ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փորձ է արվում բանակցային գործընթացը տապալելու պատասխանատվությունը բարդել հայկական կողմերի վրա

Հայաստանի և Արցախի սահմանային տարածքները շարունակվում են գնդակոծվել ադրբեջանական կողմից. ինչպես հայտնի է՝ միայն վերջին օրերին հրադադարի ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է ավելի քան 400 անգամ: ԼՂՀ ՊԲ-ի հաղորդմամբ հակառակորդի նախահարձակ գործողությունները կանխվել են: Բարեբախտաբար, զոհեր չկան:

Եվ այս ֆոնին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահողը հանդես է գալիս բավականին հետաքրքրական մի հայտարարությամբ: Հայտնելով, թե ամսվա վերջում համանախագահները պատրաստվում են այցելել տարածաշրջան՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը նախապատրաստելու նպատակով` Ուորլիքն ավելացնում է, թե Ղարաբաղի անկախության ճանաչումը կարող է Ադրբեջանի կողմից վտանգավոր ռազմական պատասխանի հանգեցնել, ինչը, ըստ համանախագահի, կտապալի խաղաղ գործընթացը։ Հետաքրքիր է, որ օրեր առաջ նման կարծիք էր հայտնել նաև ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահող Մեթյու Բրայզան: Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ նա մասնավորապես նշել էր. «ՀՀ կողմից ԼՂ ճանաչումը կկասեցնի Մինսկի գործընթացը»: Հետևելով այս տրամաբանությանը` ստացվում է, որ խաղաղ գործընթացի տապալման պարագայում պատասխանատվությունն ընկնում է հայկական կողմերի ուսերին: 

Դժվար է հասկանալ՝ այս դեպքում գործ ունենք ամերիկացի նախկին և ներկա համանախագահողների անուշադրությա՞ն, թե՞ միտումնավոր տարընթերցման հետ... Ամեն դեպքում թերևս կարիք կա վերջիններիս ուշադրությունը հրավիրելու այն հանգամանքի վրա, որ հայկական կողմի հայտարարություններում՝ հնչած թե՛ ՀՀ նախագահի, թե՛ արտգործնախարարի մակարդակով, նշվում է «ռազմական գործողությունները վերսկսվելու պարագայում ԼՂՀ-ն ճանաչելու» մասին: Իսկ եթե Արցախում, Աստված մի՛ արասցե, վերսկսվեն լայնածավալ ռազմական գործողություններ, դա ինքնին կնշանակի, որ Մինսկի կամ խաղաղ գործընթաց այլևս գոյություն չի ունենա: 

Ուստի տարաբնույթ թյուր ընկալումների տեղիք տալու փոխարեն, թվում է, ղարաբաղյան ճակատում առկա իրավիճակը պետք է համանախագահներին դրդի սեփական առաքելությունն առավել արդյունավետորեն կիրառելու ուղիներ գտնել: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ունեն մանդատ, որում շատ հստակ նշված են Մինսկի գործընթացի նպատակները: Իսկ փաստաթուղթը նշում է. «Համանախագահներն իրենց աշխատանքի ընթացքում պետք է... համատեղ ջանքերով առաջ մղեն կոնֆլիկտի կարգավորումն առանց ուժի կիրառման»: Համանախագահների գործառույթներից առաջինը հետևյալն է՝ համանախագահները պետք է «համատեղ ջանքեր գործադրեն հրադադարն ամրապնդելու ուղղությամբ»: Դատելով սահմաններին տիրող իրավիճակից՝ թվում է՝ համանախագահներին այնքան էլ չի հաջողվում իրականացնել իրենց առաքելության այս կարևոր բաղադրիչը: Ակնհայտ է, որ բանակցային ողջ գործընթացում միջնորդներին չհաջողվեց Ադրբեջանին զրկել պատերազմի սպառնալիքը որպես շանտաժային գործիք բանեցնելու հնարավորությունից: Իսկ այն, որ Ադրբեջանն այդ գործիքն ավելի ու ավելի անկաշկանդ պետք է կիրառեր, հազիվ թե կարելի էր անկանխատեսելի համարել: Դժվար էր պատկերացնել, թե մշտապես ադրբեջանական կողմի ագրեսիվ հռետորաբանության, ագրեսիվ գործողությունների նկատմամբ աչք փակելը, արհեստականորեն չեզոք հայտարարություններով նրան ինչ-որ իմաստով քաջալերելը չէին հանգեցնելու վերջինիս ներկա պահվածքին:

Հետևաբար խաղաղ գործընթացի հոգեվարքի համար մեղավորներ փնտրելուց առաջ, թվում է, միջնորդները սեփական գործողությունների հետևանքների նկատմամբ առավել ուշադիր լինելու և դրանց համար առավել առարկայական պատասխանատվություն ստանձնելու կարիք ունեն: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: