ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի ընթացքում մերձավորարևելյան թեմաներն առանցքային դերակատարում ունեն։ Այս հարթակն օգտագործվում է նաև Իսրայելի և Պաղեստինի կողմից պաղեստինա-իսրայելական հակամարտության արծածման համար։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ «կոչ է արել պաղեստինցիներին որքան հնարավոր է շուտ վերականգնել խաղաղ գործընթացը և լուծել այսքան տարի տևած հակամարտությունը»։ «Ես պատրաստ եմ անմիջապես վերսկսել ուղղակի խաղաղ բանակցությունները պաղեստինցների հետ առանց որևէ նախնական պայմանների, սակայն Պաղեստինյան ինքնավորության նախագահ Մահմուդ Աբասը պատրաստ չէ երկխոսություն սկսել», - Նեթանյահուի խոսքերը մեջբերում է Mignews-ը։ 

Իր հերթին, Մահմուդ Աբասը հայտարարել է, որ Պաղեստինն այլևս չի հետևելու Իսրայելի հետ 1990-ական թվականներին կնքված համաձայնագրերին, որոնք ստորագրվել են Օսլոյում։ «Մենք հայտարարում ենք, որ քանի դեռ Իսրայելի չի հետևում մեզ հետ կնքած պայմանագրերին և հրաժարվում է դադարեցնել օկկուպացված տարածքների բնակեցման գործընթացը և ազատ արձակել պաղեստինցի բանտարկյալներին, մեզ այլ ելք չի մնում, քան հայտարարելը, որ մենք այլևս չենք կարող հավատարիմ մնալ համաձայնագրերին, որոնք մշտապես խախտվում են Իսրայելի կողմից», -  korrespondent.net-ը, հղում անելով dpa գործակալությանը,  մեջբերում է Աբասի խոսքերը։ Հիշեցնենք, որ վերոնշյալ պայմանագրերի համաձայն ենթադրվում էր, որ պաղեստինցիները 5 տարվա ընթացքում  պետք է սեփական անկախ պետություն կառուցելու հնարավորություն ստանան՝ փոխարենը դադարեցնելով հարձակումներն Իսրայելի վրա։

Պաղեստինա-իսրայելական բանակցությունները շարունակում են մնալ Միացյալ Նահանգների ուշադրության կենտրոնում։ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Վաշինգտոնն իր բոլոր ջանքերը կենտրոնացրել է իսրայելական և պաղեստինյան կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու համար։ Քերին ասել է, որ հնարավորություն է տեսնում Իսրայելի և Պաղեստինյան ինքնավարության միջև խաղաղության հաստատման համար, և դա «անհասանելի երազանք չէ»։ «Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից հետո Վաշինգտոնը կրկին կենտրոնացնելու է իր բոլոր ուժերը կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու համար», - ասել է Քերին։

Նշենք, որ ավելի վաղ Աբասն «Ալ-Կուդս Ալ-Արաբի» թերթին տված հարցազրույցում անդրադարձել էր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի նախաձեռնած պաղեստինա-իսրայելական բանակցություններին, որոնք 2014 թվականին տապալվեցին՝ առանց որևէ առաջընթաց գրանցելու: Պաղեստինի ղեկավարի կարծիքով բանակցությունների տապալման գլխավոր պատճառն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի պահանջն է ճանաչել Իսրայելը՝ որպես հրեական պետություն: «Եթե Իսրայելը հրեական պետություն է, ապա ոչ ոք թող չզարմանա, եթե Գազայում բախվի «Իսլամական պետությանը»», - հայտարարեց Աբասը:

Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում քննարկվել է նաև մերձավորարևելյան քառյակի (ԱՄՆ, Ռուսաստան, ԵՄ, ՄԱԿ) ձևաչափով։ Ինչպես հյատնում է РИА Новости-ն,  Նյու Յորքում կայացած հանդիպման արդյունքում քառյակը կոչ է արել Իսրայելին և Պաղեստինին այնպիսի քաղաքականություն և գործողություններ ձեռնարկել, որոնք կնպաստեն հակամարտության կարգավորմանը երկու պետությունների գոյակցման հիմքի վրա։

Սակայն հաշվի առնելով Մերձավոր Արևելքում սաստկացող նորանոր թեժ հակամարտությունները, այդ թվում Սիրիայում, Եմենում, Իրաքում շարունակվող պատերազմները` վերլուծաբաններն առաջիկայում պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր չեն ակնկալում:  

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: