ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀԿ-ների մասին օրենքի նոր նախագիծը դեռևս քննարկվում է. մասնագիտական կարծիքներ

2014թ. դեկտեմբերից բուռն քննարկումներ են տեղի ունենում «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ Կառավարության հեղինակած օրենքի նախագծի շուրջ: Վերջինիս հանրային քննարկումների արդյունքում օրենքի նախագիծը վերամշակվել է: ՀՀ արդարադատության փոխնախարար  Արսեն Մկրտչյանն ապրիլի 8-ին լրագրողներին է ներկայացրել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ կառավարության օրենքի նախագծի վերամշակված տարբերակը:

Անդրադառնալով օրենքի նոր նախագծին՝ նշենք, որ այն նախատեսում է հասարակական կազմակերպությունների լիազորությունների ընդլայնում, քաղաքացիական և իրավաբանական անձանց միավորման հնարավորություն: Այսպես, հասարակական կազմակերպություններին իրավունք է վերապահվելու ինքնուրույն ընտրելու իրենց կառավարման մոդելը: ՀԿ-ների գործունեությունն ավելի թափանցիկ դարձնելու նպատակով նախատեսվում է, որ ՀԿ-ները օրենքի նոր կարգավորումներով պետք է ներկայացնեն երկու տիպի հաշվետվություն. եթե տվյալ հասարակական կազմակերպությունը ֆինանսավորվում է իր միջոցներով, ապա այն պարտավոր է հաշվետվություն ներկայացնել իր անդամներին, իսկ պետական կամ համայնքային միջոցների ներգրավման դեպքում՝ պետական մարմինների:  Ըստ արդարադատության փոխնախարարի՝ այս դրույթները բավականին կարևոր են քաղաքացիական հասարակության սեկտորի ինստիտուցիոնալ զարգացման տեսանկյունից:

Հիշեցնենք, որ օրենքի նախագծի նախորդ տարբերակում պետական մարմիններին տարեկան հաշվետվություն ներկայացնելու մասին կետը մեծ վրդովմունք էր առաջացրել ՀԿ-ների շրջանում, որոնք այն դիտարկում էին որպես վտանգ ՀԿ-ների անկախության համար, որով պետության կողմից իրենց գործունեությանը միջամտելու լծակներն էլ ավելի կուժեղանան: Այժմ այն կազմակերպությունները, որոնք պետական ֆինանսավորում չեն ստանում, պարտավոր չեն լինի ֆինանսական մարմիններին հաշվետվություն ներկայացնելու:

ՀԿ-ների մասին օրենքի նախագծի մյուս կարևոր նորամուծությունը ՀԿ-ներին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքի վերապահումն է: Դա արվում է հասարակական կազմակերպություններին ֆինանսապես ավելի կայուն և անկախ դարձնելու նպատակով: Սակայն «Արմեդիա»-ի հետ զրույցում Հանրային խորհրդի Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը մտավախություն հայտնեց, որ այդ դրույթը կարող է ՀԿ-ների համար դառնալ «զսպաշապիկի» նման մի բան, երբ վերջիններս տեղափոխվեն համապատասխան հարկային դաշտ: Սակայն արդարադատության նախարարությունում վստահ են, որ  այն ավելի լայն հնարավորություն կբացեն հասարակական կազմակերպությունների գործառնական ճկունության համար:  Նշենք, որ «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցի ժամանակ Հովհաննես Հովհաննիսյանը ընդհանուր առմամբ դրական է գնահատել  Հասարակական կազմակերպությունների մասին օրենքի նոր նախագիծը: Նա նշել է, որ այս տարբերակով այն ավելի քիչ թյուրըմբռնումների և տարընթերցումների տեղիք է տալիս, քան 2014թ.  դեկտեմբերին ներկայացված տարբերակը:  Հովհաննիսյանը նաև ավելացնել է, որ քննարկումներն օրենքի այս նախագծի շուրջ շարունակվում են և նրանում դեռևս առկա են մի շարք թերություններ: Սակայն նա հույս է հայտնել, որ Արդարադատության նախարարության  հետ համագործակցության շնորհիվ օրենքում դրական փոփոխություններ դեռևս կմտցվեն:

Հովհաննես Հովնաննիսյանը օրինագծի վերամշակված տարբերակում առանձնացրել է մի շարք դրական նորամուծություններ, ինչպես օրինակ հասարակական կազմակերպությունների դասակարգման հստակեցումը՝ ըստ վերջիններիս անդամակցության կարգի, գործունեության վերաբերյալ հաշվետվության կարգ:

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահ, Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար մարմնի անդամ Հովսեփ Խուրշուդյանը ևս «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում առանձնացրել է օրենքի նախագծում առկա մի շարք թերություններ. «Ցավոք, դեռ հստակեցված չէ ՀԿ-ների գրանցման կարգը, ինչը նախկինում էլ գրանցող մարմնին մեծ հնարավորություններ էր ընձեռում արհեստական խոչընդոտներ հարուցել ՀԿ-ներին գրանցելիս, ինչը բերում է անհարկի քաշքշուկի, քաղաքացիների նյարդերի և ժամանակի վատնման: Ինչ արժե թեկուզ միայն այն փաստը, որ պետռեգիստրի կայքի միջոցով հնարավոր է շատ ավելի արագ և որակով գրանցել շահույթ հետապնդող կազմակերպություններ, իսկ ՀԿ-ների համար անգամ մի օրինակելի կանոնադրության ձև դրված չէ, ինչը հիմք է տալիս գրանցող մարմնի կողմից տառակերության և անհիմն մերժումների: Եվ ընդհանրապես, ժամանակն է ՍՊԸ-ների պես ՀԿ-ների դեպքում էլ անցնել առցանց գրանցման համակարգի, եթե անգամ դա կբերի մի քանի անիմաստ աշխատատեղի կրճատման Արդարադատության նախարարությունում, կնվազեցնի քաղաքացիների շփումը պետական մարմինների հետ՝ հնարավորություն տալով խուսափել դրանից բխող բոլոր կոռուպցիոն ռիսկերից և անախորժություններից»:

Անկախ առկա թերություններից նա ևս դրական է գնահատել օրենքի նախագծի վերամշակված տարբերակը: «Հաճելիորեն զարմացած եմ այն հանգամանքից, որ անցած տարվա նոյեմբերից ի վեր այս խնդրի շուրջ կազմակերպված քննարկումները, որոնց մասնակցում էին նաև նախագծի հեղինակները, բավական կառուցողական մթնոլորտում անցան և քաղհասարակության ներկայացուցիչների, այդ թվում փորձագետների, իրավագետների կողմից ներկայացված առաջարկների մեծ մասը ներառվեց նախագծում»,- «Արմեդիա»-ի հետ զրույցում նշել է  Քաղաքացիական հասարակության ազգային պլատֆորմի անդամ Հովսեփ Խուրշուդյանը:

«Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանն իր հերթին «Արմեդիա»-ի հետ զրույցում նշել է, որ վերամշակված օրինագիծն անգամ ունի մի շարք թերություններ, ինչպես օրինակ հասարակական կազմակերպությունների լուծարման կարգի հստակեցման բացակայությունը, սակայն «այն առնվազն մեկ քայլով առաջ է գործող օրենսդրությունից»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 72%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    22°  12° 
    05.05.2024
    20°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: