ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2015թ-ին պատկերն Ադրբեջանում մռայլ էր

2015 թվականը Ադրբեջանում թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականության տեսանկյունից բավականին ակտիվ և զարգացումներով լի տարի էր: Այն երկրում սկսվեց բավականին լարված ներքաղաքական մթնոլորտով: Նավթի գների անկման հետ կապված՝ Ադրբեջանում արձանագրվեց մանաթի արժեզրկում, ինչն իր հերթին երկրում գների կտրուկ աճի հանգեցրեց: Փակ քաղաքական համակարգի պարագայում անգամ ադրբեջանական որոշ կայքերի հրապարակումներից ակնհայտ էր դառնում, որ երկրում գնալով ուժգնանում է հասարակական դժգոհությունը: Գուցեև ժողովրդավար երկրների պարագայում այս դժգոհությունների ալիքները, բողոքի ակցիաները լրիվ բնական և նորմալ գործընթացներ դիտվեին և արտառոց չթվային, սակայն ոչ Ադրբեջանում:

Ոչ ոքի համար երևի թե գաղտնիք չէ, թե ինչ մակարդակի վրա են գտնվում մարդու իրավունքների խախտումներն ու խոսքի ազատությունն Ադրբեջանում, թե ինչպիսի բռնաճնշումների են ենթարկվում հասարակության առավել ակտիվ քաղաքացիները: 2015թ.-ի ընթացքում մեկ անգամ չէ, որ Ադրբեջանը քննադատվել է քաղբանտարկյալներ ունենալու, խոսքի անազատության համար: Եթե Բաքվում անցկացված «Եվրոպական ամառային խաղեր 2015-ը» մինչև դրա մեկնարկն ու ավարտն Ադրբեջանի իշխանությունների համար դիտվում էր որպես երկրի իմիջի բարձրացման հնարավորություն, ինչի պատճառով քննադատություններից խուսափելու համար օտարերկրացի մի շարք լրագրողների ու իրավապաշտպան կազմակերպությունների մուտքն Ադրբեջան արգելվեց, ապա արդեն խաղերի օրերին և դրա ավարտից հետո ակնհայտ դարձավ, որ ադրբեջանական իշխանությունների այս քայլը գործեց հենց ի վնաս իրենց:

Հատկապես Եվրոպական խաղերից հետո էր, որ Ադրբեջանի արտաքին հարաբերություններում՝ մասնավորապես Արևմուտքի հետ, լուրջ խնդիրներ ի հայտ եկան: Կարծես թե Ադրբեջանի վարած այսքան տարիների անզուսպ քաղաքականությունը, որի պատճառն էր նաև Արևմուտքի փաղաքշող վերաբերմունքը վերջինիս հանդեպ, համարժեք արձագանք ստացավ, որը, ի դեպ, անգամ չէր եղել Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակման ժամանակ: Սեպտեմբերին Եվրախորհրդարանն ընդունեց բանաձև, որով ոչ միայն մտահոգություն էր արտահայտվում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների կապակցությամբ և կոչ էր արվում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, այլև նշվում էր, որ ԵՄ-ն պետք է պատժամիջոցներ կիրառի մարդու իրավունքների խախտման մեջ մեղավոր ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ: Այս բանաձևում կարևոր էր նաև այն շեշտադրումը, որ Ադրբեջանը շարունակում է խանգարել Ադրբեջանի և Հայաստանի հասարակությունների միջև շփումները: Նման հասցեագրված քննադատություն այդքան էլ պարբերաբար չես լսի, ինչը անհետևանք չի մնում ո՛չ երկրի ներքաղաքական դաշտում, ո՛չ արտաքին քաղաքականության մեջ, հատկապես սահմաններին: Ի պատասխան այս քննադատությունների՝ Ադրբեջանի խորհրդարանը դադարեցրեց իր գործունեությունը «Եվրանեսթ» Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանական վեհաժողովում, ինչպես նաև ԵՄ-Ադրբեջան միջխորհրդարանական համագործակցությունը: 

2015թ.-ին Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները նույնպես ապացուցեցին, որ Ադրբեջանին շատ բան է «ներվել» ու «ներվում»: Չնայած բռնաճնշումների միջոցով կորզված արդյունքներին՝ միջազգային որոշ դիտորդներ դրանց տվեցին դրական գնահատական՝ ոգևորելով Ադրբեջանի իշխանություններին նույն կերպ շարունակել իրենց վարած քաղաքականությունը:

Արդեն տարեվերջին մոտ ադրբեջանական իշխանությունները բավականին սահուն կերպով փորձեցին լուծել Նարդարանում բնակվող շիա մուսուլմանների հետ կապված հարցերը՝ նրանց որակելով ծայրահեղականներ և հատուկ գործողությունների շրջանակներում ձերբակալելով տասնյակ մարդկանց: Այդ «ծայրահեղականները», սակայն, երկրի բնակչության այն հատվածն են, ովքեր իշխանություններից պահանջում են սոցիալական արդարություն և քննադատում են նրանց մարդու իրավունքների խախտումների համար:

Այս ամենին զուգահեռ՝ Ադրբեջանն էլ ավելի ջերմ հարաբերություններ է զարգացնում եղբայրական Թուրքիայի հետ: Նոր կառավարության հաստատումից հետո Թուրքիայի ԱԳ նախարարի առաջին այցը տեղի ունեցավ Բաքու, ինչին հետևեց Թուրքիայի վարչապետ Դավութօղլուի այցը՝ ցույց տալու, որ անկախ նրանից, թե այժմ Արևմուտքի հետ ինչ հարաբերություններ ունի Ադրբեջանը՝ «մեծ եղբայրը միշտ կանգնած է թիկունքին»:

Այսպիսով, եթե փորձենք տալ 2015թ.-ի պատկերն Ադրբեջանում, ապա այն կրկին մռայլ էր՝ կլանային շահերից բխող ու սեփական քաղաքացիների իրավունքները չհարգող: Իսկ Արևմուտքի քիչ թե շատ արդեն իսկ սկսած հասցեագրված քննադատությունները հույս են ներշնչում, որ գոնե 2016թ.-ին նրանք Ադրբեջանի հանդեպ առավել օբյեկտիվ քաղաքականություն կվարեն՝ գիտակցելով, որ «խավիարային դիվանագիտությանը» կուլ գնալով՝ շատ հարցերում դառնում են Ադրբեջանին մեղսակից:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: