ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսական ցուցանակները՝ որպես սպառնալիք Վրաստանի տրանզիտային պոտենցիալին

Հուլիսի 10-11-ին Հարավային Օսիայի սահմանների մոտ ռուս սահմանապահները տեղադրել են նոր սահմանային ցուցանակներ, ինչն առաջ է բերել բուռն արձագանք վրացական կողմի մոտ: Վրացական ղեկավարությունն, ըստ վարչապետ Ղարիբաշվիլիի, ձեռնարկել է  բոլոր հնարավոր դիվանագիտական քայլերը միջադեպի հետ կապված, մասնավորապես՝ վրացական կողմը պատրաստվում է սահմանի տեղաշարժի հարցը բարձրացնել ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և այլ միջազգային կառույցներում: Վրացական կողմն անգամ բողոքի նոտա է ներկայացրել Ռուսաստանին՝ Շվեյցարիայի միջնորդությամբ:

Հատկանշական է, որ վրացական ընդդիմությունը և հասարակական շրջանակները ևս սահմանային խնդրի հետ կապված բավական ակտիվացել են: Վրացական ընդդիմությունն իշխանություններից պահանջում է առավել գործնական և վճռական քայլեր, իսկ հասարակական տարբեր կազմակերպություններ հանդես են գալիս Ռուսաստանի հասցեին քննադատություն պարունակող համատեղ հայտարարություններով, բավական լուրջ արշավ է ծավալվել նաև Facebook սոցիալական ցանցում: 

Թեև սահմանային ցուցանակների տեղափոխման, անգամ փշալարերի անցկացման աշխատանքներ նախկինում ևս կատարվել են, այնուամենայնիվ այս անգամ վրացական կողմի արձագանքն ակնհայտորեն ավելի բուռն է: Դա թերևս բացատրվում է մի քանի հանգամանքներով:

Նոր ցուցանակները հայտնվել են Գորիի շրջանի Ցիտելուբանի գյուղի և Ախալգորյան շրջանի Օրչոսանի գյուղի մոտ, ինչի արդյունքում նոր սահմանից այն կողմ է մնացել այդ շրջանով անցնող Բաքու-Սուփսա նավթամուղի մի հատված: 830 կմ երկարություն ունեցող նավթամուղը տարեկան շուրջ 31 մլն բարել ադրբեջանական նավթ է Վրաստանի տարածքով հասցնում մինչև Սևծովյան Սուփսա նավահանգիստ:  Սահմանային ցուցանակների արդյունքում խողովակաշարի շուրջ 1605 մետրանոց հատվածը հայտնվել է Հարավային Օսիայի սահմանապահների վերահսկողության տակ, ինչը բավական լուրջ մարտահրավերներ է պարունակում դրա հետագա շահագործման հետ կապված: Ստեղծված իրավիճակը հարվածում է ինչպես Վրաստանի՝ որպես տրանզիտային երկրի հեղինակությանն, այնպես էլ երկրի էներգետիկ անվտանգությանը: Թերևս հենց այդ ռիսկերն են դրդել վրացական ղեկավարությանն արդեն իսկ մտածել «գերության մեջ հայտնված» խողովակաշարի հատվածի այլընտրանքային երթուղու կառուցման մասին:  Հատկանշական է, որ հարավօսական իշխանությունները ևս հայտարարությամբ անդրադարձել են խողովակաշարի ճակատագրին և նշել, որ խողովակաշարի շահագործման հետ կապված որևէ խնդրի դեպքում դրա օպերատոր հանդիսացող British Petrolium  ընկերությունը կարող է դիմել իրենց:

Վրացական բուռն արձագանքի մյուս հնարավոր պատճառն այն է, որ նոր սահմանագիծն ընդամենը 500 մետր հեռավորության վրա է գտնվում Վրաստանի Արևելք-Արևմուտք ավտոմայրուղուց, որով անցնում են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային տրանզիտային մեծ հոսքեր: Անշուշտ, միջազգային տրանզիտային լուրջ հանգույց դառնալու հավակնություններ ունեցող երկրի համար նման զարգացումները բավական ռիսկային են և լրջորեն հարվածում են տվյալ երկրի վարկանիշին:

Վրացական կողմի կոշտ արձագանքն ունի նաև հումանիտար դրդապատճառներ: Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ սահմանային ցուցանակների տեղափոխման արդյունքում տեղի վրացական գյուղերի մի շարք բնակիչների հողատարածքներ մնացել են սահմանագծից այն կողմ: Իշխանությունները գիտակցում են, որ սեփական բնակիչներին, նրանց ունեցվածքը պաշտապանելու անկարողությունը բավական լուրջ իմիջային հարված է իրենց համար: Բացի այդ, չնայած Հարավային Օսիայի սահմանապահների հավաստիացումներին, թե գյուղացիները կարող են օգտվել սեփական հողատարածքերից, փորձը ցույց է տալիս, որ սահմանային ցուցանակների հայտնվելուն հաջորդում են սահմանի ամրացման՝ փշալարերի անցկացման աշխատանքները:

Բացի վրացական կողմի նման արձագանքի պատճառներից, բավական հետաքրքիր է հասկանալ նաև ռուսական կողմի՝ սահմանային ցուցանակներն առաջ տանելու որոշումը: Նախևառաջ նշենք, որ պաշտոնական Մոսկվան կտրականապես դեմ է այս հարցով ցանկացած քննադատության և պնդում է, որ սահմանային խնդիրների լուծման համար Վրաստանը պետք է կապ հաստատի ոչ թե Ռուսաստանի, այլ Հարավային Օսիայի հետ: Նման մոտեցումը լավ մտածված է, քանի որ ակնհայտ է, որ Վրաստանը, որը Հարավային Օսիան և Աբխազիան դեռևս համարում է իր անբաժան մաս, չի գնա նման քայլի:

Այն, որ հենց ռուսական կողմն է կանգնած այս ամենի հետևում վկայում է թեկուզև նախորդ տարի Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև կնքված պայմանագիրը, որի համաձայն Ռուսաստանն իր վրա է վերցրել Հարավային Օսիայի անվտանգության ապահովման, այդ թվում՝ սահմանների պաշտպանության խնդիրը: Ինչ վերաբերում է ռուս սահմանապահներին նման հրաման տալու Մոսկվայի դրդապատճառներին, ապա այս առումով կարևոր ենք համարում դիտարկել վերջին մեկ ամսվա ընթացքում Վրաստանի կնքած երկու ռազմական պայմանագրերը:

Խոսքը մասնավորապես գնում է Ֆրանսիական  ThalesRaytheonSystems (TRS) ընկերության և MBDA տիպի հրթիռներ արտադրող եվրոպական ընկերության հետ Վրաստանի կնքած պայմանագրերի մասին, որոնց արդյունքում Վրաստանը պետք է ստանա հակաօդային պաշտպանության ժամանակակից միջոցներ: Անշուշտ, ռուսական կողմը գիտակցում է, որ եվրոպական զենքն առաջին հերթին ուղղված է իր դեմ և, բնականաբար, չէր կարող որևէ կերպ չարձագանքել այդ ռազմական գործարքներին:

Բացի այդ, նման ռազմավարական առաջխաղացմամբ (Բաքու-Սուփսա նավթամուղի մի հատվածն իր վերահսկողության տակ վերցնելով և Արևելք-Արևմուք մայրուղու նկատմամբ կարևոր դիրք գրավելով) Ռուսաստանը մի կողմից փորձեց լուծել մարտավարական-տակտիկական խնդիր, մյուս կողմից՝ հստակ հաղորդագրություն ուղարկեց ինչպես վրացական իշխանություններին, այնպես էլ նրանց արևմտյան դաշնակիցներին, որ ներկա հակամարտության պայմաններում որևէ ստատուս-քվո երաշխավորված չէ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: