ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԼՂՀ-ն այն կարմիր գիծն է, որը հայկական էլիտան երբեք չի հատի

Տարածաշրջանի տարբեր ԶԼՄ-ներ օրերս ակտիվորեն քննարկում էին Stratfor հետազոտական կենտրոնի վերլուծական հոդվածներից մեկը, որի համաձայն՝ մոտ ժամանակներս Ղարաբաղյան հակամարտությունում տեղի կունենա լուրջ շրջադարձ: «Գնալով ավելի շատ հիմքեր են հայտնվում, որոնք վկայում են այն մասին, որ Ռուսաստանը և Ադրբեջանը կարող են համագործակցել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա ստատուս-քվոն խախտելու նպատակով, իսկ Ռուսաստանն այնտեղ կուղարկի խաղաղապահ զորքեր՝ փորձելով տարածաշրջանում իր երկարաժամկետ վերահսկողությունը հաստատել»,- գրում են Stratfor-ի վերլուծաբանները:

Ինչպես և կարելի էր ակնկալել, տվյալ հոդվածը հայտնվեց ադրբեջանական ԶԼՄ-ների առաջին էջերին, իսկ որոշ հայկական ԶԼՄ-ներ էլ, պրոֆեսիոնալիզմի պակասով պայմանավորված, սկսեցին թարգմանել ադրբեջանցի վերլուծաբանների մեկնաբանությունները, ովքեր բավական ոգեշնչվել էին ամերիկյան գործընկերների հոդվածից:

Դատելով «ստվերային ԿՀՎ»-ի (ինչպես Ադրբեջանում սիրում են անվանել Stratfor-ը) վերլուծականից` կարելի է ենթադրել, որ ամերիկյան մասնավոր հետազոտական ընկերության փորձագետներն այդքան էլ լավ չեն պատկերացնում Հարավային Կովկասում առկա իրողությունները: Մասնավորապես, ոչ բավարար ուշադրություն է հատկացված ԼՂՀ-ին, իսկ մյուս կողմից՝ գերագնահատված է ՌԴ՝ ՀՀ նկատմամբ ունեցած ազդեցությունը: Բարձր վարձատրվող փորձագետները, սակայն, կարծես թե չեն պատկերացնում, որ Ղարաբաղյան հակամարտության չկարգավորման պատճառներից մեկն էլ հենց այն է, որ ՀՀ որևէ նախագահ չի գնացել անհամաչափ զիջումների՝ տեղի տալով արտաքին ճնշումներին և դեմ չի գնացել Հայաստանի քաղաքացիների կամքին, ում համար Արցախն ազգային գաղափարի մաս է: Ինչ վերաբերում է ԼՂՀ քաղաքացիներին, ապա նրանց համար հանրապետության անկախությունն ավելին է, քան ազգային գաղափար, դա նրանց ֆիզիկական անվտանգության երաշխիքն է: Հաշվի չառնելով այս երկու կարևոր գործոնները՝ Stratfor-ի փորձագետները սխալ եզրահանգումներ են կատարել, քանզի ԼՂՀ-ն այն կարմիր գիծն է, որ հայկական էլիտան երբեք չի հատի՝ անկախ գործընկերների ճնշումներից և սպառնալիքներից:

Փորձագետները, որքան էլ տարօրինակ է, մոռացել են նաև ԵԱՀԿ մյուս համանախագահ երկրների մասին: Ակնհայտ է, որ և՛ ԱՄՆ-ն, և՛ ԵՄ-ն (որը ներկայացնում է Ֆրանսիան) ունեն սեփական շահերը Ղարաբաղյան հիմնախնդրում և առնվազն միամտություն կլինի կարծել, թե նրանք ձեռքերը ծալած Ռուսաստանին թույլ կտան լուրջ փոփոխություններ կատարել տարածաշրջանում:

Ինչ վերաբերում է խաղաղապահների տեղակայման խնդրին, ապա այս հարցի հետ կապված հայկական կողմերը բազմիցս հայտարարել են, որ որևէ խաղաղապահ ուժ չի կարող ապահովել ԼՂՀ քաղաքացիների անվտանգությունն ավելի լավ, քան ԼՂՀ Պաշտպանության Բանակը: Այս առնչությամբ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն անգամ հստակեցրեց պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը: Ըստ նրա՝ խաղաղապահների խնդիրը կարող է լուծվել միայն Ադրբեջանի կողմից Արցախի անկախության և սահմանների ճանաչումից հետո: Դա ունենալու է խորհրդանշական բնույթ, քանզի Արցախի ճանաչումից հետո խաղաղապահների տեղակայումը կլինի անիմաստ, որովհետև երկու երկրների զորքերը կհսկեն սահմանները և կպահպանեն հրադադարը:

Նշենք նաև, որ Stratfor-ի այս հոդվածը միակը չէ, որտեղ փորձագետներն ընթերցողներին փորձում են համոզել, որ Հարավային Կովկասն Ուկրաինայից հետո դառնալու է Արևմուտք-Ռուսաստան հակամարտության հաջորդ ասպարեզը: Հաշվի առնելով ակնհայտ օրինաչափությունը՝ հարց է ծագում՝ ի՞նչ նպատակ է հետապնդում այս վերլուծական կառույցը, որի հոդվածների օբյեկտիվությունը բավական վիճահարույց է:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: