ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՆԱՏՕ-ից Վրաստանի ունեցած ակնկալիքները փոխվել են

Վերջին շրջանում կրկին ակտիվացել են Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարների շուրջ քննարկումները: Դեռ Միխեիլ Սահակաշվիլիի կառավարման շրջանում Վրաստանը պաշտոնապես հայտարարեց ՆԱՏՕ-ին իր անդամակցության ձգտումների մասին: 2008թ-ին անգամ հանրաքվե կազմակերպվեց երկրում, որի արդյունքների համաձայն՝  բնակչության շուրջ 77%-ը կողմ արտահայտվեց  կառույցին երկրի անդամակցությանը: Այդ ժամանակաշրջանից ի վեր Վրաստանը զգալի քայլեր է ձեռնարկել երկկողմ համագործակցության խորացման, անհրաժեշտ բարեփոխումների կատարման ուղղությամբ:

Կատարված աշխատանքին զուգահեռ Վրաստանը պարբերաբար բարձրաձայնել է, որ ունի որոշակի ակնկալիքներ ՆԱՏՕ-ից և կառույցը պետք է գնահատի իր արձանագրած առաջընթացը: Այս առումով հանգրվանային էին դիտարվում ՆԱՏՕ ամենամյա գագաթաժողովները, քանզի հենց դրանց ընթացքում է ամփոփվում գործընկերների առաջընթացը և տրամադրվում անհրաժեշտ գործիքներ համագործակցության խորացման կամ անդամակցության համար:

«Վրացական երազանքի» իշխանության գալուց հետո այս քաղաքականությունը պահպանվեց և տարբեր մակարդակի քաղաքական գործիչներ շարունակում էին հնչեցնել հայտարարություններ, ըստ որոնց՝ ՆԱՏՕ-ն պետք է ընդառաջի և կանաչ լույս վառի Վրաստանի անդամակցությանը: Բուն Հյուսիսատլանտյան դաշինքում, սակայն, կառույցի ընդլայնման և Վրաստանի անդամակցության հետ կապված առկա են տարբեր կարծիքներ, ինչի արդյունքում վրացական կողմի սպասումները մինչ այսօր չեն արդարացել:

Ըստ ՆԱՏՕ-ի հաստատված ընթացակարգերի՝ կառույցին անդամակցելու համար առկա է հատուկ գործիք՝ ՆԱՏՕ-ի Անդամակցության գործողությունների պլան  (Membership Action Plan (MAP)): Այն իրենից ներկայացնում է գործողությունների ծրագիր, որը կառույցի կողմից տրամադրվում է անդամակցության թեկնածու երկրներին: Պլանի հիմնական նպատակն է տվյալ պետությանը նախապատրաստել անդամակցության՝ անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելով բոլոր հիմնական ուղղություններով (քաղաքական, տնտեսական, ռազմական, իրավական և այլն):

Հարկ է նշել, որ իր ներդրման պահից ՆԱՏՕ-ի Անդամակցության գործողությունների պլան (ԱԳՊ) տրամադրել է Մակեդոնիային, Բոսնիա և Հերցոգովինային, ինչպես նաև Մոնտենեգոյին: Վրաստանը (ինչպես նաև Ուկրաինան) ևս հավակնում է ստանալ Անդամակցության գործողությունների պլան, քանզի դա էականորեն կմեծացնի կառույցին անդամակցելու հեռանկարների իրատեսականությունը:

Մինչև վերջերս վրացական իշխանությունները մշտապես բարձրաձայնում էին ԱԳՊ-ի ստանալու վերաբերյալ իրենց ակնկալիքների մասին: Ավելին, գագաթաժողովներին ընդառաջ այս թեմայով Վրաստանում հնչող հայտարարությունները հանրային և քաղաքական շրջանակներով ստեղծում էին չափազանցված, բայց ոչ հիմնավոր ակնկալիքներ, ինչի պատճառով, չունենալով ցանկալի որոշում, երկրում ստեղծվում էր որոշակի հիասթափություն, որը հղի էր եվրոատլանտյան ուղղության նկատմամբ հանրային ապատիայի ռիսկերով: Ստեղծված իրավիճակի և հնարավոր վտանգների մասին վերջին շրջանում սկսեցին բարձրաձայնել որոշ գործիչներ ինչպես վրացական կողմից, այնպես էլ ՆԱՏՕ-ից՝  միաժամանակ հանդես գալով չափազանցված ակնկալիքներ չստեղծելու կոչով:

Վրացական իշխանությունները ևս, կարծես, գիտակցեցին, որ չափազանցված ակնկալիքներն ազդում են ոչ միայն իրենց հեղինակության, այլ նաև հանրային ընկալումների վրա: Նման գիտակցումը, թերևս, հանգեցրեց նաև ռազմավարության փոփոխության անդամակցության վերաբերյալ Վրաստանի որդեգրած քաղաքականությունում: Մասնավորապես, պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի իր նշանակումից (2015թ մայիս) հետո փոփոխության ենթարկվեցին ՆԱՏՕ-ին ուղղված Վրաստանի կոչերը: Հնչող հայտարարություններում Վրաստանը ՆԱՏՕ-ից սկսեց պահանջել ոչ թե Անդամակցության գործողությունների պլան՝ այլ, այն «անցյալ համարելով»,  միանգամից անդամակցություն: Վրացական ղեկավարությունն ակնկալում է, որ Վրաստանի համար ՆԱՏՕ-ն կարող է առաջնորդվել Մերձբալթյան հանրապետությունների անդամակցության փորձով:

Հատկանշական է նաև այն, որ Խիդաշելին իր եվրոպական գործընկերներին այցելությունների ինտենսիվությամբ կարծես թե առաջ է անցել իր նախորդներից: ՆԱՏՕ-ի անդամ երկրներ կատարած այցելությունների ընթացքում նա կիրառում է մեկ այլ հետաքրքիր մոտեցում: Եվրոպական գործընկերների աջակցությունը ստանալու համար՝ Վրաստանի պաշտպանության նախարարը դիմում է ռուսական գործոնին, մասնավորապես՝ առաջ տանելով այն թեզը, թե. «ՆԱՏՕ-ի անդամ չդառնալու դեպքում, Վրաստանը կարող է դառնալ ռուսական նոր ագրեսիայի զոհ»:

Թե որքանով է նման գործելաոճն իրեն արդարացնում, դեռ վաղ է գնահատել, սակայն, կարելի է ասել, որ ՆԱՏՕ-ն Վրաստանի անդամակցության խնդրի հետ կապված հազիվ թե գնա որևէ բացառության՝ թույլ տալով շրջանցել Անդամակցության գործողությունների պլանը: Ավելին՝ օրերս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Վրաստանը չի կարող անդամակցել կառույցին առանց Անդամակցության գործողությունների պլանի և այն ստանալու համար Վրաստանը պետք է աշխատի ՆԱՏՕ բոլոր անդամ երկրների հետ՝ խնդրի շուրջ կոնսենսուս ապահովելու համար:

Հարկ է նշել մեկ այլ բավական կարևոր հանգամանք: ՆԱՏՕ-ին Վրաստանի, ինչպես նաև արդեն Ուկրաինայի անդամակցության գլխավոր խոչընդոտը նրանց տարածքային ամբողջականության հետ կապված խնդիրներն են: Այսինքն՝ քանի դեռ այս երկրները հայտարարում են, որ իրենց տարածքային ամբողջականությունը խախտված է երրորդ երկրի կողմից, ՆԱՏՕ-ին իրենց  անդամակցությունն (խոսքը չի վերաբերում անդամակցության գործընթաց սկսելուն) իրատեսական չէ: ՆԱՏՕ-ի կանոնադրության համաձայն՝ յուրաքանչյուր անդամի նկատմամբ ագրեսիան դիտարկվում է որպես ագրեսիա ամբողջ կառույցի նկատմամբ, ինչը, բնականաբար, չի կարող չբերել համապատասխան արձագանք: Հաշվի առնելով այս ամենը՝ կարող ենք ենթադրել, որ ՆԱՏՕ-ն հազիվ թե էապես ընդառաջի Վրաստանի և Ուկրաինայի եվրոատլանտյան ձգտումներին՝ այդ կերպ ստանձնելով Ուկրաինայի և Վրաստանի «տարածքային ամբողջականության վերականգնման պարտավորություն»:

Ամփոփելով նշենք, որ Վարշավայի գագաթաժողովի (այն կկայանա հուլիսին) արդյունքները բավական կարևոր են Վրաստանի իշխանությունների համար, քանզի կարող են ազդել նաև աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների վրա: Ուստի այս գագաթաժողովին ընդառաջ «Վրացական երազանքը» խնդիր ունի մի կողմից հանրային շրջանում չստեղծել արհեստականորեն չափազանցված ակնկալիքներ՝ հիասթափությունից խուսափելու համար, մյուս կողմից՝ դաշինքի գործընկերների հետ ինտենսիվ աշխատանքի արդյունքում փորձել գագաթաժողովին Վրաստանի համար ապահովել շոշափելի առաջընթաց (բացառված չէ գոնե ֆորմալ) ՆԱՏՕ-ին  անդամակցության ճանապարհին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: