ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Յոգան Հայաստանում. «Յոգան մարմնի ամրություն է, մտքի կայունություն և մտածողության պայծառություն»

2014 թվին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ժամանակ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին առաջարկեց սահմանել Յոգայի միջազգային օր: Եվ արդեն դեկտեմբերին, ստանալով ձայների ռեկորդային՝ 175 թիվ, միաձայն ընդունվեց բանաձև, ըստ որի հունիսի 21-ը հայտարարվեց Յոգայի միջազգային օր:

Ինչպես նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը. «Հռչակելով հունիսի 21-ը Յոգայի միջազգային օր, Գլխավոր Ասամբլեան ուշադրություն է հատկացրել այս հնագույն պրակտիկայի բազմակողմանի օգտակարությանը մեր ժամանակակից աշխարհում առողջության և բարեկեցության համար»:

Վարչապետ Մոդին, իշխանության գալով 2014թ. մայիսին, արդեն մի քանի ամիս անց հիմնեց նաև Յոգայի և այուրվեդայի նախարարություն: Ի դեպ, Հնդկաստանի դպրոցներում ուսուցանում են յոգա: Նույնիսկ վերջերս յոգան ներմուծվել է նաև հնդկական բանտերում:

Հայաստանում միշտ էլ մեծ հետաքրքրություն է եղել յոգայի նկատմամբ: Դեռ խորհրդային տարիներին, երբ շատ դժվար էր այս թեմայով գիրք գտնել, և մարդիկ այդ տեղեկատվությունը բազմացնում էին՝ արտագրելով կամ գրամեքենայի վրա տպագրելով, կային յոգայով զբաղվող մարդիկ, հետաքրքրվողների համար կարդացվում էին դասախոսություններ:

Այժմ, երբ տեղեկատվության պակաս չի զգացվում և յոգայի հայրենիք գնալն էլ դյուրին է դարձել, հնարավորություն է ստեղծվել անձամբ գնալ Հնդկաստան և յոգայի դասընթացներ անցնել հնդիկ ուսուցիչների մոտ: Այս ուղևորություններից հետո վերադառնալով՝ շատերը ստեղծել են յոգայի կենտրոններ Հայաստանում: Դրանցից են. Հայաստանի յոգայի ֆեդերացիան, Հիմալայան յոգայի կենտրոնը, Յոգա-տունը, Լոտոս, Շունչ, Նիրվանա կենտրոնները և այլն:

 Նախ մի փոքր տեղեկություն տանք, թե ինչ է յոգան: Յոգան սանսկրիտերեն բառ է, որն ունի բազմաթիվ իմաստներ, սակայն հիմնականը «կապ» իմաստն է, կապ քո ներաշխարհի, քո շուրջը գտնվող մարդկանց ու բնության հետ: Յոգան շատ լուրջ և հնագույն գիտություն է, աստծո վրա կենտրոնանալու գիտություն: Նրա մասին խոսվում է հնդկական սուրբ գրքերում՝ Վեդաներում: Յոգան ֆիզիկական և մտավոր աշխատանքի համակցություն է` հոգևոր բարձր և հավասարակշռված վիճակի հասնելու համար: Յոգայի վերջնական նպատակը կարող է բազմազան լինել՝ ֆիզիկական առողջությունը լավացնելուց մինչև մոկշայի հասնելը՝ ծնունդների ու մահերի շրջապտույտից ազատագրվելը:

Յոգայի հիմնական ուղղություններն են՝ կարմա-յոգան (ծառայության), ջնանա-յոգան (գիտության), բհակտի-յոգան (նվիրման կամ երկրպագության), կրիյա-յոգան (հմտության, ընդգրկում է նաև հաթհա-յոգան) և ռաջա-յոգան կամ աշտանգա-յոգան (ինտեգրալ, ընդգրկում է բոլոր չորս ուղղությունները)։

Հնդկաստանից դուրս յոգան մեծ մասամբ ասոցացվում է միայն հաթհա-յոգայի և նրա ասանաների՝ ֆիզիկական վարժությունների հետ, ինչը բոլորովին չի արտացոլում յոգայի հոգևոր ու հոգեկան ասպեկտները: Հինդուիզմի փիլիսոփայության կոնտեքստում յոգայի տակ հասկացվում է ռաջա-յոգայի համակարգը, որը շարադրված է իմաստուն Պատանջալիի «Յոգա-սուտրաներում»:

Հատուկ կցանկանայինք նշել, որ յոգան կրոնի հետ ընդհանրապես կապ չունի: Այն փիլիոսափայություն է, աշխարհայացք, ապրելակերպ: Դա մի համակարգ է, որի միջոցով մարդը զբաղվում է ինքնաբուժմամբ, սկսում է հասկանալ իր ներաշխարհը, հասնում հոգևոր կատարելության մեդիտատիվ տեխնիկաների՝ մտավոր կենտրոնացման շնորհիվ: Յոգայի գաղափարը մարդու երջանկությունն է, միտքը: Յոգան մտքի թրթիռները հանգստացնելու միջոց է: Յոգայի փիլիսոփայության հիմքում սերն է և ազատությունը: Ինչպես ասում է հին ասացվածքը. Յոգան ժամանակ չի խլում, այն ժամանակ է տալիս: Բոլորը կարող են զբաղվել յոգայով, անկախ տարիքից, սեռից, կրոնից:

Յոգայի ֆեդերացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյանի խոսքով, յոգան մեր մոռացված հինն է, այն եղել է հին հայկական մշակույթում, քանի որ չակրաների՝ էներգետիկ կենտրոնների մասին կան նաև հայագիտական աղբյուրներում, այդ թվում՝ Մատենադարանում պահվող:

Քրիստինե Գասպարյան, 24 տ., եվրոպագետ. - Յոգայով սկսեցի զբաղվել ամենօրյա և աշխատանքային լարվածությունից ազատվելու համար: Ինքս ձեռք եմ բերում թեթևություն, հանգստություն, ինչ-որ տեղ նաև նոր նախաձեռնությունների մոտիվացիա: Շատ եմ լսել, որ կան մարդիկ, որ յոգան չեն հավանում, բայց այն ինձ թե' ֆիզիկական, թե' հոգեկան հանգստություն է տալիս: Դեռ մի քանի ամիս եմ պարապում, հուսով եմ որոշ ժամանակ անց արդեն կկարողանամ ֆիզիկական մասի լարվածությունը հաղթահարելով ավելի բարձր հոգեկան հավասարակշռության հասնել` ինչն էլ յոգայի հիմքն է: Յոգայով զբաղվող մարդը հավասարակշռված և հանգիստ է կյանքի բոլոր ոլորտներում:

Լիլիթ Սիմոնյան, 37տ., յոգայի մարզիչ. – Փոքրուց եմ առնչվել յոգայի հետ, երբ մորաքույրս, դեռ խորհրդային տարիներին, զբաղվում էր յոգայով: Այնուհետև սկսեցի յոգա պարապել մի մասնագետի մոտ, որը մեկ տարի ապրել էր հնդկական աշրամում՝ վանքում և սովորել յոգայի ուսուցչի մոտ: Յոգայի շնորհիվ ես դարձա ֆիզիկապես ավելի ուժեղ, բնավորությամբ ավելի խաղաղ: Յոգայի շնորհիվ անցյալ տարի ես երեխա ունեցա առանց որևէ բարդության, շատ արագ և հեշտ, ի տարբերություն ինձ հետ այդ ժամանակ ծննդաբերող ինձնից 10-15 տարով փոքր աղջիկների, ինչով շատ զարմացրեցի բժիշկներին: Փոքրիկս էլ շատ առողջ և հանգիստ երեխա է:

Աննա Գասպարյան, 64տ., թոշակառու. – Առաջին հերթին յոգան ինձ սովորեցրեց առողջ ապրելակերպ, ճիշտ սննդակարգ: Այն ինձ գիտելիք տվեց կյանքի վերաբերյալ, սեր դեպի բնությունը և մարդկությունը: Յոգայի շնորհիվ կարողանում ես ճիշտ հասկանալ երկրի վրա քո անելիքը, գնահատել այն, ինչ ունես, ձգտում ես ներդաշնակության: Արդյունքն այն է, որ փոխվում է մտածելակերպդ, իրերը ճիշտ տեսանկյունից ես դիտարկում, մի տեսակ կարծես ավելի վերևից: Ես իրոք գոհ եմ, որ այս տարիքում ինձ համար հայտնաբերել եմ յոգան: Այժմ շատ բաների այլ կերպ եմ նայում: Ափսոս, եթե ավելի վաղ առնչվեի յոգայի հետ, միգուցե իմ կյանքի որոշ սխալները չլինեին…

            Այժմ մեջբերենք մի քանի մտքեր յոգայի մասին:

«Յոգան մեզ սովորեցնում է, թե ինչպես բուժել այն, ինչին անհնարին է դիմանալ, և ինչպես դիմանալ նրան, ինչն անհնարին է բուժել»: Բելուր  Կրիշնամաչար Սունդարաջա Այենգար

«Յոգա՝ նշանակում է կյանքի ձև, որը հնարավոր է դարձնում լիարժեք ֆիզիկական, հոգևոր և բարոյական առողջության հասնելը: Յոգայի ռացիոնալ բնույթը հակասության մեջ է գտնվում կրոնական ծեսերի և դոգմաների հետ: Յոգայի համակարգն ըստ էության ընդհանուր ոչինչ չունի կրոնի և կրոնական հավատալիքների հետ: Յոգայի տեխնիկան խիստ հիմնավորված է: Նրա կիրառումը բերում է ցանկալի արդյունքների առանց գերբնական ուժի հավատալու անհրաժեշտության: Յոգան չի սահմանափակվում կաստայով, կրոնով, հավատով, ռասայով, ազգային պատկանելությամբ, տարիքով, սեռով: Նա, ով կարծում է, թե յոգայով զբաղվելը կապված է աստծուն հավատալու հետ, սխալվում է»: Շրի Յոգենդրա

«Յոգան մարմնի ամրություն է, մտքի կայունություն և մտածողության պայծառություն»: Գհերանդա Սամհիտա

«Մարմինն ապրում է անցյալում, միտքը՝ ապագայում: Յոգայում նրանք հանդիպում են ներկայում»: Այենգար


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: