ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նոր իրողություններ հայ-վրացական հարաբերություններում

Հոկտեմբերի վերջին ՀՀ նախագահի երկօրյա այցը Վրաստան վերահաստատեց այն պնդումը, թե հայ-վրացական հարաբերությունները նոր փուլ են մտել: Այդ մասին են վկայում ինչպես երկկողմ հանդիպումների օրակարգը, այնպես էլ բարձր մակարդակի փոխայցելությունների հաճախակիությունը: Կարելի է պնդել, որ Երևանը և Թբիլիսին ամենատարբեր ոլորտներում փնտրում են ընդհանուր շահեր, որոնք կարող են հարաբերությունների` հռչակված բարիդրացիական բնույթը լիարժեք արտահայտել երկկողմ գործընկերությունում: Ընդհանուր շահերի առանձնացման օրինակներից է այն, որ թե՛ Վրաստանը, թե՛ Հայաստանը բարձր մակարդակով հայտարարել են, որ երկու երկրների ինտեգրացիոն տարբեր վեկտորները չեն կարող խոչընդոտել երկկողմ հարաբերություններին, ավելին՝ դրանք նոր հնարավորություններ են ստեղծում փոխգործակցության առավել ամրապնդման և խորացման տեսանկյունից:

Եթե փորձենք ներկայացնել հայ-վրացական օրակարգը՝ հիմնվելով երկկողմ հանդիպումների քննարկումների վրա, ապա այն ընդհանուր առմամբ կունենա հետևյալ տեսքը՝ տրանսպորտային, էներգետիկ, կրթամշակութային փոխգործակցություն, ինչպես նաև Վրաստանի հայկական համայնք և Հարավային Կովկասի անվտանգության ապահովման խնդիրներ: Հատկանշական է, ընդհանրական օրակարգը բավական զգայուն է աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների նկատմամբ:

Նախագահի այցի հետ կապված` ցանկալի է առանձնացնել հատկապես Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ հանդիպումը, ով իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավարն է և բավական լուրջ ազդեցություն ունի նախարարների կաբինետի վրա: Չենք կարող բացառել, որ հանդիպման արդյունքում վերոնշյալ ազդեցությունը լրացուցիչ խթան հաղորդի հայ-վրացական գործընկերության սերտացմանը: Ասվածի համար հիմք է ծառայում հենց Իվանիշվիլիի օրոք Վրաստանի համեմատաբար հավասարակշռված տարածաշրջանային քաղաքականությունը, որն էականորեն տարբերվում էր Սահակաշվիլիի վարչակարգի՝ շատ հարցերում հակահայկական բնույթ կրող քաղաքականությունից:

Իվանիշվիլիի հավասարակշռված քաղաքականության դրսևորման օրինակներից էր հայ-վրացական հարաբերություններում բավական զգայուն թեմա հանդիսացող վիճելի մշակութային ժառանգության խնդիրը: Այս հարցում առավել կառուցողական դիրքորոշում որդեգրելուց բացի` Իվանիշվիլին անգամ իր ֆինանսական ներդրումն է ունեցել Թբիլիսիի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու վերականգնողական աշխատանքներում, որի վերաօծման արարողությանը ներկա էր նաև ՀՀ նախագահը: Տվյալ նախագիծն ինքնին աննախադեպ էր, և վստահաբար կարող ենք պնդել, որ  այն հայկական և վրացական կողմերի արդյունավետ համագործակցության բավական լավ օրինակ է, որը կարող է դառնալ նախադեպային:

Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ կարծես թե ուրվագծվում է հայ-վրացական շահերի հատման մեկ այլ ոլորտ: Խոսքը վերաբերում է Վրաստանի գազի ներկրման աղբյուրների դիվերսիֆիկացմանը, որի համար, որպես հնարավոր տարբերակ` դիտարկվում է ռուսական «Գազպրոմ» ընկերությունից գազի ներկրումը: Վրաստանի` գազի  աղբյուրների դիվերսիֆիկացիայի որոշումը, ինչը կսահմանափակի Ադրբեջանի մենաշնորհային դիրքերն այս ոլորտում և հետևաբար նաև ազդեցությունը պաշտոնական Թբիլիսիի վրա, բնականաբար բխում է նաև Հայաստանի շահերից: Ավելին, խնդրի հետ կապված, Հայաստանի շահագրգռվածությունն առավել մեծ է, քանզի Վրաստանը նաև դիտարկում է Հայաստանի տարածքով իրանական գազի ներմուծման հեռանկարը: Տարածաշրջանային նշանակության նման նախագծի կյանքի կոչումը մի կողմից կմեծացնի ՀՀ տրանզիտային դերը տարածաշրջանային մակարդակով, մյուս կողմից հավասարակշռող գործոն կծառայի Հայաստան-Վրաստան հարաբերություններում` դառնալով նաև դրանց զարգացման նոր խթան:

Հաշվի առնելով խնդրի կարևորությունը և Հայաստանի շահագրգռվածությունը` չենք կարող բացառել, որ Վրաստանի էներգետիկ դիվերսիֆիկացման  մակարդակի բարձրացման խնդիրը եղել է ՀՀ նախագահի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի երկկողմ հանդիպման օրակարգի առանցքային կետերից մեկը: Այդ մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ նախագահի այցից ընդամենը 2 օր անց ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը և Վրաստանի փոխվարչապետ ու էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն Թբիլիսիում քննարկել են հայ-վրացական էներգետիկ համագործակցության հեռանկարները, այդ թվում իրանական գազը Հայաստանով Վրաստան հասցնելու հնարավորությունը:

Այսպիսով` առկա գործընթացները փաստում են, որ Երևանի և Թբիլիսիի հարաբերություններում կենացային բարեկամությունից անցում է կատարվում պրակտիկ գործընկերության, որը պետք է իրացնի երկկողմ հարաբերությունների ամբողջ պոտենցիալը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: