ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքական կառավարությունը ոտնահարում է մարդու հիմնարար իրավունքները. Էրթուղրուլ Քյուրքչու (ԲԱՑԱՌԻԿ)

 

 

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց Թուրքիայի Ժողովրդա- դեմոկրատական կուսակցության պատվավոր նախագահ և արևմտյան Իզմիր նահանգի պատգամավոր Էրթուղրուլ Քյուրքչուի հետ:

 

 

-         Պարո՛ն Քյուրքչու, ինչպե՞ս կբնութագրեք Թուրքիայում տիրող քաղաքական իրավիճակը: Ի՞նչ քաղաքականություն է Արդարություն և զարգացում կուսակցությունն իրականացնում մյուս քաղաքական կուսակցությունների նկատմամբ:

 -         Մենք կարող ենք վստահորեն ասել, որ Թուրքիան այժմ քաղաքական ճգնաժամ է ապրում: Իրավիճակը բնութագրվում է հենց նախագահի կողմից. նա փորձում է փոխել ռեժիմը` չնայած Սահմանադրությամբ նախատեսվող սահմանափակումներին: Այդ նպատակով նախագահ Էրդողանը բացառեց հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներն ընդունելը և կոչ արեց արտահերթ ընտրություններ անցկացնել նոյեմբերի 1-ին: Եթե Էրդողանի ԱԶԿ-ն կարողանա հաղթահարել ներկա 41%-ը և իր աջակցությունը բարձրացնի մինչև 45%, ապա նա մեծամասնություն կունենա խորհրդարանում: Եթե ոչ, ապա ներկա իրավիճակը կշարունակվի: Սա ուժեղ հակամարտություն է առաջացնում Էրդողանի կուսակցության և մյուս կուսակցությունների միջև, հատկապես քուրդ ժողովրդի և թուրքական կառավարության միջև: Վտանգ կա, որ Թուրքիան կարող է ավելի խորը քաոսի մեջ ընկնել: Այսպիսով՝ մենք մեր հերթին ակնկալում ենք լավ արդյունքներ գրանցել ընտրություններում և կոչ ենք անում մյուս կուսակցություններին համախմբվել ժողովրդավարական սկզբունքների շուրջ: Սա շատ բարդ իրավիճակ է:  Միջազգային հանրությունը պետք է քննարկի Թուրքիայում ստեղծված իրավիճակը` Էրդողանին դրդելով հետևել ժողովրդավարական արժեքներին: Ներքին զարգացումները փակուղում են հայտնվել, և մենք մոտ ապագայում չենք տեսնում իրավիճակից ելքը:

 

-         Դուք անդրադարձաք նոյեմբերի 1-ի ընտրություններին: Կարո՞ղ ենք Ձեր ասածից եզրակացնել, որ Ձեր կուսակցությունը կկարողանա պահպանել իր տեղերը խորհրդարանում: Եվ, ընդհանուր առմամբ, ի՞նչ ակնկալիքներ ունեք արտահերթ խորհրդարանական ընտրություններից:

 -         Իրականում մենք վստահ ենք, որ կպահպանենք նրանց աջակցությունը, ովքեր քվեարկեցին մեր օգտին և անգամ կավելացնենք մեր ձայները̦ քանի որ հունիսի 7-ի ընտրությունների խնդրահարույց հարցը նույնն է, և ԺԴԿ-ն միակ ուժն է, որը կարող է կասեցնել նախագահական համակարգ մտցնելու Էրդողանի փորձերը: Հետևաբար, մարդիկ կշարունակեն քվեարկել ժողովրդավարության համար, և քուրդ ժողովուրդն, իհարկե, ավելի մեծ թվով կքվեարկի ԺԴԿ-ի օգտին: Այսպիսով՝ մենք կպահպանենք մեր տեղերը և անգամ կավելացնենք դրանք: Այնուամենայնիվ, Թայիփ Էրդողանը զինված հարձակումներ է սկսել քրդական հաջողությունների դեմ, և բազմաթիվ քրդական քաղաքներում PKK-ի զինյալների դեմ պայքարի պատրվակի ներքո մարդիկ ճնշման տակ են: Մենք տեսնում ենք, որ իրական հակամարտությունը այս քաղաքների բնիկ ժողովրդի և թուրքական անվտանգության ուժերի միջև է, ովքեր ցանկանում են իրենց վերահսկողությունը հաստատել տեղական ինքնակառավարման մարմինների վրա, որոնք հիմա ղեկավարվում են քուրդ բնակչության կողմից ընտրված քաղաքապետերի կողմից: Ուստի նոյեմբերի 1-ի ընտրությունները կախված են հարավ-արևելքում Թայիփ Էրդողանի զինված հարձակումներին քուրդ բնակչության դիմադրությունից: Մենք կարծում ենք, որ նոյեմբերի 1-ի ընտրությունները լինելու են հունիսի 7-ի ընտրությունների կրկնությունը, անգամ ավելի մեծ մասշտաբներով:

 

-         Հաշվի առնելով Թուրքիայում քրդերի դեմ ԱԶԿ-ի սկսած արշավը` ի՞նչ դժվարությունների է այժմ բախվում Ձեր կուսակցությունը:

-         Մեր գլխավոր դժվարությունն այն է̦ որ չենք կարողանում դադարեցնել պատերազմը: Մեզ պետք է քուրդ զինյալների ըմբռնումը՝ ընտրությունների համար խաղաղ միջավայր ապահովելու համար: Մենք նաև շատ անհանգստացած ենք մեր բնակչության սպանություններով: Մեր կուսակցությունը միաժամանակ կառավարության և պատերազմական իրավիճակի ճնշման տակ է գտնվում: Սա իրականում շատ բարդ իրավիճակ է: Մենք ցանկանում ենք ելք գտնել PKK-ի կողմից առավել խաղաղ քաղաքականության որդեգրման միջոցով: Թուրքական կառավարությունը ևս ոտնահարում է մարդու հիմնարար իրավունքները: Սա այն գլխավոր դժվարությունն է̦ որին մենք բախվում ենք: Սակայն մեր հանդեպ հասարակական աջակցության որևէ նվազում չկա, և ընտրազանգվածին հասնելու դժվարություններ ևս չկան:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: