ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեր հարաբերությունները ճիշտ ուղու վրա են. Հնդկաստանի դեսպան

 

Ձեզ ենք ներկայացնում «Արմեդիա» ՏՎԳ բացառիկ հարցազրույցը ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Դ-ր Սուրեշ Բաբուի հետ:

 

 

 

-         Ձե՛րդ Գերազանցություն, խնդրում եմ ներկայացրեք հայ-հնդկական հարաբերությունների ներկայիս մակարդակը:

-         Մեր ժամանակակից հարաբերությունները կառուցվել են մեր պատմական, ավանդական բարեկամական հարաբերությունների հիման վրա: Հնդկաստանում հայերը երբեք չեն կռվել տեղացիների հետ, ունեցել են ջերմ հարաբերություններ, նրանք իրենց առևտուրն ազնվորեն էին անում, բացում իրենց ընկերությունները: Հայաստանն ու Հնդկաստանն այնպիսի երկրներ են, որոնք երբեք այլ երկրների վրա չեն հարձակվել, երկուսն էլ իրենց պաշտպանել են թշնամիների ներխուժումներից: Այնպես որ, սա շատ լավ հիմք էր հայերի նկատմամբ ներդաշնակ վերաբերմունքի համար:

Խորհրդային տարիներին խորհրդային Հայաստանի և Հնդկաստանի միջև քաղաքական, մշակութային փոխանակումներ կային. վարչապետ Ինդիրա Գանդին, խորհրդարանի պատվիրակությունը, մշակութային խմբեր են այցելել Հայաստան:

Իմ երիտասարդ տարիներից հիշում եմ, որ քույր-քաղաքների հարաբերություններ կային հնդկական նահանգների և խորհրդային հանրապետությունների միջև, և իմ նահանգը՝ Անդհրա Պրադեշը քույր-նահանգ էր Հայաստանի հետ: Այդ ժամանակ շատ հայեր եկան Հայդարաբադ՝ գիտնականներ, ուսուցիչներ, արվեստի գործիչներ: Հայ հեղինակների գործերը, հայկական հեքիաթները հրատարավեցին անգլերեն, հինդի, այլ հնդկական լեզուներով: Ես հիշում եմ նաև, որ երբ փոքր էի, հայրս ինձ տարավ Մադրաս, և այնտեղ մենք գնացինք Հայկական բազար՝ գնումների: Այդ ժամանակ ես չգիտեի, թե ինչ է «Հայաստանը», և հայրս ասաց, որ դա խորհրդային հանրապետություններից մեկն է:

-         Երևի այդ ժամանակ Դուք չէիք էլ պատկերացնում, որ մի օր կգաք այդ երկիր՝ որպես դեսպան:

-         Հնդկաստանն առաջին երկրներից մեկն էր, որ ճանաչեց Հայաստանի ինքնիշխանությունը և դիվանագիտական հարաբերություններ հաստատեց նրա հետ: Երկրի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրավիրվեց Հնդկաստան, որտեղ նա մասնակցեց նաև հայկական առաջին ամսագրի՝ «Ազդարարի» 200-ամյակի տոնակատարությանը, որը տպագրվել էր Մադրասում 1794թ.:

Հայաստանի հետ մեր կապը շարունակվեց դրական հետագծով: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնպես այցելեց Հնդկաստան, Չանդիգար քաղաքում բացեց «Կովկասյան կենտրոնը»: Իսկ այժմ աշխատում ենք երրորդ նախագահի այցի վրա: Մեր քաղաքական փոխանակումները քիչ են եղել, սակայն կարող էին շատ լինել: Դա նրանից է, որ Հնդկաստանն իր հոգսերն ունի, Հայաստանն՝ իր: Մենք ունենք նաև միջխորհրդարանական շփումներ: Երկու տարի առաջ Հովիկ Աբրահամյանն՝ այն ժամանակվա խորհրդարանի խոսնակը, խորհրդարանական պատվիրակության հետ այցելեց Հնդկաստան: Կան նաև մշակութային, գիտական փոխանակումներ:

Այնպես որ, մեր հարաբերությունները ճիշտ ուղու վրա են: Մենք հասկանում ենք Հայաստանի խնդիրները, երբ խոսքը գնում է դժվարությունների, հարևանների հետ հարցերին:

-         Հնդկաստանն աջակցում է Հայաստանին տարբեր ոլորտներում՝ կրթություն, գյուղատնտեսություն, ՏՏ, առողջապահությունը: Խնդրում եմ մի փոքր մանրամասնեք:

-         Հայաստանը բացառություն չէ, եթե համեմատենք ԱՊՀ մյուս երկրների հետ: Դրանք բոլորը 25-ամյա երկրներ են, նոր ժողովրդավարություններ, զարգացող տնտեսություններ: Պատմության կտրվածքով 25 տարին ոչինչ է: Հանկարծ, մի գիշերվա մեջ նրանք դարձան անկախ, գտնվում էին շփոթված վիճակում: Մենք հասկացանք, որ նրանք բոլորն աջակցության կարիք ունեն:

Այդ ժամանակ Հնդկաստանի վարչապետն էր Նարասիմհա Ռաոն՝ բարձր ինտելեկտով, խիստ զարգացած մի մարդ, տիրապետում էր 11 լեզուների (ի դեպ, նա էլ էր Անդհրա Պրադեշ նահանգից): Նա ասում էր. «Եկեք չմոռանանք պատմությունը. Խորհրդային Միությունը մեզ շատ է օգնել, երբ Հնդկաստանը նոր էր դարձել անկախ պետություն: ԽՍՀՄ-ը միայն Ռուսաստան չէ: Յուրաքանչյուր հանրապետություն ունեցել է իր սեփական ավանդը, ուստի մենք պետք է օգնենք բոլոր նորանկախ հանրապետություններին: Այժմ օգնելու ժամանակը Հնդկաստանինն է: Այժմ Հնդկաստանն ավելի բարվոք վիճակում է, մենք պետք է վերադարձնենք այն, ինչ վերցրել ենք նրանցից»:

-         Ահա շնորհակալ լինելու հնդկական փիլիսոփայական մտածողության օրինակ…

-         Եվ այս մտքով մենք սկսեցինք օգնել այդ երկրներին՝ ցուցաբերելով ֆինանսական աջակցություն, ուղարկելով մեքենաներ, սարքավորումներ, տրակտորներ:

Ի դեպ, Հնդկաստանը օգնել է Հայաստանին նաև 1988թ. Սպիտակի երկրաշարժի ժամանակ: Այդ ժամանակ ես նոր էի ընդունվել Արտգործնախարարություն, երիտասարդ կցորդ էի և զբաղվում էի այդ հարցով: Ոչ միայն հնդկական կառավարությունն, այլ նաև հասարակ մարդիկ անտարբեր չմնացին հայերի ողբերգության նկատմամբ: Պաշտոնական տվյալներով՝ 3 ինքնաթիռ է ուղարկվել Հայաստան՝ բժիշկներով, դեղորայքով, բժշկական սարքավորումներով, 5000 բանակային տաքացվող վրաններով և այլն: Բացվում է երկրաշարժի հետևանքների վերացման հիմնադրամ, օգնության կոմիտե է ստեղծվում վարչապետին կից: Մեծ օգնություն է հավաքվել Արևմտյան Բենգալի նահանգից, Կալկաթայից:

1991-ից սկսեցինք օգնել կրթական ծրագրերով, քանի որ յուրաքանչյուր երկիր պետք է լավ մասնագետներ ունենա: Միայն ITEC (Indian Technical & Economic Cooperation) ծրագրով մոտ 20 տարվա ընթացքում Հայաստանից ավելի քան 300 մասնագետ է մեկնել Հնդկաստան: Մենք նաև կրթաթոշակ ենք հատկացնում ICCR (Indian Council for Cultural Relations) ծրագրի շրջանակներում:

Մենք դպրոցներ ենք վերանորոգել Հայաստանում, շենքեր կառուցել Սպիտակի շրջանում: Մեր համեստ օգնությունը չենք համեմատում մյուս մեծ երկրների հետ, որոնք Հայաստանի հետ ավելի մոտ են: Մենք մտածեցինք, որ նպատակահարմար է, որ այն ոլորտների գիտելիքները փոխանցենք, որտեղ Հնդկաստանը նվաճումներ ունի: Դրանք են՝ ՏՏ, դեղագործական, կառավարման ոլորտները: Վերջին 5-6 տարիներին մեր հովանավորությամբ գյուղատնտեսության, առողջապահության, ՏՏ և այլ ոլորտների տարբեր պատվիրակություններ են այցելել Հնդկաստան, իսկ այնտեղից էլ բիզնես պատվիրակություններ են այցելել Հայաստան: Անցյալ շաբաթ առողջապահության փոխնախարարի գլխավորությամբ 8-հոգանոց պատվիրակություն մեկնեց՝ Նյու Դելիում առողջապահության գագաթաժողովի մասնակցելու համար: Սրանք այն բնագավառներն են, որտեղ մենք համագործակցության պոտենցիալ ունենք:

Այժմ Երևանի բժշկական համալսարանում սովորում է շուրջ 950 հնդիկ ուսանող: Հարյուրավոր շրջանավարտներ են մեկնել Հնդկաստան (մի քանիսը՝ իրենց հայ կանանցով), որոշ մասն իրենց դիպլոմներով մեկնել է ԱՄՆ, եվրոպական երկրներ: Այ, նրանք Հայաստանի իսկական դեսպաններ են Հնդկաստանում, քանի որ խոսում են հայերեն, այստեղ ապրել են ավելի քան 6 տարի, կարոտում են Երևանը, կարոտում լավաշը, սովորել են հայկական ավանդույթները, սովորությունները, Հայաստանը նրանց երկրորդ տունն է դարձել: Եթե նրանք հավաքվեն բոլոր շրջանավարտներով, ապա շատ օգտակար գործ կարող են անել Հայաստանում՝ մեր երկկողմ կապերը սերտացնելու հարցում:

Վերջերս «Հեռուստաբժշկություն» անվանումով կես միլիոն դոլարանոց մի ծրագիր ավարտեցինք: Հայաստանի 10 հիվանդանոցներում հեռուստակենտրոններ են ստեղծվել, որոնց գլխավոր կետը գտնվում է Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում: Հեռուստակապի միջոցով նրանք խորհրդատվություններ են տալիս Հայաստանի մարզերի մյուս հիվանդանոցներին, որտեղ տեղադրվել է այս համակարգը:

Ինչպես գիտեք, Հնդկաստանն աշխարհի առաջատարներից է ՏՏ ոլորտում: Միայն այս ոլորտում շրջանառությունն ավելի քան 40 մլրդ դոլար է, դեղագործականում՝ 25 մլրդ: Սրանք Հնդկաստանի տնտեսության ուժեղ բնագավառներն են:

2011թ. Երևանի պետական համալսարանի տարածքում բացել ենք հնդկահայկական ՏՏ կենտրոն, որտեղ տեղադրել ենք «Պարամ» սուպեր-համակարգիչ: Հայաստանն առաջին երկիրն է, որը ստացել է այս համակարգիչը: Սա 1 մլն դոլար արժողության ծրագիր է: Մենք այս կենտրոնը համալրել ենք ծրագրային ապահովմամբ, համակարգիչներով, որոնք միացված են Պունե քաղաքում գտնվող CDAC (Centre for development and application of computers) կենտրոնի հետ: Սակայն այս սուպեր-համակարգիչը լիարժեքորեն չի օտագործվում, ուստի հայկական կենտրոնը պետք է ջանք դնի՝ այն իր ողջ հզորությամբ աշխատեցնելու համար:

Մեր կատարած մյուս ծրագրով համակարգիչներ, տպիչներ, սքաներներ  ենք տեղադրել Տավուշի մարզի բոլոր 73 դպրոցներում, այնպես որ այժմ երեխաները կարող են այստեղ համակարգչային դասեր անցկացնել: Ցանկանում ենք այս ծրագիրը կրկնել Վայոց ձորի շուրջ 50 դպրոցներում:

Գյուղատնեսության բնագավառում նույնպես համագործակցում ենք: Որոշ ժամանակ առաջ մենք հայկական ծիրանի տնկիներ ենք տնկել հյուսիսային Հիմաչալ Պրադեշ նահանգի գյուղատնտեսական համալսարանների տարածքում, որտեղի կլիմայական պայմանները Հայաստանին նման են:

Հաշվի առնելով այն, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է՝ մենք ունենք համագործակցության լայն հնարավորություններ: Հնդկաստանն ու Ռուսաստանը որոշել են բանակցություններ սկսել տնտեսական համագործակցության մասին համապարփակ պայմանագիր, այսինքն՝ ազատ առևտրի գոտու մասին պայմանագիր մշակելու համար: Եվ սրա մասին պետք է բանակցենք ոչ միայն Ռուսաստանի, այլև ԵԱՏՄ մյուս երկրների, ներառյալ նաև Հայաստանի հետ: Սա էլ մեկ այլ հարթակ է, որտեղ մեզ հարկավոր է զարգացնել համագործակցությունը: Այնպես որ, կարծում եմ, որ ԵԱՏՄ միջոցով մենք կմտնենք Հայաստան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: