ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերժ Սարգսյան. Ռազմական գործողությունների շարունակման դեպքում ՀՀ-ն կճանաչի Ղարաբաղի անկախությունը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ՝ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվություն փոխանցելու, ինչպես նաև իրավիճակին համարժեք լուծումներ գտնելու ճանապարհները քննարկելու նպատակով:

Բացման խոսքում նա նշել է.

«Շնորհակալ եմ իմ հրավերին արագ արձագանքելու և այստեղ ներկա գտնվելու համար: Վստահ եմ, որ բոլորդ տեղեկացված եք Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում ստեղծված իրավիճակի մասին: ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպաններին այստեղ հրավիրելու նպատակը ձեզ առաջին ձեռքից տեղեկատվություն փոխանցելն է, ինչպես նաև ստեղծված իրավիճակին համարժեք լուծումներ գտնելու ճանապարհները քննարկելը:

Ինչպես գիտեք, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ժամը 3-ի սահմաններում ադրբեջանական կողմը նախապես մշակված սցենարով դիմել է աննախադեպ սադրանքի Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ իրականացնելով լայնածավալ մարտական գործողություններ, կիրառելով սպառազինությունների ողջ համալիրն, այդ թվում՝ զրահատեխնիկա, ծանր հրետանի և օդուժ:

Գործողությունների առաջին իսկ ժամերից հակառակորդի թիրախ են դարձել նաև քաղաքացիական անձինք: Իրենց դպրոցի բակում զոհվել և ծանր վիրավորվել են երեխաներ: Իրենց տներում վայրագաբար սպանվել են տարեց մարդիկ` խաղաղ բնակիչներ, այդ թվում 92-ամյա բնակչուհի: Եվ դա արել է, այսպես կոչված, Ադրբեջանի դիվերսիոն հետախուզական խումբը, որովհետև Ադրբեջանի զորատեսակները որևէ բնակավայր չեն մտել: Ճիշտ է, այդ խումբը դեպքից անմիջապես հետո ոչնչացվել է, բայց փաստը մնում է փաստ: Այդ կադրերը երեկ հայտնվեցին նաև լրատվամիջոցներում. նայեք այդ կադրերը ու համադրեք դրանք «հանդուրժողականության կղզյակ Ադրբեջանի կազմում» Ղարաբաղի ժողովրդի իրավունքները պաշտպանելու մասին հարևան պետության ղեկավարի պարբերաբար հնչեցվող խոսքերի հետ:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ իրավիճակը վերցնել հսկողության տակ:

Նման մասշտաբի գործողություններ չի գրանցվել 1994 թվականի զինադադարի հաստատումից ի վեր: Հարձակողական սադրիչ գործողություններն ադրբեջանական կողմից վերսկսվել են հաջորդ օրն առավոտյան և շարունակվում են մինչև այս պահը: Ադրբեջանը շարունակում է թիրախավորել խաղաղ բնակչությանը` օգտագործելով հրթիռահրետանային կայանքներ և հրանոթներ: Այսպես կոչված «միակողմանի զինադադարի» հայտարարումից հետո Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի ուղղությամբ աշխատել է Ադրբեջանի հրետանին:

Հայաստանի Հանրապետությունը` որպես 1994 թվականի Զինադադարի համաձայնագրի կողմ, շարունակելու է լիարժեքորեն կատարել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման իր պարտավորությունները: Ավելին, ես հրահանգել եմ արտաքին գործերի նախարարությանը՝ աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Եվ այստեղ պետք է նշեմ՝ մեկ անգամ չէ, որ ես հայտարարել եմ, որ եթե, իրոք, ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Մարտական գործողությունների հետագա սաստկացումը կարող է հանգեցնել անկանխատեսելի և անդառնալի հետևանքների՝ ընդհուպ մինչև լայնածավալ պատերազմի: Սա, բնականաբար, կազդի ոչ միայն հարավկովկասյան, այլև եվրոպական տարածաշրջանի անվտանգության ու կայունության վրա:

Ակնհայտ է, որ թե ռազմական գործողությունների դադարեցումը և առհասարակ, հիմնախնդրի խաղաղ կարգավորումը բխում են նաև եվրոպական երկրների շահերից: ԵԱՀԿ-ին՝ որպես Եվրոպայի անվտանգության ապահովման երաշխավորման գործում առանցքային դերակատարություն ունեցող կառույցի, այս հարցում առանձնակի դեր է վերապահված:

Ցավոք, հայկական կողմի բազմաթիվ կոչերն առ այն, որ Ադրբեջանը վաղ թե ուշ գերի է դառնալու հայատյացության իր իսկ հռետորաբանությանն ու նոր զինված արկածախնդրություն է սանձարձակելու, և պետք է հնարավոր միջոցներով զսպել ագրեսորին, չտվեցին ցանկալի արդյունք: Երբ Ադրբեջանը հպարտանում էր մեծաքանակ սպառազինությունների ձեռքբերումներով, միջազգային հանրությունը լուռ էր կամ գրեթե լուռ էր: Երբ ամենաբարձր մակարդակով հայտարարվում էր ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու մասին, միջազգային հանրությունը գրեթե լուռ էր: Երբ Ադրբեջանը վարկաբեկում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը և հրաժարվում վստահության ամրապնդման մեխանիզմներ ստեղծել, միջազգային հանրությունը կրկին լուռ էր, ու այսօր էլ լուռ է, երբ Ադրբեջանը կիրառում է ծանր հրետանի ու գնդակոծում խաղաղ բնակչությանը: Իմիջիայլոց, պետք է ասեմ, որ ընդամենը րոպեներ առաջ առաջին անգամ ադրբեջանական զինված ուժերը կիրառեցին ծանր հրանետ, ռուսերեն բառը օգնեմյոտ է կոչվում, և դրա տիպը, զինատեսակը կոչվում է «Տոս-1»: Իսկ երբ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը հակազդում է իրեն անգամներ գերազանցող Ադրբեջանի բանակին, նրան կոչ են անում «ցուցաբերել զսպվածություն»:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 13%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    29 C°
     
    29°  17° 
    30.04.2024
    29°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: