ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Թուրքական հոսքը» սպառե՞լ է իրեն

Վերջին շրջանում պարբերաբար ուշադրության կենտրոնում էր հայտնվում «Թուրքական հոսք» գազատարի կառուցման նախագիծը, իսկ լուսաբանումները հիմնականում վերաբերում էին դրա այս կամ այն կոմպոնենտին, գազի արժեքի շուրջ բանակցություններին և այլ խնդիրների:

 Օրերս, սակայն, ռուսական կողմը հանդես եկավ տվյալ նախագծի հետ կապված երկու բավական կարևոր հայտարարություններով: Մասնավորապես հայտարարվեց, որ «Թուրքական հոսք» խողովակաշարի նախագիծը, որը պետք է կազմված լիներ 15.75 մլրդ մ/խ հզորությամբ 4 ճյուղերից և ունենալու էր ընդհանուր առմամբ 63 մլրդ մ/խ տարեկան թողունակություն, կփոփոխվի, իսկ տարեկան թողունակությունը կկրճատվի մոտ երկու անգամ՝ կազմելով տարեկան մինչև 32 մլրդ մ/խ գազ: Մյուս կարևոր լուրը վերաբերում է նախագծի ժամկետներին: Ըստ ռուսական կողմի որոշման՝ նախագծի իրականացման մեկնարկը, որը նախատեսված էր այս տարվա վերջին, հետաձգվել է մեկ տարով` մինչև 2017թ.-ի վերջ:

 Նման փոփոխությունները, անշուշտ, մեծ արձագանք առաջացրին փորձագիտական շրջանակներում՝ դառնալով տարբեր մեկնաբանությունների և վերլուծությունների առարկա: Չնայած առկա տարբեր մոտեցումներին՝ փորձենք ներկայացնել նման որոշումների և կողմերի գործելաոճի հնարավոր դրդապատճառները: Նախ նշենք, որ «Թուրքական հոսք» նախագիծն ունի արդեն շուրջ ինը ամսվա պատմություն, սակայն ռուսական և թուրքական կողմերն օբյեկտիվ և սուբյեկտիվ մի շարք պատճառներով մինչ այժմ չեն կարողացել գալ հստակ համաձայնության ու տալ նախագծի մեկնարկը, դեռևս չի կնքվել անգամ միջկառավարական համաձայնագիրը: Վերջինիս ձգձգման պաշտոնական պատճառաբանությունը Թուրքիայում առկա քաղաքական անկայունությունն էր, և այս առումով բավական կարևորվում էին նոյեմբերի 1-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունները:

Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ թե՛ Թուրքիան, թե՛ Ռուսաստանն այս ընթացքում բավական հաջող օգտագործել են տվյալ նախագիծը՝ որպես մանիպուլյացիոն գործիք ինչպես ԵՄ-ի հետ, այնպես էլ երկկողմ հարաբերություններում: Թուրքիան, մասնավորապես, բավական կոշտ բանակցություններ սկսեց ներկրվող ռուսական գազի գնի շուրջ՝ պահանջելով 15%-ի աննախադեպ զեղչ: Անկարան «Թուրքական հոսքի» գործոնը բավական հաջողությամբ օգտագործում էր նաև Եվրոպայի հետ հարաբերվելիս՝ հստակ գիտակցելով, որ տվյալ նախագիծը TANAP նախագծի (Տրանսանատոլիական գազատարի) մրցակիցն է և ժամկետներով պայմանավորված՝ կարող է շեշտակիորեն նվազեցնել տվյալ նախագծի արդյունավետությունը, որը կոչված է Եվրոպայի համար ապահովելու այլընտրանքային էներգետիկ ռեսուրսներ:

 Հատկանշական է այն հանգամանքը, որ փորձ արվեց «Թուրքական հոսք» նախագծի վերջին փոփոխությունները կապել Թուրքիայի օդային սահմանը ռուսական ինքնաթիռների կողմից հատելու միջադեպերի հետ, սակայն կարող ենք ենթադրել, որ դա ընդամենը առիթ դարձավ, որպեսզի կողմերը սկսեն խոսել առավել բաց: Այս տեսանկյունից կարելի է հատկապես առանձնացնել Էրդողանի հայտարարությունները, որտեղ նա սպառնում էր, որ Թուրքիան կարող է ներկրվող ռուսական գազը փոխարինել այլ աղբյուրներից ստացվող գազով: Էրդողանի նման սպառնալիքները կարելի է որակել ոչ այլ ինչ, քան պոպուլիզմ, քանզի նրա հայտարարությունը, մեղմ ասած, այդքան էլ չի համապատասխանում իրականությանը:

 Նախ Էրդողանը, փորձելով գերագնահատել Թուրքիայի նշանակությունը Ռուսաստանի համար, նշել էր, որ իր երկիրը ռուսական գազի ներկրման ծավալներով առաջինն է, սակայն իրականում առաջին տեղում ոչ թե Թուրքիան է, այլ Գերմանիան: Բացի այդ՝ Էրդողանը ռուսական գազից հրաժարվելու հնարավորության մասին է խոսում այն ժամանակ, երբ նույն թուրքական կառավարությունը դիմել է «Գազպրոմին» «Կապույտ հոսքով» ներկրվող ռուսական գազի ծավալները 3 մլրդ մ/խ-ով ավելացնելու խնդրանքով:

 Այժմ Թուրքիան Ռուսաստանից տարեկան ներկրում է 27 մլրդ մ/խ գազ, Իրանից՝ շուրջ 10 մլրդ մ/խ, ևս 12 մլրդ մ/խ՝ Ադրբեջանից, Թուրքմենստանից, Ալժիրից, Նիգերիայից և այլ երկրներից: Սակայն ներկրումների առումով բավական առանցքային խնդիր է գազի արժեքը, և այս տեսանկյունից ռուսական գազը թերևս ամենաէժանն է՝ 240$ (համեմատության համար նշենք, որ իրանական գազի արժեքը կազմում է 330$): Հաշվի առնելով այս գործոնները և այն հանգամանքը, որ 2020թ.-ին Թուրքիայի գազի տարեկան պահանջարկը ներկայիս 50 մլրդ մ/խ-ից կհասնի 60-65 մլրդ մ/խ-ի՝ միամտություն կլինի կարծել, թե Թուրքիային հեշտությամբ կհաջողվի հրաժարվել ռուսական գազից, ավելին՝ այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ «Թուրքական հոսքի» երկու ճյուղի կառուցումից քիչ անց թուրքական կողմն ամեն կերպ կփորձի զարգացնել նախագիծը՝ վերականգնելով նրա նախնական հզորությունը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այս առումով իրավիճակն առավել հետաքրքիր է: Ռուսաստանը ևս բավական հաջողությամբ էր կիրառում «Թուրքական հոսքի» խաղաքարտը ԵՄ-ի հետ շփումներում, ավելին՝ հենց այդ խաղաքարտի հաջող օգտագործման շնորհիվ ռուսական կողմը հաջողություն արձանագրեց «գազային» մեկ այլ «ճակատում»: Խոսքը վերաբերում է «Հյուսիսային հոսք-2» նախագծին, որը 

գրեթե կկրկնապատկի Հյուսիսային հոսքի հզորությունը (հասցնելով տարեկան 110 մլրդ մ/խ-ի), որով Ռուսաստանից Բալթիկ ծովի հատակով գազ է մատակարարվում Գերմանիա, իսկ այնտեղից՝ այլ եվրոպական երկրներ: «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարի կառուցման բաժնետիրական ընկերության՝ New European Pipeline AG համաձայնագիրն արդեն կնքվել է սեպտեմբերի սկզբին, և մի շարք եվրոպական ընկերությունների (E.On, Shell, OMV, BASF/Wintershall, Engie) ներգրավումն այս նախագծում բավական մեծացնում է դրա կյանքի կոչման հնարավորությունները: Անշուշտ, այս հարցում չենք կարող բացառել ԵՄ որոշակի «դիմադրությունը», քանզի նոր խողովակաշարն առավել կմեծացնի նրա կախվածությունը ռուսական գազից, սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, ամեն ինչի շուրջ հնարավոր է պայմանավորվել:

 Այսպիսով, օգտագործելով «Թուրքական հոսքի» խաղաքարտը, Ռուսաստանը բավական արագացրեց «Հյուսիսային հոսք-2-ի» շուրջ համաձայնության ձեռքբերումը: Թերևս, դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ «Թուրքական հոսքի» կարևորությունը ռուսական կողմի համար համեմատաբար նվազեց: Այս մասին է վկայում նաև այն, որ մինչև սեպտեմբեր ՌԴ-ն ակտիվորեն փորձում էր զարգացնել «Թուրքական հոսքի» նախագիծը, գտնել այն շարունակելու տարբերակներ և մեկնարկել խողովակաշարի կառուցումը հնարավորինս շուտ (նպատակ ունենալով TANAP-ից շուտ գազը հասցնել Եվրոպա), իսկ այժմ ռուսական կողմն ինքը հետաձգեց նախագծի իրագործման ժամկետը և անգամ կրկնակի կրճատեց նրա հզորությունը: Նման պայմաններում «Թուրքական հոսքը» «Կապույտ հոսքի» նմանությամբ կդառնա ոչ այլ ինչ, քան Թուրքիա ռուսական գազ արտահանող խողովակաշար, ինչի զարգացման և հզորության մեծացման դեպքում միայն այն կարելի է դիտարկել Եվրոպա գազի արտահանման լուրջ ուղի:

 Ամփոփելով նշենք, որ «Թուրքական հոսքի» շուրջ զարգացումները բավական հետաքրքիր խաղ էին, որում բոլոր կողմերը փորձեցին ստանալ որոշակի դիվիդենտներ: Նախագծի նոր հզորությունը և իրագործման մեկնարկը կարճաժամկետ կտրվածքով դեռևս ձեռնտու են կողմերին, սակայն առավել երկարաժամկետ հեռանկարում այն կարիք կունենա նոր փոխակերպումների: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: