ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի կողմից ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերի շահարկումն անտրամաբանական է

AFP

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ոտնձգությունն ավարտվեց վերջինիս ակնհայտ պարտությամբ: Ադրբեջանը չկարողացավ լուծել իր առջև դրված խնդիրներից և ոչ մեկը՝ կրելով չարդարացված կորուստներ: Ավելին՝ պաշտոնական Բաքուն հերթական անգամ ողջ աշխարհին ներկայացավ իր ագրեսորի կեցվածքով:  

Նման իրավիճակում անգամ Ադրբեջանն ընդգծված կերպով շարունակում է բարձրաձայնել ՄԱԿ ԱԽ-ի 4 բանաձևերի (822 (1993), 853 (1993), 874 (1993) և 884 (1993)) իրականացման պահանջը՝ տպավորություն ստեղծելով, թե հայկական կողմը հրաժարվում է բանաձևերի կատարումից, իսկ Ադրբեջանը հավատարիմ է դրանց:

Եթե մինչ այժմ Ադրբեջանը բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության համար մեղադրում էր Հայաստանին՝ մատնացույց անելով այն հանգամանքը, թե Հայաստանը չի կատարում ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերը, ապա ապրիլյան ագրեսիայից հետո պաշտոնական Բաքուն հանդգնում է հայտարարել, որ նույն ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերի անկատարությունն է ստիպում Ադրբեջանին «ազատագրել իր տարածքները»:

Արդեն երկար տարիներ Ադրբեջանը շահարկում է ՄԱԿ ԱԽ-ի վերոնշյալ բանաձևերը՝ մոռանալով, որ դրանք հստակ պահանջներ են պարունակում նաև Ադրբեջանի համար:

Նշենք, որ ՄԱԿ ԱԽ-ի 4 բանաձևերն ընդունվել են 1993 թվականի ապրիլի 30-ից նոյեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում: Ադրբեջանն ընտրողական մոտեցում է որդեգրել այս բանաձևերի նկատմամբ՝ շեշտը դնելով բանաձևերում առկա 2 պահանջների վրա, որոնցից առաջինը ենթադրում է «օկուպացիոն ուժերի անհապաղ դուրսբերում վերջին շրջանում բռնազավթված ադրբեջանական տարածքներից», իսկ երկրորդը կոչ է անում «կողմերին հետևել միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին և նորմերին… և օգնել փախստականներին և ներքին տեղահանվածներին անվտանգ և արժանապատիվ վերադառնալ իրենց բնակավայրերը»: Ընդ որում, ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերը ՀՀ-ն հակամարտության կողմ չեն դիտարկում՝ կոչ անելով «ՀՀ կառավարությանը օգտագործել ԼՂ շրջանի հայերի նկատմամբ իր ազդեցությունը»: ՄԱԿ ԱԽ բանաձևերը հակամարտությունը բնութագրում են որպես «Ադրբեջանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի միջև» ծավալված խնդիր:

Իրականում ՄԱԿ ԱԽ-ի վերոնշյալ 4 բանաձևերի առաջնահերթ պահանջն է «անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողություններն ու թշնամական ակտերը», առանց որի բանաձևերի մյուս դրույթների իրականացումն ինքնին անհնար է: Ադրբեջանն այս ողջ տարիների ընթացքում իր պատերազմական հռետորաբանությամբ, իսկ հիմա նաև ԼՂՀ-ի դեմ քառօրյա պատերազմով բառացիորեն ոտնահարում է ՄԱԿ ԱԽ-ի 4 բանաձևերի այս հիմնարար պահանջը: Հետևաբար, այսօր Ադրբեջանի կողմից այս բանաձևերի շահարկումն առնվազն անտրամաբանական է: 

Բարձրաձայնելով ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերը կատարելու անհրաժեշտությունը՝ Բաքուն նաև անուղղակի նպատակ է հետապնդում հրաժարվել ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից և հարցի շուրջ քննարկումները տեղափոխել այլ հարթակ, այս դեպքում՝ ՄԱԿ: Չնայած Ադրբեջանի գործադրած ջանքերին՝ նրա նկրտումները, համենայն դեպս, այս պահին, պաշտպանություն չեն գտնում հակամարտության կարգավորմամբ զբաղվող ուժերի և միջազգային կազմակերպությունների կողմից: Բացի այդ, վերոնշյալ բանաձևերում նույն Անվտանգության խորհուրդը իր լիակատար աջակցությունն է հայտնում Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցային գործընթացին:

ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերը ևս մեկ կարևոր պահանջ են պարունակում, որի մասին Ադրբեջանում գերադասում են լռել: Բանաձևերի համաձայն՝ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը «հորդորում է տարածաշրջանի բոլոր պետություններին զերծ մնալ որևէ տեսակի թշնամական գործողություններից և որևէ տեսակի միջամտություններից, որը կհանգեցնի հակամարտության էլ ավելի սրմանը և կխաթարի խաղաղությունն ու անվտանգությանը տարածաշրջանում»: Այս դեպքում Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի ապակառուցողական կեցվածքը որևէ կերպ չի տեղավորվում ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերի տրամաբանության մեջ:

Վերոնշյալ բոլոր փաստերն ապացուցում են, որ հենց Ադրբեջանն է խափանել բոլոր չորս բանաձևերի իրականացումը` չկատարելով դրանցում ամրագրված հիմնական պահանջը: Հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաև մերօրյա իրողությունները՝ արդեն ժամանակն է արձանագրելու, որ այս բանաձևերն այլևս կյանքի իրավունք չունեն: Ինչպես «Արմեդիա» ՏՎԳ-ին տված հարցազրույցում ժամանակին նշել է իրավագետ-միջազգայնագետ Վիգեն Քոչարյանը, «ԼՂ առնչվող ԱԽ բանաձևերն իրենց պատմական առաքելությունը կատարել են»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: