ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ահաբեկչություն Բեյրութում. Հեզբոլլահի՞, Ասադի՞, թե՞ անհավատների դեմ

Լիբանանում այսօր սուգ է հայտարարված: Բեյրությում վերջին տարիների ամենարյունալի ահաբեկչությունը 43 մարդու կյանք է խլել, 240-ը` վիրավորվել է: Նրանց մեծ մասը ծանր վիճակում են: Կրկնակի ահաբեկչությունը տեղի է ունեցել Բեյրութի հարավային Բուրջ Ալ-Բարաջնե թաղամասում, որը համարվում է շիական Հեզոբոլլահի հետակետերից մեկը:

 Լիբանանյան «Ալ-Մայադին» հետուստաընկերությունը հայտնել է, որ հարձակումն իրականացվել է երկու մահապարտ ահաբեկիչների միջոցով: Առաջին պայթյունը տեղի է ունեցել շիական մզկիթի հարևանությամբ, իսկ երկրորդը` խոշոր առևտրային կենտրոնի մոտ, որը մեծ հանրաճանաչություն է վայելում արտասահմանցիների շրջանում: Լիբանանի անվտանգության ուժերի հայտնած տեղեկություններով ահաբեկչությունը պետք է իրականացվեր 3 ահաբեկիչների միջոցով, սակայն երրորդը չի հասցրել իրեն պայթեցնել̦ նրա մարմինը գտնվել է զոհերի մարմինների մեջ: Newsru.co.il կայքը, հղում կատարելով լիբանանյան որոշ լրատվամիջոցների, հայտնում է ահաբեկիչներից մեկը սիրիացի է, իսկ մյուս երկուսը` հավանաբար պաղեստինցի են: Սակայն այս տեղեկությունը դեռևս վերջնական չէ:

Ահաբեկչությունը դատապարտվել է երկրի քաղաքական բոլոր ուժերի կողմից: Վարչապետ Թամամ Սալյամը միասնության կոչ է արել` նշելով, որ «ահաբեկչությունը պետք է ազդակ հաղորդի լիբանանյան քաղաքական գործիչներին` տարաձայնությունները հաղթահարելու և ճգնաժամից դուրս գալու համար»:

 Քննադատությամբ և ցավակցություններով են հանդես եկել Հայաստանը, Սիրիան, ԱՄՆ-ը, Իրանը, Քուվեյթը և բազմաթիվ այլ երկրներ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը կոչ է արել Լիբանանին «թույլ չտալ այս ստոր գործողությանը խափանել հարաբերական հանգիստը, որը երկրում տիրում էր վերջին տարվա ընթացքում»,- հայտնում է AFP-ն:

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»: Տարածված հայտարարության մեջ ասվում է, որ «առաջին հարձակվողն անհավատների ամբոխի մեջ է մտել մոտոցիկլով»: ԻՊ-ն սպառնում է նոր հարձակումներ իրականացնել շիաների դեմ:

Հեզբոլլահը հայտարարել է, որ այս հարձակումն ուղղված է ոչ թե կոնկրետ կուսակցության կամ խմբավորման դեմ, այլ այն «հանցագործություն է ողջ մարդկության դեմ»: Հեզբոլլահի ղեկավար Հասան Նասրալլահի գլխավոր օգնականը խոստացել է շարունակել պայքարը ահաբեկիչների դեմ` նշելով, որ «թշնամիների դեմ Հեզբոլլահի պայքարը շատ երկար է լինելու»:

Նշենք, որ սա Հեզոբոլլահի հետակետերի վրա առաջին ահաբեկչական հարձակումը չէ: 2013-2014 թվականներին նման մի քանի հարձակումներ ևս եղել են, որոնց պատասխանատվությունը ստանձնել են սուննի ջիհադիստական խմբավորումները: Նրանք հայտարարում էին, որ այս կերպ պատասխանում են Հեզբոլլահին` Ասադին աջակցելու համար: 2013 թվականին կրկին հարավային Բեյրությում տեղի ունեցած մեկ այլ ահաբեկչության հետևանքով 27 մարդ էր մահացել:

Առհասարակ, վերջին 5 տարիների ընթացքում Լիբանանը մեծապես տուժում է սիրիական հակամարտության հետևանքով: Շիական և սուննիական համայնքների միջև սրված հարաբերությունների պատճառով երկրում սովորական են դարձել զինված բախումներն ու բռնությունը: Չի բացառվում, ̦ որ այս կերպ ահաբեկչական խմբավորումները ցանկանում են վրեժ լուծել Հեզբոլլահի և ռուսական օդուժի օգնությամբ վերջին օրերին արձանագրվող սիրիական բանակի հաջողությունների համար: Հատկանշական է, որ Մարդու իրավունքների մոնիտորինգի սիրիական կենտրոնի տվյալներով` Սիրիայում ճգնաժամի ընթացքում Հեզբոլլահի առնվազն 971 զինյալ է սպանվել:

Բացի արտաքին գործոնների պատճառով ստեղծված խնդիրներից, ներքաղաքական խնդիրները ևս շարունակվում են արդիական մնալ: Լիբանանն արդեն գրեթե 2 տարի գոյատևում է առանց նախագահի: Փակուղային իրավիճակն առաջացել է նաև այն պատճառով, որ հակամարտող Իրանն ու Սաուդյան Արաբիան աջակցում են լիբանանյան խորհրդարանի տարբեր բլոկների:

Լիբանանն այն բացառիկ երկրներից է, որտեղ գործում է կառավարման կոնֆեսիոնալ համակարգը, որը հնարավորություն է տալիս գլխավոր դավանանքների հետևորդներին մասնակցել երկրի կառավարմանը: Լիբանանի նախագահ կարող է դառնալ միայն քրիստոնյա մարոնի, վարչապետ՝ սուննի-մահմեդական, իսկ խորհրդարանի ղեկավար՝ շիա-մահմեդական: Այս համակարգի ներդաշնակության վրա ազդող ցանկացած գործոն լրջագույն սպառնալիք կարող է հանդիսանալ Լիբանանի անվտանգության համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: