ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստան. քաղաքական ճգնաժա՞մ, թե՞ խաղարկվող սցենար

Վրաստանում օրերս տեղի են ունենում բավական հետաքրքիր գործընթացներ: Մեկ շաբաթվա ընթացքում իրենց հրաժարականներն են ներկայացրել երեք նախարարներ՝ ապրիլի 20-ին տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Շավլիաշվիլին, ապրիլի 28-ին՝ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների նախարար Էլգուջա Խոկրիաշվիլին և ապրիլի 29-ին՝ սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Լևան Կիպիանին, այնուհետև հրաժարական է ներկայացրել ողջ կառավարությունը:

Հրաժարականների այս շարքը, բնականաբար, առաջացնում է մի շարք հարցեր՝ դրանց պատճառների և ժամանակի հետ կապված:

Նախևառաջ օբյեկտիվության համար նախարարների հրաժարականները ցանկալի է դիտարկել որպես մեկ ամբողջական շղթայի մասեր: Ինչ վերաբերում է հնարավոր պատճառներին, ապա տվյալ գործընթացը միայն մեկ գործոնով բացատրելը, թերևս, կլինի ոչ կոռեկտ: Տվյալ պարագայում մենք գործ ունենք մի քանի գործոնների համախմբի հետ, որոնք այս կամ այն չափով դարձել են տվյալ գործընթացի պատճառ: Դրանց շարքում առաջին հերթին պետք է նշել վերջին շրջանում առաջ եկած Վրաստանի տնտեսական խնդիրները և դրանց հետ կապված` կառավարության նկատմամբ դժգոհության աճը:

Վերջին սոցիոլոգիական հարցումները ևս փաստում են, որ «Վրացական երազանքը», չնայած շարունակում է վայելել վրացական հասարակության մեծ մասի աջակցությունը, այնուամենայնիվ որոշակիորեն  զիջել է իր դիրքերը։ Մինչդեռ ընդդիմադիր ուժերը, կառավարության անհաջողություններին զուգահեռ, զգալիորեն ամրապնդել են սեփական դիրքերը:

Հաշվի առնելով այս ամենը` իշխող կուսակցությունը պետք է ձեռնարկեր փոփոխություններ (կամ դրանց իմիտացիա) սեփական շարքերում, ինչն ուղղված կլիներ ժողովրդի վստահության վերականգնմանը, առավել ևս՝ հաշվի առնելով, որ որոշ նախարարների աշխատանքի հետ կապված դժգոհություններ էին հնչում անգամ խորհրդարանում: Սեփական դեմքը պահելու խնդիրն առավել հիմնավոր է դառնում, եթե տվյալ գործընթացը դիտարկենք 2016թ-ի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների համատեքստում:

Ինչպես «Վրացական երազանք» կոալիցիայի մեջ մտնող տարբեր ուժերի, այնպես էլ հենց «Վրացական երազանք» կուսակցության տարբեր ներկայացուցիչներ բազմիցս հայտարարել են, որ կոալիցիան իր խնդիրը (իշխանափոխություն) կատարել է, և նոր խորհրդարանական ընտրություններում շատ կուսացություններ հանդես կգան առանձին կամ նոր դաշինքներով: Այս ամենը հստակ գիտակցելով` «Վրացական երազանք» կուսակցության ղեկավարության կողմից բնականաբար պետք է ձեռնարկվեին սեփական դիրքերի ամրապնդմանն ու համախոհների շարքերը համալրելուն ուղղված քայլեր: Դրա մասին են վկայում նաև մամուլում հայտնված այն լուրերը, թե նախարարների հրաժարականների հարցը որոշվել է օրեր առաջ կայացած «Վրացական երազանքի» քաղխորհրդի նիստում:

Չպետք է բացառել նաև, որ կառավարությունում տեղի ունեցող փոփոխությունները մասամբ կարող են պայմանավորված լինել ներկլանային մրցակցությամբ: Այս առումով վերջին շրջանում սկսել են շրջանառվել նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի կողմից ներկայիս վարչապետի թիմակիցներին «սեփական մարդկանցով» փոխարինելու մասին վարկածները: Հաշվի առնելով Իվանիշվիլիի ազդեցությունը և նրա կողմից իշխանության հասնելու համար ներդրված ռեսուրսները` տվյալ մոտեցումը ևս ունի իրատեսական հիմքեր:

Բացի հրաժարականների տարբեր դրդապատճառներից, առավել հետաքրքրական է մեկ այլ հանգամանք. Վրաստանի սահմանադրության համաձայն` կառավարության կազմի 1/3-ի փոփոխման դեպքում վարչապետը և կառավարության կազմը նորից պետք է ստանան խորհրդարանի վստահության քվեն: Լևան Կիպիանին իր հրաժարականից հետո դարձավ պաշտոնից հրաժարված թվով 7-րդ նախարարը (Վրաստանի կառավարությունը կազմված է 20 անդամից), ինչից հետո,  վրացական օրենսդրության համաձայն, ավտոմատ կերպով հրաժարական է տվել ողջ կառավարությունը, իսկ կառավարության բոլոր անդամներն արդեն հանդիսանում են ժամանակավոր պաշտոնակատարներ:

Ըստ Վրաստանի սահմանադրության` խորհրդարանական մեծամասնությունը պետք է որոշի վարչապետին, որին 7-օրյա ժամկետում պաշտոնապես պետք է ներկայացնի նախագահը: Այնուհետև վարչապետը 7-օրյա ժամկետում պետք է որոշի կառավարության կազմը և ներկայացնի խորհրդարանին: Խորհրդարանն, իր հերթին, երկու շաբաթվա ընթացքում պետք է որոշում կայացնի կառավարությանը վստահություն հայտնելու հարցի շուրջ:

Ստեղծված իրավիճակը, բնականաբար, պարունակում է թեև փոքր, սակայն հնարավոր որոշ ռիսկեր` պայմանավորված քաղաքական մշակույթի առանձնահատկություններով, իշխող մեծամասնության կոալիցիոն բնույթով և մի շարք այլ գործոններով: Չնայած այս ամենին, ամենայն հավանականությամբ, «Վրացական երազանքի» ղեկավարության կողմից ամեն ինչ նախօրոք հաշվարկվել է, իսկ հնարավոր ցնցումների կամ անցանկալի զարգացումների հավանականությունը նվազեցվել:

Կարող ենք ենթադրել, որ վարչապետ Ղարիբաշվիլին մի քանի օրից կներկայանա վերահաստատված նոր կառավարությամբ, եթե իհարկե «Վրացական երազանքի» ղեկավարության կողմից չկա նախատեսված այլ սցենարային զարգացում: Նման եզրակացության համար հիմք է ծառայում նաև վարչապետ Ղարիբաշվիլիի հայտարարությունն առ այն, որ նոր կառավարության կազմում կլինի միայն 2 նախարարի փոփոխություն (հրաժարական տված վերջին 2 նախարարների փոխարեն), ինչպես նաև կոչն` ուղղված խորհրդարանին և նախագահին` հնարավորինս շուտ ավարտին հասցնել սահմանադրությամբ նախատեսվող գործընթացները:  

Այսպիսով, Վրաստանը հայտնվել է քաղաքական կայունության տեսանկյունից որոշակի ռիսկային իրավիճակում, որն իշխող կուսակցությունը պետք է հնարավորինս ծառայեցնի սեփական շահերին` պահելով վերահսկողության տակ, հակառակ դեպքում` այն կարող է դառնալ լուրջ քաղաքական ճգնաժամի պատճառ: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: