ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանական արկածախնդրությունը միջազգային իրավունքում մեկ բնորոշում ունի՝ ագրեսիա

Ապրիլի 2-5-ն Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնամասշտաբ ռազմական գործողությունները կամ, այլ կերպ ասած, «քառօրյա պատերազմն» ադրբեջանական հերթական ագրեսիան էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ, ինչը միջազգային հանրության ամենախիստ գնահատականների ու դիրքորոշման կարիքն ունի: Այստեղ արդեն չենք էլ խոսում բարոյական, մարդկային գնահատականի մասին, հարցն այստեղ զուտ իրավական հարթության վրա է: Եվ եթե աշխարհի բոլոր պետությունների համար գործում է միջազգային իրավունքն ու համապատասխան պատասխանատվության ինստիտուտն այն խախտելու համար, ապա ինչո՞վ է առավել կամ բացառիկ Ադրբեջանը: Միամտություն է կարծել, թե Ադրբեջանը չգիտի կամ չի հասկանում այդ ամենը, սակայն միջազգային հանրության թողտվությունը կանաչ լույս է նրա համար, հնարավորություն ու թույլտվություն՝ խախտելու հենց նույն միջազգային հանրության կողմից այնքան մանրակրկիտ կերպով մշակված ու ձևավորած իրավակարգը:

Ի՞նչ էր Ադրբեջանի կողմից սանձազերծած արկածախնդրությունը: Այն միջազգային իրավունքում ունի մեկ բնորոշում՝ ագրեսիա: Իսկ ագրեսիան էլ իր շատ հստակ ու դիպուկ սահմանումն ունի, որ տրված է ՄԱԿ –ի 1974թ. դեկտեմբերի 14-ի N 3314 (XXIX) բանաձևում: Բանաձևի առաջին հոդվածում ասվում է. «Ագրեսիա է մի պետության կողմից զինված ուժի կիրառումը մեկ այլ պետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ»: Նույն հոդվածում պարզաբանվում է, որ «պետություն» եզրույթը տվյալ դեպքում օգտագործվում է չկանխորոշելով ճանաչվածությունը կամ տվյալ պետության՝ ՄԱԿ-ի անդամ հանդիսանալու փաստը: Այս սահմանումից միանշանակորեն բխում է, որ անկախ պետության ճանաչված-չճանաչած լինելուց, մեկ այլ պետության զինված ուժի կիրառումն նրա նկատմամբ, համաձայն միջազգային իրավունքի, ագրեսիա է: Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող:

Իսկ ի՞նչ է այս իրավիճակում պատասխանում Ադրբեջանը: Նրա պատասխանը մեկն է՝ պաշտպանվել է հայկական ագրեսիայից: Սակայն, իրականությունը տեսնելը չափազանց հեշտ է միջազգային հանրության համար, այստեղ, թերևս, միայն ցանկություն է պետք: Այդ չորս օրերի ընթացքում Ադրբեջանի կողմից կիրառած զինտեխնիկայի տեսակների, ծավալների աննախադեպությունը, լայնամասշտաբ գործողությունները և վարձկանների առկայությունը խոսում են այն մասին, որ հակառակորդի կողմից այս գործողությունները բավական երկար և մանրակրկիտ մշակված են եղել: Եվ այդ ամենն այն պատճառով, որ ժամանակին միջազգային հանրությունն անհրաժեշտ գնահատական չի տվել Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի խախտման դեպքերին՝ անընդհատ հավասարության նշան դնելով և խաղաղության կոչ անելով երկու կողմերին:

Կարծում եմ՝ հիմա արդեն հայկական կողմը պիտի խիստ հետևողական լինի այս հարցում՝ առկա ու անհերքելի փաստերը մեկ համապարփակ փաստաթղթում հավաքելով ու միջազգային համապատասխան ատյաններ ներկայացնելով: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որպես միջազգային խաղաղության ու անվտանգության գլխավոր երաշխավոր, համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության 39-րդ հոդվածի (Անվտանգության խորհուրդը որոշում է խաղաղության նկատմամբ ցանկացած սպառնալիքի, խաղաղության խախտման կամ ագրեսիայի ակտի առկայությունը և հանձնարարականներ է ներկայացնում կամ վճռում է, թե համաձայն 41-րդ և 42-րդ հոդվածների, ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման կամ վերականգման համար) պարտավոր է տալ կատարվածի իրավական գնահատականը՝ Ադրբեջանի գործողությունները ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում որակելով որպես ագրեսիա, ագրեսիա թեև չճանաչված, բայց անկախ ու իր անկախությունը բռունցքով պահող Արցախի Հանրապետության նկատմամբ:      

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2024
       
    27.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: