ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անհրաժեշտ է սկսել Թուրքիային Մինսկի խմբից դուրս մղելու գործընթաց

Ապրիլյան քառօրյա պատերազմը յուրահատուկ թեստ էր միջազգային հանրության արձագանքի ստուգման համար: Այս առումով առավել հետաքրքրական էր թերևս ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների (Ֆրանսիա, ՌԴ, ԱՄՆ /համանախագահներ/, Բելառուս, Գերմանիա, Իտալիա, Շվեդիա, Ֆինլանդիա, Թուրքիան, ինչպես նաև Հայաստան և Ադրբեջան) հայտարարությունները, որոնք՝ որպես հակամարտության կարգավորման միջնորդներ, առնվազն պետք է շահագրգռված լինեին իրավիճակի հնարավորինս արագ կարգավորմամբ:

Ինչպես ցույց տվեց իրադարձությունների ընթացքը, Մինսկի խմբի ոչ բոլոր անդամները հանդես եկան ռազմական գործողությունների դադարեցման, լարվածության նվազեցման կոչերով: Ստեղծված իրավիճակում Մինսկի խմբի անդամ հանդիսացող Թուրքիան, ինչպես և կարելի էր սպասել, ամեն կերպ փորձում էր իր աջակցությունը ցույց տալ «կրտսեր եղբորը»: Այս մասին են վկայում թուրքական կողմի հայտարարությունները:

Ապրիլի 2-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի երկայնքով վերսկսած ռազմական գործողությունների հետ կապված տարածած հայտարարությունում Թուրքիայի ԱԳՆ-ն ոչ միայն մեղադրում է Հայաստանին, այլ նաև զգուշացնում, որ քանի դեռ «ադրբեջանական հողերի օկուպացիան» շարունակվում է, նման ռազմական բախումների հավանականությունը կպահպանվի: «Թուրքիան՝ որպես Ղարաբաղյան հակամարտության  կարգավորման համար ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, կշարունակի իր աջակցությունն արդար և երկարատև լուծման ջանքերին՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների շրջանակներում»,- ասված է հայտարարությունում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 4-ին՝ թուրքական «Կարմիր Մահիկ» կազմակերպության խորհրդի նիստում ունեցած ելույթի ընթացքում, անդրադառնալով ռազմական գործողությունների վերսկսմանը, նշել է. «Թուրքիան Ղարաբաղի հարցում մշտապես Ադրբեջանի կողքին է եղել և կշարունակի լինել: Ղարաբաղը մի օր անպայման իր իսկական տիրոջը կվերադարձվի. Ադրբեջանինը կլինի: Ես հավատում եմ դրան»: 

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, իր հերթին, ապրիլի 5-ին «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովի ժամանակ հայտարարել է. «Մենք՝ 78 միլիոն ժողովրդով, Ադրբեջանի հետ ենք ու նրա կողքին ենք լինելու մինչև օկուպացված հողերի հետ գրավելը: Սիրելի Ադրբեջանի ամեն մի զոհը մեր զոհն է: Ողջ աշխարհը պիտի իմանա, որ Թուրքիան մնալու է Ադրբեջանի հետ ուս ուսի տված՝ ընդդեմ Հայաստանի ագրեսիայի»:

Լրագրողների հետ հանդիպմանը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ապրիլի 6-ին հայտարարել է. «Մենք միշտ հստակ ասել ենք, որ ցանկանում ենք րոպե առաջ լուծվի Ղարաբաղի հարցը խաղաղ ճանապարհով և Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»:

Ներկայացված հայտարարություններն Ադրբեջանին ուղղված կոչերի մի մասն են միայն: Ինչպես կարելի է նկատել, թուրքական բարձրաստիճան պաշտոնյաները բացահայտ աջակցություն են հայտնել Ադրբեջանին, հակամարտության կարգավորման սկզբունքներից շեշտել են միայն տարածքային ամբողջականության սկզբունքը և ուղղակիորեն խրախուսել են ռազմական էսկալացիան:

Քառօրյա պատերազմի օրերին Թուրքիան փաստորեն Մինսկի խմբի միակ անդամն էր (Բելառուսի հայտարարությունը ՀՀ ԱԳՆ արձագանքից հետո դարձավ հավասարակշռված), որը բացահայտ միակողմանի աջակցություն հայտնեց հակամարտության կողմ հանդիսացող Ադրբեջանին, ավելին՝ ողջունեց ռազմական գործողությունները՝ փորձելով արդարացնել ռազմական ագրեսիան: Ճիշտ է, ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում միջնորդական հիմնական ջանքերը գործադրվում են համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և ՌԴ կողմից, իսկ ՄԽ մյուս անդամները, հանդես են գալիս ավելի շատ որպես «ֆոնային միջնորդներ», այնուամենայնիվ վերջիններիս որդեգրած կեցվածքը ևս իր ազդեցությունն ունի հակամարտության կարգավորման գործում: Տվյալ պարագայում ծագում է բավական տրամաբանական հարց. միջնորդական պարտավորություն ստանձնած պետությունը, որը հակամարտության էսկալացիայի փուլում փաստացի խրախուսել է ռազմական ագրեսիան, արդյո՞ք պետք է շարունակի մնալ տվյալ միջնորդական ձևաչափում:

Միջնորդության վերաբերյալ բոլոր քաղաքագիտական սահմանումներում որպես հիմնական հիմնական բնորոշիչ սկզբունք կարևորվում է անկողմնակալությունը: Թուրքիայի կողմից անկողմնակալության սկզբունքը ոչ միայն չի պահպանվում, այլ հակառակը՝ իր կողմնակալ վերաբերմունքով Անկարան հարվածում է նաև Մինսկի խմբի՝ որպես միջնորդական ձևաչափի  հեղինակությանը:

Հատկանշական է, որ Թուրքիայի դիրքորոշման ապակառուցողական բնույթն ընկալում են նաև մյուս միջնորդները, ինչի մասին է վկայում թեկուզ այն հանգամանքը, որ որոշ հայտարարություններում կարելի է հանդիպել անուղղակի ակնարկների՝ հակամարտության էսկլացիան չխրախուսելու կոչերի տեսքով: Հաշվի առնելով այդ ընկալման առկայությունն՝ անհրաժեշտ է, որ հայկական կողմն օր առաջ բարձրաձայնի ԵԱՀԿ Մինսկի խմբից Թուրքիայի հեռացման հարցը: Տվյալ պահանջը պետք է բարձրաձայնվի ոչ միայն ՀՀ պետական պաշտոնյաների, ՀՀ դեսպանների կողմից, այլ նաև փորձագիտական շրջանակների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կողմից:

Ինչ վերաբերում է խնդրի իրավական մասին, ապա պետք է նշել, որ այդ տեսանկյունից գործընթացը բավական բարդ է, քանի որ ԵԱՀԿ բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսի սկզբունքով, ինչը, բնականաբար նվազեցնում է Մինսկի խմբի կազմի վերանայման հնարավորությունը: Հարկ է նշել, որ տվյալ դեպքում գործընթացի արդյունավետությունը չպետք է դիտարկել միայն նրա երաշխավորված ելքով: Հայակական կողմը բավական դիվիդենտներ կարող է ստանալ թեկուզ միայն նման գործընթացի մեկնարկով և ընթացքով: Թուրքիային Մինսկի խմբից դուրս մղելու գործընթացի թե՛ մեկնարկը, թե՛ ընթացքն արդեն իսկ բավական ազդեցիկ գործընթաց է, որը չի կարող չփոխել քաղաքական ֆոնը՝ մյուս միջնորդների և միջազգային հանրության ընկալումներում առավել ամրապնդելով այն թեզը, որ Թուրքիան ապակառուցողական ազդեցություն է ունենում հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Անկախ ելքից՝ նման գործընթաց նախաձեռնելով հնարավոր է նախօրոք կանխել հակամարտության կարգավորման վերաբերյալ թուրքական կողմի հնարավոր ադրբեջանամետ առաջարկները, ինչպես նաև վերջ դնել համանախագահության ինստիտուտի հնարավոր փոփոխության դեպքում Թուրքիայի ներգրավման հեռանկարին: Ավելին՝ Թուրքիային ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս մղելու գործընթացը նաև բավական լուրջ հարված է Անկարայի հեղինակությանը, ինչը հետագայում հաշվի կառնվի նաև նրան տարբեր միջնորդական ձևաչափերում ներառելու հնարավորությունը դիտարկելիս:

Քառօրյա պատերազմը մեր դիվանագիտության առջև դրեց հստակ խնդիր՝ արտաքին քաղաքականությամբ ամրագրել ռազմաճակատում ունեցած հաջողությունները: Այս համատեքստում անհրաժեշտ է ցուցաբերել առավելագույն նախաձեռնողականություն՝ առաջնորդվելով ոչ թե 100%-ով երաշխավորված ելք ունենալու, այլ մեր շահերից բխող քաղաքական ֆոն ստեղծելու, թուրք-ադրբեջանական տանդեմին միջազգային պրեսինգի ենթարկելու խնդրով: ԵԱՀԿ Մինսկի խմբից Թուրքիային դուրս մղելու գործընթացը թերևս կարող է դառնալ հայկական կողմի նախաձեռնություններից մեկը, որի դեմ ձեռնարկվելիք հակաքայլերը, բնականաբար, Անկարայից և Բաքվից կպահանջեն հավելյալ ռեսուրսներ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: