ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանը մուտք է գործում 2016 թվական միանգամայն նոր հեռանկարներով

2015 թվականն իրապես շրջադարձային տարի էր Իրանի համար: Երկիրը մուտք է գործում 2016 թվական միանգամայն այլ հեռանկարներով:

«Դարի համաձայնագիրն» ու դրա ազդեցությունը աշխարհաքաղաքական զարգացումների վրա

Իրանի և միջազգային միջնորդների «Վեցյակի» (ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Չինաստան, Գերմանիա) միջև 2006 թվականից սկսված բանակցությունները 2015 թվականի ապրիլին առաջին հաջողությունը գրանցեցին, երբ հայտարարվեց, որ «լուծում է գտնվել»: Փոխադարձ զիջումների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունքում երեք ամիս անց` հուլիսի 14-ին, ստորագրվեց «դարի համաձայնագիր» որակումը ստացած միջուկային համաձայնագիրը: Գործարքի հիմքում ընկած հիմնական գաղափարն այն էր, որ իր միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները պետք է թեթևացվեն: Միաժամանակ, Իրանը շարունակելու է իր ատոմային ծրագիրը խաղաղ նպատակներով:

80 միլիոն բնակչություն ունեցող Իրանը վերականգնվելու և մոտ ապագայում գերտերություն դառնալու հնարավորություն է ստանում: Նոր էջ է բացվում Իրան-ԵՄ հարաբերություններում: Վերջին ամիսներին Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և եվրոպական այլ
առաջատար երկրների` Իրան կատարած ինտենսիվ այցերի շրջանակներում կողմերը համաձայնության եկան տարբեր ոլորտներում համագործակցություն հաստատելու շուրջ: Ակտիվ քայլեր են ձեռնարկվում Իրանում օտարերկրյա ֆինանսական ներդրումների խթանման ուղղությամբ: Իրանը հայտարարում է պատժամիջոցների չեղարկմանը զուգահեռ նավթի արտահանումները կրկնապատկելու իր մտադրության մասին: Խորանում է համագործակցությունն Իրանի և Ռուսաստանի միջև, հատկապես ռազմական, տնտեսական և էներգետիկ ոլորտներում: Իրանը հայտարարում է Ծոցի արաբական մի շարք միապետությունների առաջիկայում գազ մատակարարելու իր պատրաստակամության մասին:

Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումը և դրա շնորհիվ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հեղինակության բարձրացումը պետք է նպաստեն նաև Իրանի և նրա հասարակության ավելի բաց դառնալուն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռոհանին համարվում է չափավոր թևի ներկայացուցիչ: Որպես ասվածի ապացույց` նշենք, որ միջուկային գործարքի կնքումից հետո Իրանում առաջին անգամ դեսպանի պաշտոնում կին նշանակվեց:

Միաժամանակ Իրանը չի կորցնում իր «զգոնությունը»: Երկրի զինվորական հրամանատարությունը պարբերաբար հայտարարում է զորավարժությունների անցկացման և միջին հեռահարության բալիստիկ հրթիռների փորձարկումների մասին` ընդգծելով, որ հեղափոխական ոգու կորուստը կարող է կործանարար լինել Իրանի համար:

Իրանն էականորեն մեծացրեց իր ներգրավվածությունը տարածաշրջանային հակամարտություններում

Իրանն աստիճանաբար դառնում է հզոր գործոն մերձավորարևելյան տարածաշրջանում` ամենևին էլ չթաքցնելով ակտիվ դերակատարում ստանձնելու իր ցանկությունը: «Մեր կոչը Պարսից ծոցի և արաբական աշխարհի մեր գործընկերներին այն է, որ Իրանը պատրաստ է փոխադարձ հարգանքի, բարիդրացիության և իսլամական եղբայրության վրա հիմնված հարաբերություններ կառուցելուն նրանց հետ»,- հայտարարում է Իրանի արտգործնախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը:

Հսկայական էներգետիկ ռեսուրսներ ունեցող Իրանի մեկուսացումը, ինչ խոսք, ձեռնտու էր բազմաթիվ երկրների, որոնց թվում պետք է առանձնացնել հատկապես Իսրայելին, Սաուդյան Արաբիային, Թուրքիային, որոնցից յուրաքանչյուրը Իրանին թույլ տեսնելու ցանկության իր պատճառներն ունի: Զգալիորեն նվազում է Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի կարևորությունը, քանի որ նրանք բավական երկար ժամանակ համարվում էին տարածաշրջանում Արևմուտքի գլխավոր դաշնակիցները, իսկ հիմա Իրանը կարող է որոշ չափով իր վրա վերցնել այս գործառույթը: Հենց այդ պատճառով էլ այս երկրների միջև ավելի է սրվել պայքարը ազդեցության գոտիների համար: Իրանական ազդեցության ուժեղացման հետ կապված՝ Ծոցի միապետությունները հայտարարում են անվտանգության ապահովման համար միասնական կառույցի ստեղծման մասին: «Իրանական վտանգով» պայմանավորված՝ հարաբերությունների սերտացում է նկատվում նաև Թուրքիայի և Իսրայելի միջև:

Իրանն էականորեն մեծացրեց տարածաշրջանային հակամարտություններում՝ հատկապես սիրիական ճգնաժամում իր ներգրավվածությունը: Խոսքը գնում է ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական ներգրավվածության մասին: Սիրիայում իրանական զորքերի և զինամթերքի առկայությունն առավել ակնհայտ բնույթ ստացավ: Միաժամանակ Իսլամական Հանրապետությունը հանդես եկավ սիրիական ճգնաժամի կարգավորման 4-կետանոց առաջարկով, որը ենթադրում է կրակի անմիջական դադարեցում, ազգային միասնության կառավարության ձևավորում, փոքրամասնությունների սահմանադրական պաշտպանություն և վերահսկվող ընտրությունների անցկացում:

Բացի այդ՝ Արևմուտքը բացահայտորեն ընդունեց̦ որ Իրանը կարող է և պետք է սիրիական հակամարտության կարգավորման գործընթացի մաս դառնա, ինչի շնորհիվ Իրանը ներգրավվեց սիրիական ճգնաժամի կարգավորման շուրջ Վիեննայի բանակցություններում: Միջազգային հանրությունը գիտակցում է, որ Իրանը տարածաշրջանում ԻՊ-ի դեմ պայքարելու ունակություն ունեցող փաստացի միակ երկիրն է, ինչն էականորեն բարձրացնում է Իրանի` որպես տարածաշրջանային գործոնի կշիռը:

Իսլամական հանրապետությունը 2015 թվականի ընթացքում զգալիորեն մեծացրեց իր անուղղակի ներգրավվածությունը Եմենում և Իրաքում, որտեղ իրանական ազդեցության հետագա տարածումը կասեցնելու համար ակտիվ գործում են համապատասխանաբար Սաուդյան Արաբիան և Թուրքիան:

Հայ-իրանական համագործակցության հեռանկարները

Իրանի և գերտերությունների միջև միջուկային համաձայնագրի կնքման լուրը Հայաստանում ոգևորությամբ ընդունվեց: Ինչպես ընդգծեց ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, «համապարփակ կարգավորումը կնպաստի նաև տարածաշրջանում կայունության և համագործակցության ամրապնդմանը»:

Պատժամիջոցների չեղարկմանը զուգահեռ՝ սպասվում է, որ Իրանը հսկայական տնտեսական աճ է գրանցելու` դառնալով տնտեսական առումով թիվ 1 երկիրը տարածաշրջանում: Սա լուրջ հնարավորություններ է ստեղծում տրանսպորտային, էներգետիկ, առևտրատնտեսական ոլորտներում հայ-իրանական համագործակցության խորացման համար: Ակտիվորեն քննարկվում է Իրան-Հայաստան-Վրաստան էներգետիկ համագործակցության հնարավորությունը: Հայաստանի կողմից ակտիվ նախաձեռնողականության, նոր գաղափարների և ինտենսիվ աշխատանքի կարիք կա:

Այս տեսանկյունից Հայաստանը կարող է առանցքային դերակատարում ունենալ նաև Իրան-ԵԱՏՄ ապագա համագործակցության իրականացման գործում` հաշվի առնելով այն հանգամանքը̦ որ Իրան կատարած այցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ն սկսելու է ուսումնասիրել Իրանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու հնարավորությունները: Ի դեպ, Իրանը ևս Հայաստանի հետ երկկողմ տնտեսական հարաբերություններն ընդլայնելու ցանկություն է հայտնում, որը հատկապես դրսևորվեց Իրանի փոխնախագահ Էսհագ Ջահանգիրիի` Հայաստան կատարած այցի ժամանակ:

Ամփոփելով նշենք, որ 2015 թվականն Իրանի համար բեկումնային տարի էր` պատմական նոր ժամանակաշրջանի մեկնարկ: Աշխարհը, իրապես, գործ է ունենալու նոր, ավելի ինքնավստահ և հզոր Իրանի հետ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: