքու նախանշված այցի մասին (ուր Ֆրանսիայի նախագահը մեկնելու է Երևանում Ցեղասպանության հիշատակման արարողություններին մասնակցելուց հետո)՝  պետքարտուղար Արլեմ Դեզիրը, մասնավորապես, հայտնել էր. «Փարիզը կշարունակի Լեռնային Ղարաբաղի կարգավորմանը և այդ տարածաշրջանում ինքնորոշման իրավունքի պաշտպանությանն ուղղված ջանքերը»: 

Հակամարտության բոլոր նրբություններին տիրապետող դիվանագետների կարծիքից զատ կարևոր է նաև միջազգային հանրային կարծիքը, և այս ասպարեզում ևս որոշ հետաքրքիր տեղաշարժեր են նկատվում: Միջազգային պարբերականներն օգոստոսին շփման գծում լարվածության աճին զուգընթաց պարզապես ողողված են Արցախում պատերազմական գործողությունների վերսկսման վտանգի ահազանգով: Այս իմաստով ուշագրավ է բրիտանական հեղինակավոր BBC-ի՝ երեկ հրապարակած հոդվածն  Արցախում իրադրության  վերաբերյալ, որում ներկայացված են ինչպես ԼՂՀ պաշտոնական դիրքորոշումն, այնպես էլ արցախցիների մտահոգությունները:  Լրատվամիջոցը մասնավորապես մեջբերում է ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետևյալ խոսքերը, «երբ ԼՂ-ն դուրս է մղվում բանակցային գործընթացից, չափազանց հեշտ է ասել, թե հակամարտությունն ինքնորոշման իրավունքի շուրջ չէ, այլ պարզապես տարածքային վեճ է: Այս պարագայում չափազանց հեշտ է Հայաստանին ագրեսոր ներկայացնելը: Մինչդեռ սա հակամարտություն է հանուն ինքնորոշման»: Բրիտանական պարբերականի հրապարակումը  եզրափակում են արցախցի երեք փոքրիկների մայր Լյուդմիլայի հետևյալ խոսքերը. «Եթե կրկին պատերազմ սկսվի, մեր տառապանքները կավելանան, կտառապեն իմ երեխաները: Ադրբեջանական ուժերը երբեք չեն կանգնի հարցի առջև՝ մենք մեղավոր ենք, թե՝ ոչ: Նրանք պարզապես կմտածեն, որ մենք հայ ենք և ապրելու իրավունք չունենք»: 

Այս ամենը վկայում է այն մասին, որ ուժով հարցը լուծելու ադրբեջանական մոտեցումն իրեն չի արդարացնում  ո՛չ դիվանագիտական, ո՛չ միջազգային ասպարեզում այդ երկրի դիրքորոշման ընկալվածության, ո՛չ էլ՝ ռազմական տեսանկյունից: Հայկական կողմերից յուրաքանչյուր վիրավորի կամ զոհի դիմաց ադրբեջանական կողմը վճարում է կրկնակի կորուստներով: Երեկ ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրները տարածել էին տեղեկատվություն երեք զինծառայողի վիրավորվելու մասին: Ակնհայտ է, որ հայ զինծառայողի մահվանից հետո հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների՝ պատճառելով վնասներ:

Ադրբեջանական ագրեսիան ազատում է մեր ձեռքերը, և եթե առաջիկայում հակառակորդը կանգնի իր ներկայիս տարածքային ամբողջականության նոր վերաձևման վտանգի առջև, բոլոր հիմքերը կան մտածելու, որ  միջազգային հանրությունը կունենա ադեկվատ պատկերացում, թե ով է «նոր ստատուս քվոյի» հիմնական պատասխանատուն:   

 

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: