ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսլամիստ-ահաբեկիչների գործողությունները միայն քրիստոնյա աշխարհի դեմ չեն ուղղված

Դեռ Բրյուսելում ահաբեկչության շոկը չէր վերացել, և ահա նոր ահաբեկչություն, այս անգամ՝ Արևելքում: Հիշեցնենք, որ մարտի 27-ին Պակիստանի Փենջաբ նահանգի Լահոր քաղաքի Գուլշան-ի-Ակբար զբոսայգում Յուսուֆ անունով մահապարտը պայթեցրեց իրեն, ինչի արդյունքում զոհվել է 75 մարդ, ավելի քան 300-ը վիրավորվել են, որոնց մեծ մասը կանայք ու երեխաներ են: Ահաբեկչության համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Ջամաաթ-ուլ-Ահրար» խմբավորումը (ըստ նրա առաջնորդի, իրենք հավանություն են տալիս ԻՊ-ի գործողություններին), որը 2014-ի օգոստոսին հեռացել է «Պակիստանի թալիբների շարժումից»: Ահաբեկիչները պաշտոնապես ԻՊ-ի հետ կապ չունեն, սակայն գործում են նրանց սխեմայով և նույն մեթոդներով:

Հաղորդվել է, որ ահաբեկչության թիրախը եղել են քրիստոնյաները, որոնք այդ օրը կաթոլիկական Զատիկ էին նշում, մինչդեռ դրանից մի քանի օր առաջ Հռոմի Պապը մուսուլմանների ոտքերն էր լվանում՝ ասելով, որ «մենք եղբայրներ ենք»:

Լահորում արյունալի ահաբեկչությունը պաշտոնապես դատապարտել և իրենց ցավակցությունն են հայտնել Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իրանը, Վատիկանը, Ֆրանսիան, Կանադան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան:

Վերջին երեք տարում Պակիստանում թալիբների կազմակերպած ահաբեկչությունները բազմաթիվ մարդկանց կյանք են խլել: Այսպես, 2013թ. սեպտեմբերի 22-ին Փեշավարում երկու մահապարտ իրենց պայթեցնում են տեղի եկեղեցում, արդյունքում զոհվում է 82 հոգի, վիրավորվում 130-ը:

2014թ. դեկտեմբերի 16-ին, նորից Փեշավարում 9 զինված ահաբեկիչներ ներխուժում են ռազմական ուսումնարան, որտեղ սովորում էին 10-18 տարեկան երեխաներ: Սպանվում է 145 մարդ, վիրավորվում՝ 114-ը: Պատասխանատվությունն իր վրա է վերցնում Թեհրիկ-է Թալիբան խմբավորումը՝ հայտարարելով, որ այս կոտորածն իրենց վրեժն է Հյուսիսային Վազիրիստանում պակիստանյան բանակի ռազմական գործողություններին: Հենց հաջորդ օրը Պակիստանի կառավարությունը վերացնում է մահապատժի մորատորիումն ահաբեկչության համար դատապարտված անձանց առնչությամբ:

 Իսկ հնարավո՞ր էր այս ամենը կանխել: Կարող ենք ասել՝ այո: Թալիբան շարժումը, չնայած իր արմատականությանը, մինչև 2001թ. այնքան էլ տհաճություն չէր պատճառում: Սակայն, երբ ԱՄՆ-ն Աֆղանստանում տապալեց թալիբների ռեժիմը, նրանք տեղափոխվեցին հարևան Պակիստան և իրենց գրաված տարածքը կոչեցին Վազիրիստան Իսլամական Էմիրություն: Տեղի բնակչությունը չբողոքեց, քանի որ այստեղ գերակշռում էին անջատական տրամադրությունները և, բացի այդ, այստեղի ցեղերի էթնիկական կազմը մոտ էր թալիբների էթնոսին: Մինչև հիմա վազիրիստանցիները թալիբների հետ միասին կռվում են Պակիստանի կառավարության դեմ, սակայն ահաբեկչական գործողությունների չեն մասնակցում:

Որոշ քաղաքական գործիչներ կարծիք են հայտնում, թե այս ահաբեկչությունները նշանակում են իսլամական ահաբեկիչների կողմից պատերազմի հայտարարում քրիստոնյա աշխարհին՝ օրինակ բերելով 2015թ. ապրիլին Լիբիայում 30 քրիստոնյաների մահապատիժը, դեկտեմբերին սիրիական Թել-Թամեր քաղաքում ԻՊ-ի ահաբեկչությունը քրիստոնյաների դեմ (20զոհ), 2016թ. փետրվարին նույն շրջանում տեղի 200 քրիստոնյաներին պատանդ վերցնելը և 5 եկեղեցիների ավերումը, մարտի 25-ին Յեմենում կաթոլիկ քահանայի խաչումը և 16 միանձնուհիների սպանությունը:

Չի կարելի ասել, որ իսլամիստների գործողություններն ուղղված են միայն քրիստոնյա աշխարհի դեմ: Չէ՞ որ նրանց կողմից նաև բազմաթիվ մուսուլմաններ են սպանվել և բազմաթիվ պատմական հուշարձաններ են ոչնչացվել: Խոսքն այստեղ հնագույն քաղաքակրթությունների վերացման և համաշխարհային տիրապետության մասին է: Իսկ դա թույլ չտալու համար անհրաժեշտ է ահաբեկչության դեմ միասնական և համախմբված պայքար աշխարհի բոլոր ուժերի կողմից՝ անկախ կրոնից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: