ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստան-Իրան. Հայաստանի վարած քաղաքականության առաջին արդյունքները

Ի տարբերություն տարածաշրջանի մի շարք այլ երկրների՝ Հայաստանի Հանրապետությունը շարունակեց մնալ Արևմուտքի կողմից մեկուսացման մեջ գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության հավատարիմ գործընկերը: Իսկ արդեն Միջուկային պայմանագրի կնքումից հետո ստեղծված նոր իրավիճակում երկուստեք շահերը բազմապատկելու նպատակով ՀՀ-ն Իրանի հանդեպ սկսեց վարել ավելի նախաձեռնող քաղաքականություն: ԻԻՀ հարցում ՀՀ-ի վարած նման քաղաքականության արդյունքներն արդեն տեսանելի են: 

Նախորդ շաբաթ ԻԻՀ Նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի այցը Հայաստան ևս մեկ անգամ ապացուցեց, որ պատժամիջոցներից ազատված Իրանի համար Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումն օրակարգային առաջնահերթ հարցերի շարքում է: Ինչպես ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին անձամբ փաստեց, Իրանը պատրաստակամ է «դժվարին ժամանակների բարեկամ» Հայաստանի հետ զարգացնելու «ոչ մի սահմանափակում չունեցող հարաբերություններ»:

Այցի օրակարգը, այցի ընթացքում արված պաշտոնական հայտարարությունները (հայտարարությունների առանցքում էին երկու երկրների միջև փոխադարձ գործնական կապերը, ներդրումները խրախուսելու պատրաստակամությունը), ինչպես նաև կազմակերպված միջոցառումները (ինչպես, օրինակ, 300-ից ավելի գործարարների մասնակցությամբ համաժողովը) փաստեցին, որ մոտակա տարիներին համագործակցության նպատակն է լինելու երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնումը:

Համագործակցության նման ոլորտային ուղղվածությունը կարևոր է նրանով, որ թույլ կտա երկու երկրների ջանքերն առավելագույնս կենտրոնացնել ընտրված կոնկրետ ոլորտների առավել արդյունավետ զարգացման վրա: Տնտեսական համագործակցության խորացումից հետո չի կարելի բացառել նաև Իրանի և Հայաստանի միջև ռազմական համագործակցությունը: Սա առավել քան բնական կլինի, եթե հաշվի առնենք տարածաշրջանում Իրանի և Հայաստանի ռազմավարական ընդհանուր շահերը, ինչպես նաև տարբեր հարցերի շուրջ ընդհանուր դիրքորոշումները:

Ինչ վերաբերում է Իրան-ԵԱՏՄ հարաբերություններին և այդ հարաբերություններում Հայաստանի հնարավոր դերին, ապա այս հարցում նույնպես ՀՀ-ի կողմից տարվող ակտիվ նախաձեռնողական և հետևողական քաղաքականությունն արդեն կարծես թե տալիս է ցանկալի արդյունքները: Դատելով հայտարարություններից՝ այսօր իրանական կողմը ՀՀ-ին համարում է իրանական ապրանքները ԵԱՏՄ արտահանելու միակ և հուսալի հարթակը: Այս համատեքստում Էսհաղ Ջահանգիրին կարևորեց հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի էական նշանակությունը, ինչպես նաև հայ-իրանական երկաթգծի կառուցման անհրաժեշտությանը, որը, ըստ վերջինիս, կունենա տարածաշրջանային նշանակություն: Նման գիտակցման առկայությունն արդեն իսկ բավարար հիմք է, որպեսզի երկու երկրներն այս ուղղությամբ իրականացնեն լուրջ քայլեր: Իրանի և Հայաստանի կողմից համատեղ նման նախաձեռնություն կարող է լինել, օրինակ, Ասիական երկրների մասնակցությամբ շահագրգիռ դոնորների համաժողովի անցկացումը:

Ամփոփելով կարևոր է նշել, որ այցի ընթացքում արված հայտարարությունների և ձեռք բերված պայմանավորվածությունների հիմքում ընկած էր փոխադարձ շահի գիտակցումը կամ, այլ կերպ ասած, «բոլոր ոլորտներում միմյանց համար առավելագույն բարենպաստ պայմաններ ապահովելու» սկզբունքը: Թե՛ Իրանը և թե՛ Հայաստանը պատրաստակամություն հայտնեցին երկու երկրներում առկա գործիքները և հնարավորությունները հասանելի դարձնել մեկմեկու համար: Օրինակ՝ Հայաստանը պատրաստակամություն հայտնեց ապահովելու իրանական ապրանքների ազատ մուտքը 170 միլիոնանոց սպառողական շուկա, Իրանն էլ իր հերթին պատրաստակամություն հայտնեց ապահովելու Հայաստանի՝ որպես ցամաքային երկրի ելքը իր տարածքով դեպի ծով:

Փոխադարձ շահի վրա հիմնված հայ-իրանական հարաբերությունները, ըստ էության, կարող են հավակնել մոդելային դառնալ ոչ միայն որպես բարիդրացիական հարաբերություններ հարևան երկրների միջև, այլ նաև քրիստոնյա և մուսուլման պետությունների համագործակցության տեսակետից: Իսկ ներկայիս մերձավորարևելյան միջկրոնական բախումների ֆոնին նման մոդելային օրինակներն առավել քան անհրաժեշտ են:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: