ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միջադեպ հայ-վրացական հարաբերություններում. պրոֆեսիանալիզմի պակա՞ս, թե՞ ընտրողական մոտեցում

Մայիսի 4-ին հայ-վրացական հարաբերություններում տեղ գտավ աննախադեպ մի միջադեպ, որը բավական լայն արձագանք ստացավ նաև մամուլում: Խոսքը վերաբերում է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և Հարավային Օսիայի խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովի ԼՂՀ-ում տեղի ունեցած հանդիպման շուրջ բարձրացված աղմուկին: Նախևառաջ նշենք, որ տվյալ միջադեպի հիմնական պատճառը տարածված ապատեղեկատվությունն ու  ԶԼՄ-ների ոչ պրոֆեսիոնալ աշխատնքն էր, ինչը որոշակի ճնշում էր ստեղծել նաև կողմերի բարձրաստիճան պաշտոնյաների վրա:

Ապատեղեկատվություն էր հանդիսանում մասնավորապես այն, թե հարավօսական խորհրդարանի ղեկավարը ժամանել է ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանի հրավերով, իսկ հանդիպումը կրել է պաշտոնական բնույթ: Այս ամենը, սակայն, իրականության հետ որևէ կապ չուներ. նախ հանդիպումը եղել է ոչ պաշտոնական՝ անձնական բնույթի, իսկ Բիբիլովի այցը պայմանավորված էր ԼՂՀ խորհրդարանական ընտրություններով:

Բացի ապատեղեկատվությունից, մենք ականատես եղանք ԶԼՄ-ների (հիմնականում վրացական) ոչ պրոֆեսիոնալ գործելաոճի վառ դրսևորման, երբ առանց տեղեկատվության ճշգրտման այն սկսվում են տարածել, ավելին՝ հավաքում են փորձագիտական մեկնաբանություններ տվյալ կեղծ տեղեկատվության հիման վրա: Չենք կարող բացառել նաև, որ ապատեղեկատվության նման լայն տարածման և տվյալ թեմայի շահարկման հարցում իր «նպաստն» են ունեցել նաև ադրբեջանամետ որոշ ուժեր:

Առավել անհասկանալի էր վրացական կառավարության արձագանքը, որը կարելի է որակել որպես «ոչ ադեկվատ»: Ցավոք, վրացական որոշ ԶԼՄ-ների ոչ պրոֆեսիոնալ գործելաոճը վարակիչ հանդիսացավ նաև պետական մարմինների համար, ինչի պատճառով վրացական ղեկավարությունը, դիվանագիտական խողովակներով ներքին ճշգրտումներ իրականացնելու փոխարեն, ձեռնարկեց բացահայտ և անհարկի քայլեր, որոնք չէին համապատասխանում երկկող հարաբերությունների հռչակված բարիդրացիական և բարեկամական բնույթին: Վրացական կողմի պահվածքն առավել ապակառուցողական է դառնում, երբ հստակ է, որ դա ընտրողական մոտեցման արդյունք է և որոշ հարևանների նույնաբովանդակ և առավել սադրիչ քայլերի դեպքում վրացական ղեկավարությունը նախընտրում է առավել զուսպ պահվածք:

Վրաստանի ղեկավարության նման չափազանցված և անհիմն աղմուկն առավել անտրամաբանակ է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ նույն Հայաստանը ոչ մեկ անգամ է աչք փակել Վրաստանի կողմից բացահայտ (կամ առնվազն պոտենցիալ) հակահայկական բովանդակություն ունեցող քայլերի  վրա, որի դրսևորումներից մեկին ականատես եղանք այս օրերին Անկարայում:

Թերևս կարող ենք ենթադրել, որ հայկական կողմի զուսպ և հավասարակշռված մոտեցումը վրացական ղեկավարությունը մինչ օրս սխալմամբ համարել է օրինաչափ: Սակայն, ինչպես տեսնում ենք, մեր հյուսիսային հարևանի նկատմամբ անհրաժեշտ է կիրառել առավել հետևողական և զգոն քաղաքականություն՝ համապատասխանաբար արձագանքելով ինչպես պետական, այնպես էլ փորձագիտական մակարդակով հնչող տարբեր հայտարարություններին և մեկնաբանություններին, որոնք այս կամ այն կերպ առնչվում է ՀՀ պետական և ազգային շահերին: Նման անհրաժեշտության մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ վերջին շրջանում բավական հաճախակիացել են վրացական կողմից հնչող այնպիսի հայտարարությունները, որոնք միտումնավոր կամ ոչ միտումնավոր կերպով խախտում են տարածաշրջանային հավասարակշռության սկզբունքը:

Ամփոփելով կարող ենք նշել, որ տվյալ միջադեպը մեկ անգամ ևս փաստում է, որ հայ-վրացական հարաբերությունները ոչ լիովին են համապատասխանում նրանց հռչակված կամ հայտարարված մակարդակին և կան լուրջ անելիքներ երկկողմ հարաբերություններին իրական բարեկամական և բարիդրացիական բնույթ հաղորդելու համար: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: