ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի՝ պատ կառուցելու մասին հայտարարությունը բացառապես քարոզչական բնույթ է կրում

Պաշտոնական Բաքվի հայտարարությունն առ այն, որ մտադիր են հայկական զինվորական ստորաբաժանումների դիրքերին մոտ գտնվող Տերտերի շրջանի որոշ գյուղեր պատով անջատել, իրականում ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական «հայտնի» քաղաքականության հերթական դրսևորումներից մեկը: Նման հայտարարության կամ մտադրության թիրախ-նպատակը և′ միջազգային, և′ հենց սեփական հանրությունն է:

Միջազգային պրակտիկայում, իհարկե, հարևանների հետ խնդիրներ ունեցող երկրների կողմից պատեր կառուցելու երևույթը միշտ էլ եղել է, այստեղ այլ հարց է այդ պատը կառուցելու անհրաժեշտության և նման քայլի գնալու օբյեկտիվության աստիճանը: Նույն խնդրին առնչվում ենք նաև Ադրբեջանի դեպքում: Վերջին շրջանում այս երկրի վարած բավականին կոշտացված քաղաքականությունը, ինչը միջազգային հանրության կողմից Ադրբեջանի «խավիարային դիվանագիտությանը» կուլ գնալու արդյունք է, այս անգամ, փաստորեն, նման դրսևորում ստացավ:

Ինչպես նշեցի, Ադրբեջանի նման քայլն ունի երկու թիրախ: Նախ, պատ կառուցելու մասին հայտարարությամբ  Ադրբեջանը կրկին փորձում է ապակառուցողական տարր մտցնել բանակցային գործընթացում, միջազգային հանրությանը՝ մասնավորապես Մինսկի խմբի համանախագահող երկրներին ցույց տալու, թե իբր հայկական կողմն է, որ խախտում է հրադադարը, և վտանգը հենց այնտեղից է գալիս: Ադրբեջանը, սակայն, հաշվի չի առնում այն, որ վերջերս  հենց համանախագահներն են իրենց հայտարարություններում սկսել նշել, որ հրադադարը խախտողը Ադրբեջանն է, ինչից բխում է, որ անվտանգության ապահովման խնդիրը` որպես պատ կառուցելու պատճառաբանություն, այքան էլ միանշանակ չի ընկալվի: Միևնույն ժամանակ, սակայն, չպետք է բացառել, որ այս ամենը կարող է հենց Ադրբեջանին ձեռնտու ձևով ընկալվել միջազգային հանրության կողմից` հաշվի առնելով վերջինիս ոչ ադեկվատ արձագանքը վերջերս տեղի ունեցած մի շարք դեպքերի հետ կապված՝ Բաքվում ԵԱՀԿ համակարգող գրասենյակի փակումը, Ռիգայի գագաթաժողովի վերջնական փաստաթղթի տակ վերապահումներով ստորագրելը, Ադրբեջանի արտգործնախարարի ներկա չգտնվելը ԱլԳ երկրների արտաքին գործերի նախարարների հինգերորդ ոչ ֆորմալ հանդիպմանը և այլն: Այստեղ պետք է ևս մեկ հանգամանքի վրա ուշադրություն դարձնել: Ադրբեջանը պատ է կառուցում Հայաստանի Հանրապետության հետ սահմանին, որը չի հանդիսանում կոնֆլիկտի կողմ: 

Երկրորդ՝ Ադրբեջանը նաև խնդիր է հետապնդում ևս մեկ միջոցով շեղել սեփական հանրության ուշադրությունը երկրի ներսում տեղի ունեցող տարաբնույթ իրադարձություններից: Սրա կարիքը հատկապես նկատվում է Եվրոպական առաջին խաղերի ավարտից հետո, երբ հանրությանն արդեն որևէ այլ բանով զբաղեցնելու խնդիր է առաջանում: Պատ կառուցելով՝ Ադրբեջանը նաև այլ խնդիր կլուծի. նավթից եկող հսկայական գումարների մի մասի «անհետանալու» վերաբերյալ պատճառաբանություն տալու բավականին լավ առիթ է:

Այս ամենը հաշվի առնելով՝ պետք է ամեն ինչ անել Ադրբեջանի նման հայտարարությունները, որոնք բացառապես քարոզչական բնույթ են կրում՝ ադեկվատ ընկալելու ու դրանց շուրջ ավելորդ խառնաշփոթ չառաջացնելու համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: