ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանի միջուկային ծրագիր. հաջող ավա՞րտ, թե՞ հերթական ֆիասկո

Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջնական համաձայնության հասնելու նախանշված հունիս 30 վերջնաժամկետից  ուղիղ մեկ ամիս առաջ` մայիսի 30-ին  կայացավ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերինի և Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի  հանդիպումը, որի ընթացքում կողմերը մոտ վեց ժամ քննարկում ունեցան:  Ինչպես հայտնում է New York Times-ը` հղում կատարելով ամերիկացի պաշտոնյաների, ովքեր նախընտրում են անանուն մնալ, երկկողմ քննարկումները ժամանակ առ ժամանակ լարված էին դառնում, սակայն «շատ ավելի կենտրոնացված և բավական խորն էին»:  Մինչ Քերիի հետ հանդիպման մեկնարկը Իրանի արտգործնախարարը, պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք կողմերին կհաջողվի՞ մինչև սահմանված վերջնաժամկետը համաձայնության գալ, հակիրճ նշել է. «Կփորձենք»: Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մեկ անգամ չէ, որ կարևորել է սահմանված վերջնաժամկետները` նշելով, որ դրանք ծառայում են որպես «գործողության դրդող մեխանիզմներ»` կողմերին ստիպելով դժվար որոշումներ կայացնել: Այնուամենայնիվ դեռևս հստակ չէ, թե կհաջողվի՞ արդյոք կողմերին մինչ սահմանված վերջնաժամկետը գալ ընդհանուր հայտարարի:

Հարցի պատասխանը կախված է նրանից, թե կողմերին կհաջողվի ընդհանուր եզրահանգման գալ դեռևս չհամաձայնեցված խնդիրների շուրջ: Չհամաձայնեցված կարևոր հարցերի շարքում է Արևմուտքի կողմից պահանջվող այսպես կոչված «արդյունավետ ստուգման միջոցառումների» իրականացումը, ինչպես նաև պատժամիջոցները չեղյալ հայտարարելու  ժամկետների հստակեցումը: Ինչ վերաբերում է առաջինին, ապա Արևմուտքը շարունակում է պնդել լայնամաշտաբ ստուգումների անհրաժեշտության մասին, որը պետք է ներառի  Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչների կողմից հարցազրույցներ Իրանի միջուկային ոլորտում աշխատող գիտնականների հետ, ինչպես նաև ստուգումներ Իրանի ռազմական բազաներում: Չնայած այն հանգամանքին, որ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Հոմենեին Լոզանում տեղի ունեցած բանակցություններից հետո բացառել էր նման միջոցառումների իրականացումը, Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին իր վերջին հարցազրույցում նշել էր, որ Իրանը համաձայնել է թույլ տալ միջազգային տեսուչներին վերցնել նմուշներ Իրանի ռազմական «տարածքների հարակից տեղանքներից»:

Ինչ վերաբերում է պատժամիջոցները չեղյալ  հայտարարելու ժամկետներին, ապա այս հարցում Իրանը ցանկանում է սեղմ ժամկետներում ազատվել ՄԱԿ-ի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցներից, մինչդեռ բանակցող հակառակ կողմը ցանկանում է հասնել այսպես կոչված «արագ հետդարձի» մեխանիզմին, ինչը նրանց թույլ կտա հարկ եղած դեպքում Իրանի հանդեպ նորից նույն պատժամիջոցները սահմանել՝ առանց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում հերթական քվերակություն կազմակերպելու, ինչը  կարող է հանգեցնել Ռուսաստանի հնարավոր վետոյին:

Չնայած որ դեռ անորոշ է, կհաջողվի՞ արդյոք կողմերին հասնել համաձայնության վերը նշված վիճարկելի հարցերի շուրջ, ընթացող զուգահեռ զարգացումները, մասնավորապես՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից նախաձեռնվող քայլերը, տպավորություն են ստեղծում, որ այս երկու երկրները «նախապատրաստվում են» Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջնական համաձայնագրին: ԱՄՆ-ի կողմից նման քայլերի շարքում կարելի է առանձնացել ԱՄՆ նախագահի վերջին հանդիպումը Ծոցի երկրների հետ, ինչպես նաև մամուլում շրջանառվող վերջին տեղեկությունն առ այն, որ ԱՄՆ-ն Իսրայելին փոխանեցել է մեծ քանակի ռազմական օգնություն: Նույնը կարելի է ասել վերջին շրջանում տարածված այն տեղեկության մասին, որ ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են կնքել նոր ռազմական համաձայնագիր, որով ԱՄՆ-ն Իսրայելին տարեկան 3.6-3.7 միլիարդ դոլար կհատկացնի ռազմական ծախսերի համար (եթե այս պայմանագիրը կյանքի կոչվի, ապա այն, ըստ էության, կհանդիսանա Իսրայելի և ԱՄՆ-ի միջև 2007-ին կնքված համաձայնագրի շարունակությունը, որի ժամկետը վերջանում է 2017-ին):

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այս դեպքում նույնպես տարածված տեղեկություններն առ այն, որ Ռուսաստանի պետական ատոմային էներգիայի կորպորացիան և Իրանի ատոմային էներգայի կազմակերպությունը պատրաստվում են մոտ օրերս քննարկել համագործակցության հետագա ուղիները, որը կարող է ներառել նաև Իրանի կողմից Ռուսաստանին ուրանի մատակարարում, պատահական չէ: Այս ամենը գալիս է ապացուցելու, որ թե՛ ԱՄՆ-ն և թե՛ Ռուսաստանը բարձր են գնահատում Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջնական համաձայնության գալու հավանականությունը, այդ իսկ պատճառով նպատակահարմար են համարում նախապատրաստվել, հետագայում առավելագույն օգուտներ քաղելու համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    13 C°
     
    18°  12° 
    07.05.2024
    19°  10° 
    08.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: