ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոլդովան նոր ցնցումների շեմին է

Մոլդովայի կառավարությունը հրաժարական է տվել: Երկրում առաջացած տնտեսական ճգնաժամն, արդյունքում, վերածվում է քաղաքական ճգնաժամի: Կոալիցիայի անդամներն անակնկալի են եկել, նոր կոալիցիոն կառավարության շուրջ բանակցությունները սկսված են:

Մոլդովայի կառավարությունը լուծարվել է: Պատճառը հունիսի 12-ին երկրի վարչապետ Կիրիլ Գաբուրիչի հրաժարականն է: Գաբուրիչը դեռ նախօրեին հատարարել էր հրաժարական տալու իր մտադրության մասին՝ կապված երկրում կոռուպցիայի անընդունելի բարձր մակարդակի հետ: Անհաջող գործարքների արդյունքում երկրի բանկային համակարգից 1 մլրդ եվրոյի դուրս բերումից հետո վարչապետը երկրի նախագահից և խորհրդարանից պահանջել է աշխատանքից հեռացնել Ազգային բանկի և Ֆինանսական շուկայի հարցերով հանձնաժողովի նախագահներին՝ հակառակ դեպքում սպառնալով հրաժարական տալ: Նրա պահանջները չեն բավարարվել, ավելին, Մոլդովայի գլխավոր դատախազությունը Գաբուրիչին հարցաքննության է ենթարկել՝ հայտարարելով, որ կան տվյալներ, ըստ որոնց, միջնակարգ կրթության մասին նրա դիպլոմը կարող է կեղծ լինել:

Դրանից հետո հունիսի 12-ին Գաբուրիչը հայտարարել է. «Երեկ ինձ կանչել են Գլխավոր դատախազություն կրթության վերաբերյալ փաստաթղթերի հարցով: Հասկանում եք, որ դա տեղի է ունեցել մի շարք պաշտոնյաների հեռացման անհրաժեշտության վերաբերյալ իմ հայտարարությունից հետո: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ լքում եմ պաշտոնս»:

Նրա հրաժարականն անակնկալ է դարձել կոալիցիայի մյուս անդամների համար: Ըստ նախնական տվյալների այն նախատեսվում էր երկրում հունիսի 14-ին ծրագրված ՏԻՄ ընտրություններից հետո:

Այժմ բանակցություններ են սկսվել նոր կոալիցիոն կառավարություն ձևավորելու վերաբերյալ: Դրա համար օրենքով սահմանված է երեք ամիս ժամկետ:

Գաբուրիչի գլխավորած կառավարությունը երկարատև բանակցություններից հետո փետրվարի 18-ին ձևավորել էր «Հանուն եվրոպական Մոլդովայի» կոալիցիան՝ Լիբերալ-դեմոկրատական և Դեմոկրատական կուսակցություններից, Կոմունիստական կուսակցության աջակցությամբ: Սոցիալիստներն ու լիբերալները դեմ էին քվեարկել: Ըստ դեմոկրատական կուսակցության պատգամավոր Դումիտրո Դյակովի, նոր կոալիցիա կազմելու շուրջ բանակցություններ կտարվեն Լիբերալների կուսակցության հետ:

1 մլրդ եվրոյի դուրսբերումը երկրից առաջացրել է ոչ միայն երկրի վարչապետի, այլև հանրության դժգոհությունը: Հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոց՝ պահանջելով վերջ դնել երկրում կոռուպցիային և անօրինություններին, քանի որ Եվրոպական միության անդամակցության ձգտող երկրում նման երևույթները պարզապես անընդունելի են: Այս երևույթները հարուցում են ինչպես եվրոպամետ, այնպես էլ ռուսամետ կողմնորոշում ունեցող հանրության դժգոհությունը։ Եվրոպական նկրտումներ ունեցող իշխանությունները փաստացի դիմում են այնպիսի քայլերի, որոնք կարող են զգալիորեն հետ գցել երկիրն իր որդեգած ուղուց:

Ի դեպ, հիշեցնենք, որ Մոլդովայում եվրոպամետ և ռուսամետ հատվածները հասարակության մեջ գրեթե հավասար են: Այս ցնցումներն արդյունքում կարող են զգալիորեն սասանել առանց այն էլ ոչ այնքան կայուն եվրոպամետ կառավարության դիրքերը և Մոլդովան ենթարկել վտանգների:

Միաժամանակ, ԵՄ-ի կողմից աչք փակելը Մոլդովայում տեղի ունեցող գործընթացների վրա ու, քաղաքական որոշմանը հերթական անգամ տուրք տալով, երկիրն առաջ տանելը հղի է ճգնաժամային նոր աղբյուր առաջացնելու զգալի վտանգով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: