ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աշխարհաքաղաքականությունը Ֆրանսիային ստիպում է դեմ գնալ խղճին և ժողովրդավարական սկզբունքներին

Օրերս տարածվեց տեղեկատվություն այն մասին, որ Ֆրանսիայի կառավարությունը քայլեր է ձեռնարկում ԼՂՀ-ի հետ երկրի տարբեր շրջանների համագործակցությանը խոչընդոտելու ուղղությամբ:

Ֆրանսիայի արտգործնախարարն ու ներքին գործերի նախարարը շրջաբերական են ուղարկել պետական իշխանությունը տարածքներում ներկայացնող պրեֆեկտներին։

Շրջաբերականում նրանց կոչ է արվում հիշեցնել տեղական ինքնակառավարման մարմիններին հավատարիմ մնալ Ֆրանսիայի որդեգրած արտաքին պարտավորություններին և հարաբերություններ չհաստատել «Լեռնային Ղարաբաղի և Ղրիմի վարչատարածքային միավորների հետ»: Փաստաթղթում մասնավորապես հիշեցվում է, որ.

«Ֆրանսիական շրջանային [ռեգիոնալ] մի շարք ինքնակառավարման մարմիններ ստորագրել են մի շարք համաձայնություններ Ֆրանսիայի կողմից չճանաչված միավորների հետ: Այս շրջաբերականը նշում է օրենքի կետերը այսպիսի ապակենտրոն համաձայնությունների պարագայում.

- յուրաքանչյուր համաձայնություն պետք է հարգի ֆրանսիական օրենքը և միջազգային պարտավորությունները,

- հատկապես ինքնակառավարման մարմինները (մարզեր, քաղաքապետարաններ, մարզպետարաններ, թաղամասեր, և շրջաններ) իրավունք չունեն կնքելու օրենքից դուրս համաձայնագրեր [այնպիսի] միավորների հետ, որոնք ճանաչված չեն Ֆրանսիայի կողմից, 

- ֆրանսիական ինքնակառավարման մարմինները պետք է փոխանցեն ազգային հանձնաժողովին ապակենտրոն այս համաձայնագրերի մասին, ինչպես նաև արտաքին գործերի վերաբերյալ տեղեկություններ»:

Չափազանց տարօրինակ և ցավալի է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող Ֆրանսիայի արտգործնախարարությունը, տարիներ ի վեր զբաղվելով ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ և քաջ տեղյակ լինելով կոնֆլիկտի արմատներին ու առանձնահատկություններին, նույն հարթության վրա է դնում Արցախի և Ղրիմի հարցերը: Ղրիմի՝ Ռուսաստանի Դաշնությանը միավորումից հետո թերևս սպասելի էր, որ Արևմուտքը կկոշտացնի դիրքորոշումը ժողովուրդների ինքնորոշմանը վերաբերող հարցերում: Սակայն արհեստականորեն նույն զամբյուղում դնելով այդ իրավունքի իրացման երկու տարբեր դրսևորումներ, որոնք տեղի են ունեցել էականորեն միմյանցից տարբեր հանգամանքներում, Ֆրանսիան հարցականի տակ է դնում իր՝ որպես ղարաբաղյան կարգավորման միջնորդի անաչառության հարցը: Ստացվում է, որ պահի աշխարհաքաղաքական շահերի թելադրանքի ներքո կարելի է ուրանալ նույնիսկ տարիներ ի վեր արցախյան կոնֆլիկտի կարգավորման ներքո ներդրած սեփական ջանքերը: Կրկնում եմ, որ ղարաբաղյան կոնֆլիկտի արմատներին քաջ տեղյակ լինելով` ֆրանսիական կողմը հազիվ թե օբյեկտիվ հիմքեր ունի շփոթելու Ղրիմի և Արցախի դեպքերը. ի վերջո, երբ ինքնորոշվեց Ղրիմի ռուսալեզու բնակչությունը, նրա անվտանգությանը չկային ակնառու այնպիսի սպառնալիքներ, ինչպես, օրինակ, Արցախի դեպքում: Ղրիմի էթնիկ ռուսներին ոչ ոք չէր ենթարկել բռնի տեղահանության, ոչ ոք չէր իրականացրել զանգվածային սպանություններ, բռնություններ նրանց նկատմամբ, ինչը նրանց այլ ելք չէր թողնի, քան Ռուսաստանին միավորվելը: Հասկանալի է, որ իրավիճակը միանգամայն այլ էր Արցախի պարագայում, և հազիվ թե դա չեն հասկանում Ֆրանսիայում` երկրում, որը շուրջ երկու տասնամյակ զբաղվում է հենց այս հակամարտության ուսումնասիրմամբ և կարգավորման փորձերով: Ղրիմի և Արցախի դեպքերն էականորեն տարբերվում են նաև նրանով, որ Արցախն ինքնորոշվելով դարձել է անկախ պետություն` չմիավորվելով որևէ այլ երկրի: Եվ Հայաստանը, որպես բանակցային գործընթացում բարի կամքի և կառուցողականության դրսևորում, տարիներ ի վեր ձեռնպահ է մնում ԼՂՀ անկախությունը ճանաչելուց: Հասկանալի է` իրավիճակն ամբողջովին այլ էր Ղրիմի պարագայում:

Մինչդեռ պաշտոնական Փարիզի նման կողմնակալ վերաբերմունքը մտածելու տեղիք պետք է տա հայկական երկու պետություններին, և նրա՝ որպես Մինսկի խմբի համանախագահողի անաչառությունը քննարկելու առիթ հանդիսանա:

Այս իմաստով նույնիսկ էական չէ այն հանգամանքը, որ ֆրանսիական երկու գերատեսչությունները` արտաքին և ներքին գործերի նախարարությունները, շրջանային խորհուրդներին իրենց կամքը թելադրելու համար արդյունավետ գործիքների պակաս ունեն. օրենքով տեղական ինքնակառավարման այս մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում անկախ գործելու իրավունք է վերապահված:

Շրջանները Ֆրանսիայում ինքնակառավարվող վարչական միավորներ են: Պետական իշխանության ապակենտրոնացման մասին 1982թ. մարտի 2-ի օրենքով շրջանի խորհրդի անդամներն ընտրվում են ուղղակի քվեարկության արդյունքում 6 տարի ժամկետով, հետևաբար և ունեն ազատության որոշակի աստիճան:

 Հետևաբար ֆրանսիական շրջանների համագործակցությունն Արցախի հետ վարչական այդ միավորումներն իրականացնում են՝ ընդառաջելով սեփական բնակիչների նախաձեռնություններին, որոնց կողմից և ընտրված են: Փորձելով վերահսկել շրջանների խորհուրդների գործունեությունը` Փարիզը փաստորեն նաև որոշակիորեն սահմանափակում է նրանց՝ խախտելով ժողովրդավարության հիմնական սկզբունքներից մեկը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: