ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Մեծ հաղթանակի 70-ամյակը, պատմության դասեր» թեմայով կլոր սեղան Երևանում

Ապրիլի 30-ին «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում կայացել է Եվրասիական փորձագիտական ակումբի հոբելյանական հանդիպումը։ Այդ կապակցությամբ ակումբի 21 անդամներից շատերի, ինչպես նաև Հայաստանում Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի դեսպանատների ներկայացուցիչների և այլ հյուրերի մասնակցությամբ անցկացվել է կլոր սեղան «Մեծ հաղթանակի 70-ամյակը, պատմության դասեր և արդիական հնչողության հարցեր» թեմայով, որը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին։

Մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել են կազմակերպիչները՝ ի դեմս «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի նախագահ Գագիկ Հարությունյանի ու «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական, վերլուծական հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանը։ Ողջույնի խոսքով է հանդես եկել ՀՀ-ում Բելառուսի դեսպան Ստեփան Սուխորենկոն, ՀՀ-ում ՌԴ դեսպանի ողջույնի խոսքն ընթերցել է դեսպանի խորհրդական Անդրեյ Իվանովը։

Սուխորենկոն նշել է, որ ներկայիս տեղեկատվական պատերազմի պայմաններում կարևոր է հետևողական աշխատանք տանել երիտասարդության հետ։ «Մեզանից ցանկանում են խլել մեր հաղթանակը»,- ասել է նա՝ հավելելով, որ «երիտասարդությունը պետք է պատրաստ լինի այն «վարակներին», որ փորձ է արվում ներմուծել մեր հասարակություն»։

 ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի ուղերձում նշվում էր, որ «հնարավոր չէ գերագնահատել այդ հաղթանակի արժեքը, ինչպես նաև Խորհրդային Միության ժողովուրդների ներդրումը»։ Միաժամանակ մտահոգություն էր արտահայտվում այն կապակցությամբ, որ այսօր արևմտյան մի շարք երկրներ փորձում են կեղծել պատմությունը՝ նվազեցնելով ԽՍՀՄ դերն այդ հաղթանակում։ Շեշտադրվում էր Ուկրաինայում ծայրահեղ ուժերի և տրամադրությունների աճը և կարևորվում պատմության խեղման փորձերի քննարկումը, այդ թվում Ուկրաինայի մասնակցությամբ։

Կլոր սեղանի ընթացքում զեկույցներով հանդես են եկել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի նախագահ Գագիկ Հարությունյանը, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը, «Մայր Հայաստան» թանգարանի տնօրեն Ավագ Հարությունյանը, «Նորավանք» հիմնադրամի ղեկավարի տեղակալ Սերգեյ Սարգսյանը, Հայաստանի վետերանների միության փոխնախագահ Միքայել Ստեփանյանը և պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը։

Գագիկ Հարությունյանն իր զեկույցում անդրադարձել է տեղեկատվական պատերազմներին և պատմության ընկալման վրա դրանց ազդեցությանը: Նա համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ու այսօր տեղեկատվության տարածման և տեղեկատվական պատերազմների եղանակներն ու արդյունավետությունը: «Այն հասարակությունը, որը կորցնում է պատմական հիմքը, ամենից շատ է խոցելի տեղեկատվական-հոգեբանական ազդեցության համար»,- ընդգծել է Հարությունյանը՝ կարևորելով Հայրենական պատերազմի և, ընդհանրապես, պատմության մասին հասարակության տեղեկացումը: Ինչպես իր խոսքում նշել է Հարությունյանը, այսօր զորք ունենալը քիչ է հաղթանակ տանելու համար, հարկավոր է հասարակության ինֆորմացիոն պատրաստվածությունը: «Այսօր խաղաղության և պատերազմի միջև սահմանները ջնջվել են, խաղաղությունը պատերազմ է և այդ պատերազմում ինչպես 70 տարի առաջ, մեզ հաղթանակ է հարկավոր»,- եզրափակել է Գ. Հարությունյանը:

Տեղեկատվական պատերազմի և անցյալն իմանալու, հիշելու մասին խոսել է նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը: «Մարդու երևակայությունը չի հերիքի պատկերացնելու համար այն սխրանքը, որ գործել են խորհրդային ժողովուրդները»,- ասել է Հարությունյանը: Նրա խոսքերով՝ այդ հաղթանակն ազդել է պատմության ընթացքի վրա և փոխել է աշխարհը: Այժմ կարևոր է թույլ չտալ պատմության խեղում, քանի որ, բանախոսի խոսքերով, Արևմուտքը փորձում է իրեն վերագրել այդ հաղթանակը: «Մենք պետք է հաղթանակ տանենք այս տեղեկատվական պատերազմում»,- ասել է Վ. Հարությունյանը:

Իսկ անցյալը հիշելու և դրանով իսկ պաշտպանված լինելու համար կարևոր է երիտասարդ սերնդի կրթումը, պատմությունն առավել առարկայական և շոշափելի դարձնելը: Այդ մասին իր ելույթում խոսել է «Մայր Հայաստան» թանգարանի տնօրեն Ավագ Հարությունյանը՝ ներկայացնելով թանգարանի գործունեությունն ու այն միջոցառումները, որ իրականացվում են պատերազմի մասին հիշողությունը երիտասարդ սերնդի մոտ ամրապնդելու համար: «Հայ ժողովրդի բազմադարյան պատմությունը ցույց է տալիս, որ առանց հայրենասիրության հնարավոր չէ գոյատևել, առավել ևս՝ ունենալ ինքնավար պետություն: Հետևաբար, հենց երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակությունն է հասարակությունը միավորող գործոնը»,- նշել է Ա. Հարությունյանը:

Իսկ Հայրենական պատերազմի ժամանակ հայ ժողովրդի մասնակցության մասին առավել մանրամասն խոսել են տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը և Հայաստանի վետերանների միության փոխնախագահ Միքայել Ստեփանյանը:

Էդուարդ Ղազարյանը հակիրճ ներկայացրել է հայկական 6 դիվիզիաների մասնակցությունը Հայրենական պատերազմին՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ ԽՍՀՄ ազգերից հայերը չորրորդ տեղում են եղել պատերազմի մասնակիցների թվով: «Չկա այնպիսի ընտանիք, որին չի անդրադարձել պատերազմը, և Հաղթանակի օրը մեկընդմիշտ կմնա ամենավառ տոներից մեկը Հայաստանում»,- ասել է Ղազարյանը:

«Հաղթանակի օրը ոչ միայն չի կորցնում իր փայլը, այլ լրացուցիչ տեղ է ձեռք բերում»,- իր ելույթում նշել է Հայաստանի վետերանների ասոցիացիայի ղեկավար Միքայել Ստեփանյանը:

Իսկ ռազմական փորձագետ Սերգեյ Սարգսյանը իր ելույթում անդրադարձել է հայկական բանակի ներկայիս մարտունակությանն ու որոշ զուգահեռներ տանելով Հայրենական մեծ պատերազմի հետ՝ շեշտել է, որ ռազմական տեխնիկայի առաջադեմ լինելն ու զորքի քանակը միշտ չէ, որ հաջողության գրավական են: Նա նշել է, որ «այսօր մենք մարտունակ ենք, սակայն դա դինամիկ գործընթաց է և մշտապես անհրաժեշտ է բարելավել զորքի մարտունակությունը»: Բացի այդ՝ Սարգսյանը նշել է, որ Ադրբեջանն այսօրվա պայմաններում չի անցնի լայնամասշտաբ ռազմական գործողությունների, դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե նա կորցնի Ադրբեջանի ներքին կյանքի հանդեպ վերահսկողությունը:

Կլոր սեղանի մասնակիցները հիշել են հայ ժողովրդի կատարած սխրանքներն ու մեծ ներդրումը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում՝ հարգանքի տուրք մատուցելով պատերազմի բոլոր մասնակիցների հիշատակին: Միաժամանակ կարևորվել են այդ հաղթանակի մասին հիշողության պահպանումն ու ներկայիս տեղեկատվական պատերազմի պայմաններում սեփական հանրությունը պաշտպանելը: Որպես «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» իրավիճակում ապրող հասարակություն՝ մենք պարտավոր ենք վառ պահել մեր հաղթանակների մասին հիշողությունն ու պաշտպանված լինել ամեն տեսակի սպառնալիքներից: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 7,2 կմ/ժ
    18 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    20°  10° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: