ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանում հայտնաբերված գազային պաշարները՝ մի՞ֆ, թե՞ իրականություն

www.bq-magazine.com

Օրերս ամերիկյան «Frontera Resources» կազմակերպության ղեկավար Սթիվ Նիկարսոնը Վաշինգտոնում կայացած Ատլանտյան խորհրդի նիստին հանդես եկավ բավական ուշագրավ հայտարարությամբ, որը բուռն արձագանքներ առաջացրեց ինչպես Վրաստանում, այնպես էլ ողջ տարածաշրջանում: Վրաստանում դեռ 90-ականներից աշխատանքներ ծավալած ամերիկյան ընկերության տնօրենի խոսքով հետախուզական աշխատանքների արդյունքում Վրաստանում հայտնաբերվել են 5 տրիլիոն մ3-ի հասնող գազի պաշարներ: Նման ծավալները պատկերացնելու համար նշենք, որ եթե այդ տեղեկատվությունը հաստատվի, ապա Վրաստանն իր գազային ռեսուրսներով կլինի 10-րդն աշխարհում՝ առաջ անցնելով այնպիսի երկրներից, ինչպիսիք են Իրաքը, Չինաստանը, Նորվեգիան, Ավստրալիան: Ավելին՝ նման պաշարներով հնարավոր է բավարարել Վրաստանի գազի ներքին պահանջարկը տարբեր հաշվարկներով 10-15 տարով: Եթե փորձենք նման  պաշարներն արտահայտել գումարային տարբերակով, ապա այն համարժեք է շուրջ 800 մլրդ դոլարի:

Ամերիկյան ընկերության հայտարարությունն, իրոք տպավորիչ է, սակայն այլ խնդիր է, թե որքանով է այն համապատասխանում իրականությանը: Խնդիրն այն է, որ «Frontera Resources» -ի նման սենսացիոն տեղեկությունն այդքան էլ վստահություն չի ներշնչում, քանզի առաջին անգամ չէ, որ ընկերությունն անում է նման հայտարարություն, ընդ որում՝ ամեն անգամ հայտարարված ծավալները միայն աճում են: Այսպես, 2014թ-ին «Frontera Resources» -ը հայտարարել է 40 մլրդ մ3-ի հասնող գազի պաշարների հայտնաբերման մասին, իսկ 2015թ-ի հոկտեմբերին ամերիկյան ընկերության ղեկավարը Վրաստանի գազային պաշարները գնահատել էր շուրջ 3.8 տրիլիոն մ3, և ահա 4 ամիս անց ընկերության գնահատականը հասել է 5մլրդ տրիլիոնի մ3-ի: Ավելին՝ նույն ընկերությունը խոստացել է 2020թ-ին Վրաստանում կազմակերպել նավթի և 2022թ-ին գազի արդյունահանում: Նշված բոլոր խոստումների և հայտարարությունների կյանքի կոչման կամ ապացուցման ուղղությամբ, սակայն, ընկերությունն էական քայլեր չի ձեռնարկել, ինչը որոշակի հիմնավոր կասկածներ է ստեղծում դրանց ճշմարտացիության հետ կապված:

Հենց այդ մասին է վկայում նաև Վրաստանի էներգետիկայի նախարարության որդեգրած դիրքորոշումը: Չնայած գազային տպավորիչ պաշարների վերաբերյալ հայտարարությունը բավական մեծ ցնծություն էր առաջացրել երկրում, գերատեսչությունը հայտարարեց, որ ամերիկյան ընկերությունից ակնկալում է հստակ ծրագիր՝ հայտարարված պաշարների վերաբերյալ տեղեկություններն ապացուցելու ուղղությամբ: Էներգետիկայի փոխնախարար Մարիամ Վալիշվիլիի խոսքով՝ ընկերությունն արդեն երեք տարի է անում է նման հայտարարություններ, սակայն այդ պաշարների առկայությունը և դրանց արդյունահանման հնարավորությունը դեռևս չեն ապացուցվել:

Վրացի փորձագետները ևս լիարժեքորեն չեն կիսում հանրային շրջանակներում առկա ոգևորվածությունը: Փորձագետների վերլուծություններում կարմիր թելի նման անցնում է այն գաղափարը, որ ընկերության գնահատականը (անկախ ծավալներից) վերաբերվում է հետախուզված պաշարներին, և քանի դեռ չկան ապացուցված պաշարների վերաբերյալ տվյալներ, վաղ է մտածել այդ գազի օգտագործման հնարավոր տարբերակների մասին: Ավելին, որոշ փորձագետներ անգամ այս «գազային սենցացիան» համարում են կեղծիք և ընկերության կողմից ստեղծված պատրվակ՝ ներդրումային միջոցներ ներգրավելու համար:

Մեկնաբանությունները տարբեր են, ամեն դեպքում, անկախ հայտարարված գազային ծավալներից, դեռևս վաղ է հստակ գնահատել, թե ինչ ազդեցություն այն կարող է ունենալ վրացական տնտեսության և ընդհանրապես տարածաշրջանային մատակարարումների կտրվածքով: Նման եզրակացությունների համար առնվազն անհրաժեշտ են այնպիսի տվյալներ, ինչպիսիք են գազի ապացուցված պաշարների ծավալը, գազի որակի վերաբերյալ տվյալներ, գազի արդյունահանման ծախսի և արդյունավետության վերաբերյալ հաշվարկներ (հատկապես հաշվի առնելով ռելիեֆի առանձնահատկությունները) և այլն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: