ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հակահայկական նախագծերը՝ որպես ԵԽԽՎ կողմից թույլ տրված թերացումների արդյունք

Մի քանի օրից ԵԽԽՎ-ն իր ձմեռային նստաշրջանին քվեարկության կդնի Արցախին առնչվող՝ մեղմ ասած ոչ օբյեկտիվ երկու բանաձևի նախագծեր: Հաստատվելու դեպքում դրանք որևէ իրավական ուժ չեն ունենա և որևէ բան չեն կարող պարտադրել ո՛չ ՀՀ-ին, ո՛չ ԼՂՀ-ին: Այնուամենայնիվ, նման նախագծերի ներառումը ԵԽԽՎ օրակարգում ինքնին բավական մտահոգիչ է` հաշվի առնելով դրանց միակողմանի բնույթը և դրանց հիմքում ընկած զեկույցների պատրաստման գործընթացում թույլ տրված բավական լուրջ թերացումները:

Այսպես, ԵԽԽՎ-ն աշխարհում ամենահին խորհրդարանական համագործակցության միջազգային ձևաչափն է, ինչը միմիայն մեծացնում է նրա կողմից ընդունվող որոշումների որակի և արդյունավետության հետ կապված ակնկալիքները: Իրականությունը, ցավոք, որոշակիորեն տարբերվում է: Այն, որ ԵԽԽՎ-ն, որը երբևէ չի ունեցել և չունի հակամարտությունների կարգավորման, քաղաքական լուծումների որոնման, միջնորդական գործունեության առաքելություն, տարբեր շահեր սպասարկող խորհրդարանականների նախաձեռնությամբ փորձում է միջամտել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, բավական խնդրահարույց է: Մի պահ մոռանալով անգամ ԵԽԽՎ խորհրդարանականների հեղինակած զեկույցների (որոնք ընկած են համապատասխան բանաձևերի նախագծերի հիմքում) բովանդակությունը` պետք է նշել, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԽԽՎ-ի կողմից ցանկացած զեկույցի պատրաստում, բանաձևի/հայտարարության ընդունում (անգամ եթե դա լիներ հայամետ), ըստ էության, եվրոպական կառույցների գործունեության հիմքում ընկած` միմյանց աշխատանքին չխոչընդոտելու առանցքային սկզբունքի կոպտագույն ոտնահարում է:

Նման խախտման մասին է վկայում թեկուզ հենց այն հանգամանքը, որ զեկույցները մշակվել են առանց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ խորհրդակցության և նրանց մոտեցումները հաշվի առնելու, մինչդեռ հենց Մինսկի խմբին է արդեն շուրջ երկու տասնամյակ վստահված հակամարտության կարգավորման մանդատը, և նրանցից բացի՝ հազիվ թե որևէ այլ մարմին առավել լավ տիրապետի Ղարաբաղյան հակամարտության և բանակցային գործընթացի բոլոր նրբություններին: Չունենալով ոչ հակամարտությունների կարգավորման փորձ, ոչ էլ տիրապետելով Ղարաբաղյան հակամարտության առանձնահատկություններին` ԵԽԽՎ-ն, ըստ էության, ոչ միայն չի կարող որևէ կերպ նպաստել հակամարտության քաղաքական կարգավորմանը (խոսքը չի վերաբերում հումանիտար խնդիրներին), այլ ընդհակառակը` իր նախաձեռնություններով միայն կխոչընդոտի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը: Թերևս, ԵԽԽՎ կողմից նման հնարավոր ապակառուցողական քայլերի կանխմանն են ուղղված նախորդ տարվա նոյեմբերին և ԵԽԽՎ նստաշրջանից օրեր առաջ` հունվարի 22-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համատեղ հայտարարությունները, որոնցում ընդգծվում էր, որ հենց ՄԽ-ին է պատկանում հակամարտության կարգավորման մանդատը: Ավելին՝ վերջին հայտարարությունում համանախագահներն անգամ հստակ ուղերձ ունեին ԵԽԽՎ խորհրդարանականների համար, և կոչ էին անում «չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կվնասեն ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատին կամ կբարդացնեն շարունակվող բանակցային գործընթացը»: Այն, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն բացահայտ քննադատական ուղերձներով է հանդես գալիս, մի կողմից հաստատում է, որ գործընկեր ԵԽԽՎ-ն այս անգամ իրոք չափն անցել է՝ միջամտելով ՄԽ-ին լիազորված խնդիրների, մյուս կողմից դա վկայում է, որ նման ապակառուցողական քայլերը կարող են բացասական հետևանք ունենալ հակամարտության կարգավորման տեսանկյունից:

Ինչ վերաբերում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգ ներառված բանաձևերի բովանդակությանը, ապա դրանք արդարացիորեն արդեն հասցրել են ստանալ «հակահայկական» որակումը: Հաշվի առնելով, որ տվյալ բանաձևերի բովանդակությունն արդեն բազմակողմանիորեն քննարկվել և քննադատվել է տարբեր մակարդակներով, բավարարվենք միայն մի քանի առանցքային թերացումներ մատնանշելով.

  1. նախագծերում կիրառված տերմինաբանությունը հակասում է հակամարտությունների կարգավորման ոգուն, ունի վառ արտահայտված միակողմանի բնույթ և խտրական վերաբերմունք հակամարտության կողմերի նկատմամբ,

  2. բանաձևերը չեն ներառում խնդիրների հետ կապված ԼՂՀ իշխանությունների, քաղաքացիական հասարակության մոտեցումները` չնայած այն հանգամանքին, որ դրանք ուղղակիորեն առնչվում են ԼՂՀ քաղաքացիների ճակատագրին,

  3. Սարսանգի ջրամբարին առնչվող բանաձևի նախագիծը, մասնավորապես, հումանիտար խնդրի քաղաքականացման վառ դրսևորում է, ինչը ոչ միայն որևէ կերպ չի նպաստում տվյալ խնդրի կարգավորմանը, այլ ընդհակառակը` նվազեցնում է նման խնդիրների կարգավորման հնարավորությունը:

Այս շարքը կարելի է շարունակել, սակայն ի թիվս ներկայացվող տարբեր դրույթների՝ ԵԽԽՎ հակահայկական բանաձևերի դեմ ուղղված ամենակարևոր հակափաստարկն այն է, որ դրանք կարող են դառնալ տարածաշրջանի հերթական անկայունացման պատճառ: ԵԽԽՎ խորհրդարանականները, ովքեր բավական հեռու են մեր տարածաշրջանային իրողություններից, հազիվ թե հասկանում են, որ աղմկահարույց այդ նախագծերը հաստատվելու դեպքում անգամ աննշան առաջընթաց չեն կարող ապահովել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Դրանք կարող են դառնալ միայն Ալիևի ոգևորության ևս մեկ առիթ, և, ինչպես փորձն է ցույց տալիս, դա արտահայտվում է սահմանային լարվածության նոր աճով` հանգեցնելով զոհերի, այդ թվում քաղաքացիական անձանց շրջանում:

Ժամանակն է, որ ԵԽԽՎ խորհրդարանականներն առավել խորը մտածեն սեփական քայլերի հնարավոր հետևանքների վերաբերյալ, որպեսզի չդառնան անմեղ զոհերի սպանության մեղսակից: Ինչ վերաբերում է ԵԽԽՎ հայկական պատվիրակությանը, ապա որպես ԵԽԽՎ լիիրավ անդամներ՝ հենց խորհրդարանականները կարող են հանդես գալ ԵԽԽՎ բարեփոխումների նախաձեռնությամբ, ինչը կառույցին հնարավորություն կտա չշեղվելու իր առաքելությունից և առավել արդյունավետ լուծելու իր առջև դրված խնդիրները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: