ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վենետիկի հանձնաժողով. կառուցվածքն ու գործառույթները

Վենետիկի հանձնաժողովի 104-րդ լիագումար նիստի ժամանակ, որը կկայանա հոկտեմբերի 23-24-ը, կքննարկվի Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հարցը: Նշենք, որ Վենետիկի հանձնաժողովն արդեն հրապարակել է սահմանադրական փոփոխությունների նախագծի նախնական գնահատականը: Հանձնաժողովի փորձագետները ողջունել են Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքը՝ նշելով, որ Վենետիկի հանձնաժողովի հետ բաց երկխոսության արդյունքում բարեփոխումների տեքստում հնարավոր է եղել մի շարք կարևոր վերաձևակերպումներ անել:

 

Վենետիկի հանձնաժողովը՝ պաշտոնապես Իրավունքի միջոցով հանուն ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովը, սահմանադրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական մարմին է: Այն կազմավորվել է 1990 թվականի Եվրոպայի խորհրդին առընթեր: Չնայած հանձնաժողովի մշտական քարտուղարությունը գտնվում է Ստրասբուրգում (Ֆրանսիա)՝ Եվրոպայի խորհրդի շտաբ բնակարանում, սակայն լիագումար նիստերն անց են կացվում Վենետիկում (Իտալիա), ինչից էլ գալիս է հանձնաժողովի ոչ պաշտոնական անունը: Նիստերը գումարվում են տարեկան 4 անգամ՝ մարտին, հունիսին, հոկտեմբերին և դեկտեմբերին:

Կազմակերպչական առումով հանձնաժողովը հանդիսանում է ԵԽ կազմում «մասնակիորեն բաց համաձայնագիր», այսինքն՝ ԵԽ անդամ երկրների համար պարտադիր չէ, որ մասնակցեն հանձնաժողովի աշխատանքներին, և 2002 թվականից կառույցում անդամակցությունը բաց է երրորդ պետությունների համար՝ ԵԽ նախարարների խորհրդի համաձայնությամբ:

Հանձնաժողովի անդամները 60 են՝ Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր 47 երկրները (Հայաստանը դարձել է Եվրոպայի խորհրդի և Վենետիկի հանձնաժողովի անդամ 2001 թվականին), ինչպես նաև 13 այլ երկրներ՝ Ալժիրը, Բրազիլիան, Չիլին, Իսրայելը, Ղազախստանը, Հարավային Կորեան, Կոսովոն, Ղրղզստանը, Մարոկկոն, Մեքսիկան, Պերուն, Թունիսը և ԱՄՆ-ը: Հանձնաժողովի ասոցացված անդամ է Բելառուսը, դիտորդ երկներ են Արգենտինան, Վատիկանը, Կանադան, Ուրուգվայը, Ճապոնիան: Հանձնաժողովը համագործակցում է նաև Պաղեստինի ինքնավարության, Եվրամիության և Հարավաֆրիկյան հանրապետության հետ: Վենետիկյան հանձնաժողովի լիագումար նիստերին մասնակցում են նաև Եվրահանձնաժողովը և ԵԱՀԿ Մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների բյուրոն:

Հանձնաժողովի յուրաքանչյուր մասնակից-երկիր հանձնաժողովում նշանակում է մեկ փորձագետի 4 տարի ժամկետով: Նշվում է, որ փորձագետները պետք է աշխատեն որպես անկախ մասնագետներ, այլ ոչ թե պետությունների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովը աշխատում է երեք ուղղություններով

• ժողովրդավարական ինստիտուտներ և հիմնական իրավունքներ

• սահմանադրական արդարադատություն

• ընտրություններ, հանրաքվեներ և քաղաքական կուսակցություններ:

Հանձնաժողովը հիմնականում զբաղվում է անդամ երկրների սահմանադրական իրավունքի խնդիրները շոշափող օրենքների և օրինագծերի վերլուծությամբ: Փաստաթուղթը կարող է հանձնաժողովի քննարկմանը ներկայացվել հետաքրքրված պետության, վերջինիս համաձայնությամբ մեկ այլ պետության, ինչպես նաև ԵԽԽՎ կողմից: Հանձնաժողովի եզրակացությունները լայնորեն կիրառվում են ԵԽԽՎ կողմից՝ որպես ժողովրդավարության ոլորտում «եվրոպական չափորոշիչների» դրսևորում:

Ընտրությունների հարցերով հանձնաժողովը սերտորեն համագործակցում է ԵԱՀԿ Մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների բյուրոյի հետ:

Նշենք, որ հանձնաժողովը հրապարակում է նաև թեմատիկ հետազոտություններ առանձին խնդիրների շուրջ:

 

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: