ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հնդկաստանը Շանհայյան կազմակերպությունում. խնդիրներն ու հնարավորությունները

Կամալա Կումարի, փորձագետ (Նյու Դելի, Հնդկաստան)

 

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց ԱՊՀ հարցերով հնդիկ փորձագետ Կամալա Կումարիի հետ:

 

Շուրջ 10 տարի Հնդկաստանը դիտորդ էր Համագործակցության շանհայյան կազմակերպությունում (ՀՇԿ), իսկ այժմ դառնում է նրա մշտական անդամը: Ի՞նչ դեր կունենա Հնդկաստանը ՀՇԿ-ում:

- Նախ եկեք վերհիշենք, որ Համագործակցության շանհայյան կազմակերպությունը Ռուսաստանի, Չինաստանի և Կենտրոնական Ասիայի չորս հանրապետությունների՝ Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի և Ղրղըզստանի տարածաշրջանային խմբավորում է: Հսկայական ասիական տարածաշրջանում սա միակ տարածաշրջանային խմբավորումն է, և նրա հիմնական նպատակներն են տարածաշրջանային անվտանգությունն ու տնտեսական զարգացումը: Հաշվի առնելով ՀՇԿ-ի չափերը և տնտեսական ու քաղաքական ներուժը՝ կազմակերպությունը, անկասկած, մեծ ազդեցություն ունի տարածաշրջանում:

2005-ին Հնդկաստանը ՀՇԿ-ում դարձավ դիտորդ, իսկ 2014թ. Ուֆայում գագաթաժողովի ժամանակ նրան հրավիրեցին պաշտոնապես հայտ ներկայացնել լիիրավ անդամության համար: Եվ 2015-ին Հնդկաստանն ու Պակիստանը հրավիրվեցին որպես լիիրավ անդամներ, չնայած որոշակի արարողակարգային թղթաբանությունն ավարտելու համար նրանք լիիրավ անդամ կդառնան 2016-ին:

Հաշվի առնելով ՀՇԿ նշանակությունը ասիական տարածաշրջանում ու նրա սահմաններից դուրս և վերջին ժամանակում Հնդկաստանի աճող դերը տարածաշրջանային ու գլոբալ գործերում՝ ՀՇԿ անդամությունն ավելի շուտ Հնդկաստանին օգուտ կբերի երկարաժամկետ հեռանկարում, և դա նույնպես կնպաստի այս լայնածավալ տարածաշրջանում խաղաղությանն ու բարգավաճմանը:

Ի՞նչ կշահի Հնդկաստանը ՀՇԿ անդամությունից: Ինչպիսի՞ն կլինեն անդամության հետևանքները Հնդկաստանի համար:

- Հնդկաստանը ցույց է տվել լիիրավ անդամ դառնալու իր մեծ շահագրգռվածությունը՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերին արդյունավետորեն աջակցելու համար: Բայցևայնպես, սկզբնական շրջանում Հնդկաստանի լիիրավ անդամության հարցում կային անդամ երկրների հակասական կարծիքները և թերահավատությունը:

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանն աջակցում էր Հնդկաստանի թեկնածությանը: Ինչպես նշել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Հնդկաստանի ու Պակիստանի անդամությունը կբարձրացնի ՀՇԿ-ի միջազգային հեղինակությունը: Այս կարծիքը բացատրում են երկու գործոններ, ինչպես շեշտում է Ալեքսանդր Լուկինը, առաջին՝ Հնդկաստանին ընդունելը կհանգեցնի ՀՇԿ քաղաքական կշռի զգալի մեծացմանը և տնտեսական գրավչությանը զարգացող երկրների շրջանում: Երկրորդ՝ ռուսական որոշ վերլուծաբաններ մտահոգված են Կենտրոնական Ասիայում Չինաստանի չափազանց արագ աճող տնտեսական դերի կապակցությամբ: Այս տեսակետից կարելի է միայն ողջունել Հնդկաստանին ՀՇԿ ընդունելը, քանի որ այս երկիրը կարող է էական ներդրում ունենալ Կենտրոնական Ասիայի երկրներում և նպաստել նրանց արտաքին տնտեսական կապերի դիվերսիֆիկացմանը: Կենտրոնական Ասիայի երկրները միշտ էլ կողմ են եղել ՀՇԿ՝ Հնդկաստանի մուտքին: Նրանք դիտարկում են Հնդկաստանը՝ որպես երկու առաջատար տերությունների միջև նրբորեն բալանսավորող երկիր, որը կնպաստի նրանց բազմավեկտոր արտաքին քաղաքականության ամրապնդմանը:

Դժվար չէ բացատրել այն ռիսկերն ու հնարավորությունները, որոնց հետ առնչվում է Դելին: Ներկա սպառնալիքների բնույթը լուրջ մարտահրավեր է երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և պահանջում է համաձայնեցված ու հավաքական մոտեցում: Դա կօգնի Հնդկաստանին ու Կենտրոնական Ասիային ավելի մոտենալ միմյանց՝ հաշվի առնելով այն, որ Կենտրոնական Ասիան մոտ է Հնդկաստանին աշխարհագրորեն և կենսական նշանակություն ունի նրա գնալով աճող տնտեսական պահանջմունքների համար: Իր ելույթում վարչապետ Մոդին ասել է. «…ՀՇԿ-ում մեր անդամությունը հարաբերությունների բնական շարունակություն է, որ Հնդկաստանն ունի անդամ երկրների հետ, և արտացոլում է տարածաշրջանի տեղը Հնդկաստանի ապագայում»:

- Ինչպե՞ս կազդի Հնդկաստանի անդամությունը կազմակերպության ներսում ուժերի հավասարակշռության վրա: Ինչպե՞ս կարող են միմյանց թշնամի Հնդկաստանն ու Պակիստանը համագործակցել ՀՇԿ-ում:

- Ե՛վ Հնդկաստանը, և՛ Պակիստանը բախվում են ահաբեկչության, անջատողականության և ծայրահեղականության խնդիրներին: ՀՇԿ մտնելը դրական քայլ կլինի նրանց ներքին անվտանգության համար, ինչպես նաև կընդլայնի ահաբեկչության դեմ պայքարի ցանցը: Ինչպես հաղորդում է «Սինհուա» չինական լրատվական գործակալությունը, Հնդկաստանի ու Պակիստանի միացման կապակցությամբ ՀՇԿ-ն կկարողանա առավել էական դեր խաղալ տնտեսության մեջ:

Բացի այդ՝ ՉԺՀ նախագահ Սի Ծինփինն առաջարկում է «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնությունը (նոր Մետաքսի ճանապարհը), որն արդյունավետ կերպով կարող է կապվել Հնդկաստանի զարգացման ծրագրերի հետ: Պուտինն ու Սի Ծինփինը պայմանավորվել են Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտին և Եվրասիական տնտեսական միությունը համադրելու անհրաժեշտության մասին: ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչ Հուա Չունյինը նման կոորդինացիան բնութագրել է որպես կարևոր ռազմավարական միջոց տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը բարձրացնելու և ընդհանուր բարգավաճման հասնելու համար:

 Հնդկաստանի անդամությունը հավանաբար կնվազեցնի կազմակերպության հասցեին հնչած քննադատությունն առ այն, որ պետությունների այս խմբավորումը ոչ այնքան սիրով է վերաբերվում արևմտյան աշխարհակարգին: Հնդկաստանի լիիրավ անդամ դառնալը մեղմացնում է նաև այն մտահոգությունները, թե ՀՇԿ-ն կդառնա «ՆԱՏՕ՝ Ռուսաստանի գլխավորությամբ»:

- Ինչպիսի՞ խնդիրներ կան ՀՇԿ-ում:

- Կան որոշ խնդիրներ, օրինակ՝ լեզվի գործոնը: Մինչև հիմա կազմակերպության պաշտոնական լեզուներն էին ռուսերենն ու չինարենը, սակայն ո՛չ Հնդկաստանը, ո՛չ Պակիստանն այս լեզուներով չեն խոսում: Բացի այդ՝ այժմ, երբ Իրանի վրայից հանվել են պատժամիջոցները, հնարավորություն է ստեղծվել, որ այն միանա ՀՇԿ-ին: Ներկա պահին Իրանն այստեղ դիտորդի կարգավիճակ ունի: Բացի այդ՝ պարզ չէ, թե ինչպես է Հնդկաստանը մասնակցելու ահաբեկչության դեմ պայքարի և հետախուզական տեղեկատվության փոխանակման ՀՇԿ գործող մեխանիզմներին: Սակայն մի բան պարզ է, որ Հնդկաստանը մեծ նշանակություն կունենա տարածաշրջանային անվտանգության համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: