ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամները կարող են զրկվել վետոյի իրավունքից

Twitter-ում ստեղծվել է #restrainveto հեշթեգով («վետոյի սահմանափակում մտցնել») հատուկ էջ, որտեղ հրապարակվել է համապատասխան խնդրագիր: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել Կիևը:

ՄԱԿ-ի անդամ պետությունների ավելի քան մեկ երրորդը կողմ է Անվտանգության խորհրդի մշտական անդամներին վետոյի իրավունքից զրկելուն այն դեպքերում, երբ խոսքը մեծ քանակությամբ զոհերով հակամարտություններին արձագանքելու մասին է: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Յուրի Սերգեևը, ում կարծիքով նման որոշման ընդունումը թույլ կտա «վերջ տալ Ռուսաստանի կողմից վետոյի իրավունքի օգտագործման չարաշահումներին»: «67 երկիր արդեն աջակցել են ՄԱԿ-ի ԱԽ-ում վետոյի իրավունքի կիրառումից հրաժարվելու նախաձեռնությունը, երբ հակամարտություններն առանձնակի դաժան են դառնում», - ուկրաինացի դիվանագետը գրել է Twitter-ում:

Այսօր վետոյի իրավունք ունեն ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամները՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանը և Ֆրանսիան: Այս երկրները ԱԽ մշտական անդամ են դարձել որպես Երկրորդ աշխարհամարտը հաղթած տերություններ:

Միջազգային փորձագիտական Global Policy Forum խմբի հետազոտության համաձայն՝ ՄԱԿ-ի ողջ պատմության մեջ վետո կիրառվել է 262 դեպքերում, ընդ որում՝ դրանց մոտ մեկ երկրորդը արվել է ԽՍՀՄ-ի կողմից: Երկրորդ տեղում է ԱՄՆ-ը, որը վետոյի իր իրավունքից օգտվել է 82 անգամ:

Նշենք, որ 2007-2013 թվականների ընթացքում Ռուսաստանը վետոյի իրավունքից օգտվել է 5 անգամ: Այս տարի Ռուսաստանը վետո է կիրառել Ուկրաինայում մալազիական Boeing-ի կործանման պատճառների հետաքննության համար միջազգային տրիբունալ ստեղծելու վերաբերյալ բանաձևի նկատմամբ:

Ռուսաստանի համար վետոյի իրավունքը ներկա պայմաններում, երբ առկա է գլոբալ առճակատում, բավականին կարևոր է: Ինչպես հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, Ռուսաստանը վետոյի իրավունքի սահմանափակման վերաբերյալ այս նախաձեռնությունում տեսնում է քաղաքական համատեքստ: «Մենք բացասաբար ենք վերաբերում այդ նախաձեռնությանը: Կարծում ենք, որ մշտական անդամների վետոյի իրավունքը կարևոր մեխանիզմ է, որը ստիպում է պատվիրակություններին աշխատել կոնսեսուսային որոշումների ընդունման ուղղությամբ», - նշել է Չուրկինը:

Նշենք, որ Անվտանգության խորհրդի մյուս անդամները Ուկրաինայի այս նախաձեռնության նկատմամբ խուսափում են կարծիքներ հչեցնելուց: Սակայն ակնհայտորեն այս նախաձեռնությունը ներկայիս միջազգային իրավիճակում ձեռնտու է նրանց: Վերջին 4 տարվա ընթացքում Ռուսաստանը՝ Չինաստանի հետ միասին, արգելափակել է Արևմուտքի կողմից առաջարկված սիրիական և ուկրաինական հակամարտությունների կարգավորման վերաբերյալ բանաձևերը: Այս պատճառով է, որ չնայած խնդրագրում առաջարկվում է սահմանափակել ԱԽ մշտական անդամ բոլոր երկրների վետոյի իրավունքի կիրառում, սակայն այս նախաձեռնությունը դիրտարկվում է բացառապես հակառուսական տեսանկյունից: 

Փորձագետները կարծում են, որ այս նախաձեռնության կենսագործումը գրեթե անհնար է: ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ դրա հաստատման համար անհրաժեշտ է, որ անդամ երկրների երկու երրորդը, այդ թվում նաև ԱԽ մշտական անդամները, վավերացնեն այն: Հիշեցնենք, որ երբ առաջին անգամ 2013 թվականին նման նախաձեռնությամբ հանդես եկավ Ֆրանսիան՝ դրա աջակից երկրների թիվը չհասավ անգամ 50-ի:

Ավելացնենք, որ բացի վետոյի իրավունքը սահմանափակելու մասին առաջարկից, ներկայումս կան նաև ՄԱԿ-ի ԱԽ-ում որոշակի փոփոխություններ նախատեսող այլ առաջարկներ: Մասնավորապես մի շարք եվրոպական երկրներ և ԱՄՆ-ը հանդես են գալիս ԱԽ մշտական անդամների քանակն ավելացնելու նախաձեռնությամբ՝ առաջարկելով ներառել Հնդկաստանին, Ճապոնիային և Գերմանիային: Մոսկվայում այս նախաձեռնության նկատմամբ ավելի լավ են տրամադրված, սակայն կարծում են, որ «նորեկներին» միանգամից պետք չէ վետոյի իրավունք տրամադրել:

Մասնագետներն ամեն դեպքում նշում են, որ ԱԽ-ում բարեփոխումների կարիք իսկապես կա, քանի որ 1945 թվականին դրա հիմնադրումից հետո աշխարհաքաղաքական իրողությունները փոխվել են: Մասնավորապես դրա կողմնակիցները նշում են, որ անիմաստ է, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, որոնք մտնում են ԵՄ կազմի մեջ և հանդես են գալիս միասնական դիրքորոշմամբ, վետոյի առանձին իրավունք ունենան:

Ինչ վերաբերում է վետոյի իրավունքի կիրառման սահմանափակումներին, նշենք, որ փորձագետները կարծում են, որ ցանկալի է վետոյի օգտագործման իրավունքը սահմանափակել միայն այն դեպքերում, երբ կա իրական անհրաժեշտություն անհապաղ որոշում կայացնելու: Որպես նման իրավիճակներ նշվում է Ցեղասպանությունը կամ մարդկության դեմ հանցագործությունները:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: