ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանն ամեն կերպ կփորձի լեգիտիմացնել ընտրությունների արդյունքները

2015 թվականի նոյեմբերի 1-ը Ադրբեջանի պատմության մեջ կհիշվի որպես հերթական խորհրդարանական ընտրությունների օր, որից հանրության ակնկալիքները, մեղմ ասած, մեծ չէին, մինչդեռ երկրի իշխանությունների տեսլականը ընտրություններից հետո երկրի ապագայի վերաբերյալ բավականին հավակնոտ էր:

Այո´, այս ընտրությունները չեն տարբերվի նախորդներից, սակայն հաշվի առնելով Ադրբեջան-Արևմուտք ներկայիս լարվածությունը՝ ընտրությունների անցկացման և արդյունքների լեգիտիմացման համար երկրի իշխանությունները մի փոքր ավելի մեծ ջանք կներդնեն, քան նախկինում:

Ընտրությունները լեգիտիմացնելու և դրանք որպես այդպիսին միջազգային հանրությանը ներկայացնելու գործիքներից մեկը ընտրություններին միջազգային դիտորդների առկայությունն է, ինչի վրա Ադրբեջանը բավականին մեծ շեշտադրում է կատարում: Ըստ Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած վերջին տվյալների՝ խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար արտերկրից գրանցվել է 426 դիտորդ 46 երկրից: Ադրբեջանի իշխանությունների կողմից սա ներկայացվում է որպես բավականին լուրջ ցուցանիշ՝ ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ ապահովելու համար: Այս տարի, սակայն, «խավիարային հյուրասիրությունից» չեն օգտվի ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների, մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) դիտորդները: ԺՀՄԻԳ-ի՝ Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն կատարելուց հրաժարվելու պատճառը Բաքվի կողմից իր դիտորդների քանակը սահմանափակելն էր: ԺՀՄԻԳ-ի օրինակին հետևեց ԵԱՀԿ ԽՎ-ն, որի նախագահ Իլկա Կաներվան պարզաբանեց, որ տեղին կլինի, եթե իրենց կարևոր գործընկեր ԺՀՄԻԳ-ի՝ ընտրությունները դիտարկելու անհնարինության պայմաններում իրենք էլ չդիտարկեն դրանք:

Ընտրությունների լեգիտիմացման այլ գործիքներ են ընտրապայքարում կուսակցությունների բազմազանությունն ապահովելը ու թեժ ընտրություններ ունենալու իմիտացիայի ստեղծումը: Այսպես, ըստ ԿԸՀ տվյալների, Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում 125 տեղի համար կպայքարի 769 մարդ, այսինքն՝ մեկ տեղի համար կպայքարի 6 թեկնածու: Հետաքրքրական է այն փաստը, որ ընդամենը մի քանի օր առաջ ադրբեջանական լրատվամիջոցները գրում էին 1246 թեկնածուի մասին՝ ներկայացնելով այս թիվն աննախադեպ: Ստացվում է, որ ընտրություններին ընդառաջ 477 մարդ պարզապես որոշեց հանել իր թեկնածությունը:

Հաշվի առնելով այս ամենը՝ պետք է նշել, որ Ադրբեջանում առավել հետաքրքիր շրջան կսկսվի հենց ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո, երբ միջազգային հանրությունը կսկսի տալ իր գնահատականները: Հաշվի առնելով խավիարային հյուրասիրությունները՝ ակնկալիքները մեծ չեն, որ Ադրբեջանում եղած միջազգային դիտորդները կբարձրաձայնեն լուրջ խախտումների մասին, սակայն հաշվի առնելով Արևմուտքի՝ վերջին շրջանում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների և բռնաճնշումների մասին ոչ միայն հայտարարություններ անելը, այլև դրանց ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկելը՝ պետք է առնվազն ակնկալել, որ այս անգամ հնչած գնահատականները իրականությունից կտրված չեն լինի:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: