ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բաքուն որոշել է չհանձնվել

Բաքուն դատապարտում է իրավապաշտպաններ Լեյլա Յունուսի և նրա ամուսնու՝ Արիֆ Յունուսի գործով վճռի «նպատակաուղղված քաղաքականացման փորձերը»:

«Մենք դատապարտում ենք Լեյլա Յունուսի և Արիֆ Յունուսի նկատմամբ առաջին ատյանի դատարանի օգոստոսի 13-ին կայացրած վճռի էությունը խեղաթյուրելու և նպատակաուղղված քաղաքականացնելու անընդունելի փորձերը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի կարծիքով, «դատական գործընթացի շրջանակներում դիտորդների համար սահմանափակումների մասին հայտարարություններն անհիմն են. դատն ընթացել է բաց և ազատ մթնոլորտում»:

Ավելի վաղ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Դևիդ Լիդինգթոնը հայտարարել է, որ հիմքեր կան կարծելու, որ դատավճիռը քաղաքական դրդապատճառներ ունի, ինչի մասին վկայում է նաև այն, որ դիվանագետներին ու դիտորդներին թույլ չեն տվել ներկա գտնվել դատավարությանը։

Նախօրեին ծանր հանցագործությունների գծով Բաքվի դատարանը խոշոր չափի խարդախության համար մեղադրվող իրավապաշտպան Լեյլա Յունուսին և ամուսնուն՝ Արիֆ Յունուսին դատապարտել է համապատասխանաբար 8.5 և 7 տարվա ազատազրկման։

Ինչպես և սպսվում էր, Յունուսների նկատմամբ այս դատավճիռը մեծ արձագանք է գտել Արևմուտքում: Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը դատապարտել է Ադրբեջանում իրավապաշտպան Լեյլա Յունուսի ու նրա ամուսնու՝ Արիֆ Յունուսի նկատմամբ կայացված դատավճիռը՝ Ադրբեջանի իշխանություններից պահանջելով ներկայացնել դատավարության մասին լիարժեք տեղեկատվություն և մեղադրյալներին ներկայացված ապացույցները։ Յագլանդը կարծում է, որ դատավճիռը վերջին հաշվով կարող է դիտարկվել ՄԻԵԴ-ում։ ԵԽԽՎ նախագահ Աննա Բրասերը ևս դատապարտել է Ադրբեջանում Յունուս ամուսինների նկատմամբ կայացված դատավճիռը: «Այդ ամենը կասկածի տակ է դնում Ադրբեջանի իշխանությունների կողմից Եվրոպայի Խորհրդի հիմնարար արժեքները հարգելու պատրաստակամությունը։ Այս որոշումը Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում լուրջ ու համակարգային խնդիրների առկայության ևս մեկ ապացույց է»,- հայտարարել է ԵԽԽՎ նախագահը։

Եվրոպայի Խորհրդի՝ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մույժնիեքսն այս կապակցությամբ նշել է, որ «Ադրբեջանում քրեական հանցանքների մեղադրանքներով իրավապաշտպաններին կալանավորելը քաղաքացիական հասարակության դեմ բռնությունների ապացույց է»։

Վաշինգտոնը ևս խոր անհանգստություն է հայտնել Ադրբեջանում ստեղծված իրավիճակով:

«Մեղադրանքները կապված են բացառապես նրանց իրավապաշտպան գործունեության ու քաղաքացիական հասարակության կառուցողական ծրագրերին նրանց մասնակցության հետ, որոնք ուղղված են եղել տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ու վստահության ամրապնդմանը», - ասվում է ԱՄՆ-ի պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ։

Նշենք, որ Յունուս ամուսիների նկատմամբ նաև հարուցվել է քրեական գործ պետական դավաճանության գործով: Այս գործով դատական լսումներ դեռևս չեն սկսվել, սակայն եթե մեղադրանքը հաստատվի, ապա նրանք կդատապարտվեն ցմահ ազատազրկման:

Միջազգային հանրությունն արդեն քանիցս կոչ է արել ադրբեջանական իշխանություններին ազատ արձակել Լեյլա և արիք Յունուսների՝ սակայն Բաքուն որոշել է գնալ միչև վերջ՝ հերքելով վերջիններիս նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները, քանի որ եթե Բաքվի իշխանությունները Յունուսների հարցում զիջեն Արևմուտքին, դա կնշանակի, որ ընդունում են երկրում 100 քաղբանտարկյալների առկայությունը:

Ավելացնենք, որ Ադրբեջանում ի պաշտպանություն Յունուսների որևէ հայտարարություն չի արվում՝ կա՛մ բոլորը վախենում են հայտնվել «այլախոհների» նստարանին, կա՛մ արդեն երկրում այլախոհներ չեն մնացել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: